Մատչելիության հղումներ

Բացվել է Մուշեղ Գալշոյանի տուն-թանգարանը


Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում բացվել է անցած դարի մեր լավագույն գրողներից մեկի՝ Մուշեղ Գալշոյանի տուն-թանգարանը:

Մեր օրերում ցանկացած թանգարանի բացումը նշանակալի իրադարձություն է: Կրկնակի նշանակալի է Մուշեղ Գալշոյանի տուն-թանգարանի բացումը: Չէ՞ որ նրա վեպերի ու վիպակների, պատմվածքների հերոսներն այնքան հարազատ ու սրտամոտ են հայերիս համար:

Գրողը իր հերոսներին Հայաստան էր բերում պապերի ծննդավայր Սասունից․ նրանք օրնիբուն այստեղ աշխատող, այս հողուջրի մարդիկ են՝ Էրգրի կարոտը սրտներում պահած․․․

Ճիշտ այդպիսին էր նաև ինքը՝ 1980 թվականին, ընդամենը 47 տարեկանում դժբախտ պատահարից իր մահկանացուն կնքած Մուշեղ Գալշոյանը:

Նորաբաց թանգարան-հուշահամալիրում ներկայացված են գրողի անձնական իրերը, գրքերը, ձեռագրերը, լուսանկարներ և այլ մասունքներ: Թանգարանի բացմանը Երևանից հարյուրավոր մարդիկ էին եկել, իսկ տեղաբնակները չէին թաքցնում իրենց հպարտությունը անվանի գրողի հայրենակիցը կամ արյունակիցը լինելու կապակցությամբ:

Գրողի այրին՝ տիկին Ագնեսան «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ թանգարանային այս մեծ համալիրը դեռ 10 տարի առաջ էր կառուցվել՝ այն ժամանակվա վարչապետ, լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ:

«Սա ոչ միայն էս հատվածի ժողովրդի համար է կարևոր, կարևոր է ողջ հայ ժողովրդի համար», - ասաց նա:

Թանգարանի տնօրենը Գալշոյանի դուստրն է՝ Սիրանուշ Գալստյանը: «Ազատության» հետ զրույցում ասաց, որ թանգարանի բացումը եղել է իր կյանքի գերնպատակը: Ի պատասխան «Ազատության» հարցին, թե ինչու ձգձգվեց թանգարան-հուշահամալիրի բացումը, Սիրանուշ Գալստյանը պատասխանեց․ - «Ներքին հարդարանքների մասին էր խոսքը, նաև էքսպոզիցիաների հավաքագրում էր տեղի ունենում: Ինչպես նաև մենք որոշեցինք, արդեն ընտանյոք հանդերձ, թե ինչպիսի ուղղություն պիտի ունենա թանգարանը: Բավականին մտածված քայլ էր սա մեր կողմից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG