Մատչելիության հղումներ

«Մետաքս»-ի մոտ կրակոցների փաստով քրեական գործ է հարուցվել


Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երեկ Էրեբունի վարչական շրջանում հնչած կրակոցների դեպքի առթիվ, որի հետևանքով 4 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, ձեռնարկվում են ակտիվ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է․ - «Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 23։40-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի խոռոչի թափանցող հրազենային վնասվածք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1988 թվականին ծնված Վահագ Գևորգյանը, ով հայտարարել է, որ հրազենային վնասվածք է ստացել «Մետաքսի» մոտ: Հոկտեմբերի 26-ի գիշերը 3 ահազանգ է ստացվել թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1988թ. ծնված Վլադիմիր Գևորգյանը, Արման Ավագյանը, 1984թ. ծնված Արման Սրապիոնյանը։ Վլ. Գևորգյանի մոտ ախտորոշվել է «Հրազենային կրակոց՝ փափուկ հյուսվածքների վնասումով աջ ազդրի շրջանում», Ա. Ավագյանի մոտ՝ «Հրազենային կրակոց՝ աջ ազդրի նստաներվի վնասումով», Ա. Սրապիոնյանի մոտ՝ «ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք»։ Ըստ հայտարարությունների՝ նշված անձինք վնասվածքներն ստացել են «Մետաքսի» մոտ»:

Քննչական կոմիտեն փոխանցում է, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 5 հատ պարկուճ, 7.62 տրամաչափի 1 փամփուշտ, 3 պարկուճ, գնդակների բազմաթիվ մասնիկներ, արյան հետքեր, վերցվել են փորձանմուշներ։

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ («մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից երկու և ավելի անձանց սպանության փորձ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով»), և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք) 1-ին մասի հատկանիշներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG