Մատչելիության հղումներ

logo-print

Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա սահմանադրական հանրաքվեից հետո


Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում ասուլիսի ժամանակ, 26-ը հոկտեմբերի, 2015թ.

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում ասուլիսի ժամանակ, 26-ը հոկտեմբերի, 2015թ.

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ստույգ օրը դեռ հայտնի չէ, Երևանում այսօր հայտարարել է Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Հայաստանում սահմանադրական հանրաքվեից հետո՝ մինչև տարեվերջ, նախագահներ Սարգսյանն ու Ալիևը կհանդիպեն, այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով խմբի մյուս միջնորդների հետ Երևանում է՝ տարածաշրջանային այցի շրջանակում:

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել մոտ մեկ տարի առաջ՝ Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ Փարիզում, թեև դրանից հետո սահմանին գրանցվեց լարվածության աննախադեպ աճ:

«Մենք դեռ չգիտենք, թե որ օրն է կայանալու հանդիպումը, սակայն ցանկանում ենք քննարկել նախագահների հետ հանդիպման օրը: Դեկտեմբերի սկզբին Հայաստանում կայանալու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, կարծում եմ՝ հանդիպումը տեղի կունենա այդ հանրաքվեից հետո, բայց հույս ունեմ՝ մինչև տարվա վերջ: Սա շատ «նեղ պատուհան» է, և հանդիպումը կախված է նախագահների օրակարգից և պատրաստակամությունից: Հաշվի առնելով բռնությունների մակարդակը և հարցերը, որոնք պետք է քննարկվեն, հանդիպման ժամանակը եկել է»,- այսօր Երևանում հայտարարեց Ուորլիքը:

Ամերիկացի դիվանագետը հավելեց՝ երկու նախագահները պարտավորվել են ակտիվացնել երկխոսությունը, ինչպես նաև ակնարկել են, որ ցանկանում են հանդիպել:

Ուորլիքի խոսքով, սահմանային միջադեպերը հետաքննելու մեխանիզմի ստեղծումը քննարկման փուլում է, Բաքուն այն դեռ չի ընդունել, բայց չի էլ մերժել:

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կտրուկ աճից հետո՝ անցած ամսվա վերջին Մինսկի խումբը հայտարարեց.- «Հայաստանը համաձայնել է քննարկել այդ մեխանիզմի դետալները, և մենք կոչ արեցինք Ադրբեջանին նույն կերպ վարվել»:

«Համանախագահների՝ հրապարակավ արված խորհուրդներից մեկն էլ հրադադարի խախտումները հետաքննելու ԵԱՀԿ առաջարկած մեխանիզմի շուրջ քննարկումների վերսկսումն է: Մեխանիզմի հիմնումը որոշ ժամանակ քննարկվել է, այն չի մերժվել Բաքվում: Հույս ունենք, որ մենք կարող ենք այս հարցը բարձրացնել: Սա քննարկման առարկա է, և չեմ կարող որևէ կանխատեսում անել: Մենք նման մեխանիզմի կարիք ունենք»,- ասաց Ուորլիքը։

«Կողմերից ոչ մեկը չի ցանկանում լարվածության աճ»

Ամերիկացի դիվանագետը ուշագրավ հայտարարություն արեց՝ հակամարտության կողմերից ոչ մեկը չի ցանկանում լարվածության աճ:

Այս հայտարարությունն առանձնանում է այն պատճառով, որ հատկապես վերջին տարիներին Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը չի դադարում սպառնալ պատերազմով, եթե ղարաբաղյան բանակցությունները չընթանան իրենց ցանկացած ճանապարհով:

«Երկու տարի առաջ, երբ առաջին անգամ եկա Երևան, կողմերի միջև հիմնական խնդիրը դիպուկահարներն էին: Իհարկե, չեմ թերագնահատում դիպուկահարների վտանգը. նրանք բազմաթիվ կյանքեր խլեցին: Ներկայիս իրավիճակը շատ ավելի վտանգավոր է, կիրառվում են ականանետներ, որոնք հարվածում են նշանակալի հեռավորության վրա և պատճառում են լուրջ վնաս: Որպես հետևանք՝ շփման գծի և միջազգայնորեն ճանաչված սահմանի երկու կողմում էլ մահանում են քաղաքացիական անձինք: Մենք պետք է դադարեցնենք սա: Անկեղծ ասած, կցանկանայի, որպեսզի կողմերը պարտավորվեն չօգտագործել ծանր զինատեսակներ: Նաև ռիսկ կա, որ նման զինատեսակների կիրառման պատճառով լարվածությունը կարող է աճել: Չեմ հավատում, թե կողմերից որևէ մեկը ցանկանում է, որ լարվածության աճ տեղի ունենա կամ հակամարտությունը ընդլայնվի»,- հայտարարեց ամերիկացի համանախագահը։

Օրվա երկրորդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ընդունեց նախագահ Սերժ Սարգսյանը՝ նրանց կոչ անելով հետևողական լինել Հայաստանի հետ սահմանին և Ղարաբաղի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների հետաքննության և դատապարտման գործում: Այսօր ավելի վաղ միջնորդներին ընդունել էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Վաղը համանախագահներին սպասում են Ստեփանակերտում, որից հետո հատելով շփման գիծը՝ նրանք պետք է ժամանեն Բաքու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG