Մատչելիության հղումներ

logo-print

«Ոչինչ չի պատահել», - «Ռուսթավի 2»-ի դատական գործի առնչությամբ պնդում է Վրաստանի ստվերային ղեկավարը համարվող միլիարդատերը:

Ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ապագայի վերաբերյալ դատարանի՝ այսօր սպասվող վճռի նախօրեին Վրաստանի նախկին վարչապետ, ներկայումս՝ իշխող «Վրացական երազանք» դաշինքի փաստացի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կոչ է արել զսպել կրքերը:

«Ոչինչ չի պատահել՝ բացի այդ 2 հազար հոգուց: «Ռուսթավի 2» են տենչում միայն այդ 2 հազար հոգին: Որոշ մարդկանց վճարում են, որոշ մարդիկ ազգականներ են, որոշ մարդիկ՝ ընկերներ, այդ պատճառով էլ տանջվում են: Ոչինչ չի պատահել», - հայտարարել է Իվանիշվիլին՝ նկատի ունենալով բողոքի ակցիաների մասնակիցներին, որոնք այս օրերին Վրաստանի իշխանություններից պահանջում են հեռու մնալ ընդդիմադիր լրատվամիջոցից:

Հիշեցնենք՝ «Ռուսթավի 2»-ի հարցը դատարան հասնելու պատճառը ընկերության նախկին սեփականատեր Կիբար Խալվաշիի հայցն է, որով նա պահանջում է իրեն վերադարձնել 2006 թվականին գնված բաժնետոմսերը: Խալվաշին պնդում է, որ իրականում հեռուստաընկերության բաժնետոմսերն իրենից ոչ թե ձեռք են բերել շուկայական գնով, այլ պարզապես առգրավել են այժմ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրահանգով:

Մինչդեռ վրացական ընդդիմությունն ու հեռուստաընկերության աշխատակիցները համոզված են, որ ընտրություններից մեկ տարի առաջ Խալվաշիի «հայտնությունը» տեղի է ունենում Իվանիշվիլիի ղեկավարած քաղաքական ուժի հրահանգով:

Եվ մինչ այս օրերին Թբիլիսիում բազմամարդ բողոքի ցույցեր են անցկացվում ի պաշտպանություն «Ռուսթավի 2»-ի, Վրաստանի ստվերային ղեկավարը համարվող Իվանիշվիլին հեգնում է՝ այդքան մարդ ցանկացած ընտանիք կարող է հավաքել ցանկացած հոգեհանգստի ժամանակ:

«Ի՞նչ է պատահել, ի՞նչ իրարանցում է, ինչո՞ւ են նախապես նման աժիոտաժ բարձրացրել», - «Իմեդի»-ի եթերում վրդովվել է Բիձինա Իվանիշվիլին:

«Եթե ցանկանում եք, կարող եմ պատասխանել այդ հարցերին», - արձագանքել է նախկին վարչապետի հետ զրուցող լրագրողը՝ շարրունակելով․ - «Դուք երբեք չեք թաքցրել Ձեր բացասական վերաբերմունքն այդ հեռուստաընկերության նկատմամբ, հաճախ եք քննադատել, Ձեր ղեկավարած իշխող կուսակցությունը նույնպես հաճախ քննադատում է, և այդ ամենը նախընտրական այս շրջանում հեռուստաընկերության շուրջ զարգացումների ենթատեքստում կասկածներ է հարուցում, մասնավորապես՝ առ այն, որ Ձեր աջակցությունը վայելող քաղաքական ուժը չի ցանկանում տեսնել մի հեռուստաընկերություն, որի խմբագրական քաղաքականությունը չի համընկնում իր դիրքորոշմանը»:

XS
SM
MD
LG