Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը մեղադրում է Ռուսաստանին Սիրիայում խաղաղ բնակիչների սպանելու մեջ


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է այս մեղադրանքները։

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրում է Ռուսաստանին Սիրիայում ռմբակոծությունների արդյունքում մի քանի տասնյակ խաղաղ բնակիչների սպանելու մեջ։

Կազմակերպության տվյալներով, Սիրիայի հյուսիսում՝ Հոմս շրջանում, զոհվել է 59 խաղաղ բնակիչ, իսկ Ղանթու գյուղի ռմբակոծությունը մեկ գերդաստանի միանգամից 46 ներկայացուցչի կյանք է խլել:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է այս հաղորդագրությունները և պնդում, որ ռմբակոծության են ենթարկվում միայն ահաբեկիչների ռազմական օբյեկտները։

Human Rights Watch-ը, վկայակոչելով Հոմսի բնակիչներին, նշում է, որ ողբերգության օրը՝ հոկտեմբերի 15-ին, ռուսական և սիրիական օդուժը ռմբակոծել են Ղանթու և Տեր Մալեհ գյուղերը։ CNN-ի փոխանցմամբ՝ նշված բնակավայրերը ռմբակոծել են հենց ռուսական օդանավերը։ Ղանթու գյուղում ռմբակոծության տակ է ընկել մի տուն, որտեղ պատսպարվել են Ասաֆ ազգանունով գերդաստանի ներկայացուցչները, և բոլոր 46 զոհվածները խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ 32 երեխա և 12 կին, նշում է Human Rights Watch-ը: Կազմակերպությունը հայտնում է, որ ունի զոհվածների ցուցակը։ Տեղացի մի ակտիվիստ էլ, իր հերթին, հայտնել է, որ ընտանիքի անդամները ռմբակոծության պահին նկուղում էին։

Human Rights Watch-ը նաև ահազանգում է, որ սիրիական բանակի ու ռուսական օդուժի հարձակողական գործողությունները ներկայումս ընթանում են Սիրիայի հյուսիսային շրջանում, որտեղ ապրում են շուրջ 50 հազար խաղաղ բնակիչներ, և նրանց կյանքին լուրջ վտանգ է սպառնում։

Al-Arabia հեռուստաընկերությունն էլ իր կայքէջում հրապարակել է մի հոդված, ըստ որի՝ ռուսական օդուժը հոկտեմբերի 20-ին սիրիական Իդլիբ նահանգում հիվանդանոց է ռմբակոծել, ինչի արդյունքում զոհվել է 13 մարդ։

Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, թե Ռուսաստանը պատրաստ է այսօր համագործակցել Սիրիայի չափավոր, ոչ արմատական ընդդիմության հետ։

Սիրիայի ընդդիմությունը, որին աջակցում է Արևմուտքը, իր հերթին, ի պատասխան ասել է, որ Մոսկվան նախ թող դադարեցնի ռմբակոծությունները։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 30-ից ռուսական օդուժը սկսել է ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում, հայտարարելով, որ պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ռմբակոծությունների թիրախ են միայն ահաբեկիչներն ու նրանց ռազմական նշանակության կառույցները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG