Մատչելիության հղումներ

Տոնավաճառներում և շուկաներում աշխատող առևտրականները էլեկտրաէներգիայի բարձր գնի խոստացված փոխհատուցումից օգտվել չեն կարողանում։

Թեև վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը դեռ մեկ տարի չի անդրադառնա բնակչության 79 տոկոսի և ամսական մինչև 500 կիլովատ էլեկտրաէներգիա օգտագործող փոքր բիզնեսի վրա, սակայն շուկաներում ու տոնավաճառներում աշխատող մանր ձեռներեցները խոստացված փոխհատուցումից օգտվել չեն կարողանում։

Ընդամենը մեկ լամպ կամ փոքրիկ սալօջախ ունեցող կրպակատերերը չեն դիտարկվում որպես առանձին սուբյեկտներ և էլեկտրաէներգիայի համար վճարում են շուկայի սեփականատիրոջը, ով խոշոր սպառող է համարվում։ ՓՄՁ (Փոքր և միջին ձեռնարկատերերի) ասոցիացիայի փոխնախագահ Սամսոն Գրիգորյանը տոնավաճառներից մեկի տարածքում խանութ ունի: Նա էլ է այս ամիս ստիպված եղել բարձր գնով վճարել։

«Օգոստոս ամսվա համար մանր բիզնեսը, որ գործում է շուկաներում, վճարեց 42 դրամով, բայց սեպտեմբեր ամսվա համար մանր բիզնեսին ներկայացվեց արդեն 49 դրամով գումարի հաշիվ։ Պարզվեց, որ նաև օգոստոս ամսվա համար այն ավելացած մասը՝ 6.83 դրամը պարտք ա մնում մանր բիզնեսը։ Այսինքն, դուրս եկավ ինչ, որ շուկաների համար այդ մանր սուբսիդավորումը չեղավ, շուկաներին դա չի վերաբերում: Պատճառաբանվում է էսպես՝ շուկաները մեծ սպառող են և նրանք չեն մտնում էդ սուբսիդավորման տակ, բայց բոլորս, ինչպես գիտենք, շուկաները բաղկացած են մանր բիզնեսից, շուկան իրենով գոյություն չունի, եթե չկան իր մեջ մանր սպառողները»,- ասում է Սամսոն Գրիգորյանը։

Նրա կարծիքով, ամսական մի քանի հազար դրամն էլ մանր բիզնեսի համար կարող է նշանակություն ունենալ, սակայն ավելի կարևոր է այն, որ իրենք չկորցնեն հավատը կառավարության նկատմամբ։ Ասոցիացիան ու «Կասեցում» քաղաքացիական շարժումը պատրաստվում են այս հարցով վարչապետին նամակ հղել։

«Եթե մենք լսում ենք վարչապետի բերանից, որ մանր բիզնեսը սուբսիդավորվում է, ուրեմն մենք սպասում ենք այդ սուբսիդիային, այլապես՝ մանր բիզնեսը նորից իրեն զգում է խաբվածի վիճակում։ Չէր կարող չիմանալ կառավարությունը, մեր կարծիքով՝ դա էնպիսի բան ա, որ բոլորը գիտեն դրա մասին, ուղղակի էսպիսի մի բան ա՝ կանցնի-կանցնի, կստացվի-կստացվի, չէ-չէ։ Հիմա «Կասեցում» քաղաքացիական շարժումը և ՓՄՁ ասոցիացիան համատեղ փորձում են հարցին լուծում գտնել»։

Մալաթիայի տոնավաճառում բոլորովին այլ սակագին է գործում։ Փոքր խանութի սեփականատեր Ծովիկ Մկրտչյանը «Ազատությանը» պատմեց, որ հոսանքի թանկացումից դեռ ամիսներ առաջ իրենք մեկ կիլովատի համար 50 դրամ են վճարել։

«Առաջ 50 էինք մուծում, նոր մի ամիս ա՝ դառել ա 55։ Ոնց որ անհատի տարածք լինի, ու ինքը էդ սակագինն ա դրել, ոնց որ ինքը գնում ա հոսանքը, վաճառում ա մեր վրա։ Ստիպված էստեղ ուղղակի տանում ես օրվա հացի փող, եթե կարողանում ես իհարկե տանես, ոչ մի ուրիշ բանի մասին չես կարողանում մտածել, ոչ մի բան: Էնքան վատ ա վիճակը, որ երեխեքս սաղ դուրս են եկել, մնացել ենք ամուսիններով»,-ասում է առևտրականը։

58-ամյա կինը տարածքը դեռ չի ջեռուցում, չափից ավելի հոսանք չսպառելու համար։ Տոնավաճառում շատերն են էլեկտրաէներգիան խնայողաբար օգտագործում։

«Եթե պլիտա միացնեմ, ես ստեղ մինիմալը առավոտվա 9-ից գալիս եմ, երեկոյան 6-ին գնում եմ, էդ ժամանակահատվածը շատ ա, ու գումարն էլ ահագին տարբերություն ա տալու, դեռ հիմա չեմ օգտագործել, չեմ կարա ասեմ, բայց ահագին կլինի կիլովատտների մեջ»։

Տոնավաճառի մի հատվածում էլ հաշվիչներ ընդհանրապես տեղադրված չեն։ Այստեղ աշխատողները, չնկարահանվելու պայմանով, ասում էին, որ ֆիքսված գումար են վճարում. նախորդ տարիներին շաբաթական 500, հիմա արդեն` 1000 դրամ։

«Չգիտենք, սպառածից ավել, թե պակաս ենք վճարում, բայց ստիպված ենք, որպեսզի մեր տեղը չկորցնենք»,- ասում էին նրանք։ Առանց այդ էլ ներկրման ու հարկման հետ կապված խնդիրներ ունեցող կրպակատերերը նշում էին, որ սա իրենց խնդիրներից հերթականն է, որի լուծումը վարչապետից են ակնկալում։

XS
SM
MD
LG