Մատչելիության հղումներ

Լավրով․ «Ռուսաստանը պատրաստ է աջակցել ոչ միայն Ասադին»


Սերգեյ Լավրով, արխիվ

Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Սիրիայի «հայրենասիրական ընդդիմությանը»: Այս մասին, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Լավրովն ասել է ռուսական հեռուստատեսության եթերում:

Նա նշել է, թե Կրեմլը պատրաստ է օդային աջակցություն տրամադրել «այսպես կոչված Սիրիայի ազատագրական բանակին»՝ հավելելով, որ Ռուսաստանին հրաժարվում են տեղեկություններ տրամադրել այն մասին, թե ամերիկյան գնահատականներով, որտեղ են տեղակայված ահաբեկիչները և որտեղ՝ «հայրենասիրական ընդդիմադիրները»:

«Մենք չենք ուզում հաշվի առնել կոնկրետ միայն Բաշար Ասադի շահերը, կամ միայն ընդդիմության շահերը: Մենք ուզում ենք հաշվի առնել Սիրիայի շահերը»,- ասել է Լավրովը:

Ասադի ռեժիմին ընդդիմադիր ուժ հանդիսացող «Սիրիայի ազատագրական բանակը» վայելում է արևմտյան կոալիցիայի աջակցությունը: Բազմիցս հաղորդվել է, որ այդ «բանակի» զինյալները կորուստներ են կրել այն բանից հետո, երբ ռուսական օդուժը սկսել է ռմբակոծումներ իրականացնել Սիրիայում:

Ռուսաստանը, սակայն, պնդում է, որ Սիրիայում պատերազմում է գլխավորապես «Իսլամական պետության», ինչպես նաև այլ ահաբեկչական խմբավորումների դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG