Մատչելիության հղումներ

logo-print

ՌԴ ԱԳ փոխնախարար. Ռուսաստանը ԼՂ կարգավորման համար զգալի ջանքեր է գործադրում


Ռուսաստանի փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզյա, արխիվ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզյա, արխիվ

Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումին այսօր ռուսական կողմից ներկա ամենաբարձրաստիճան պաշտոնյան՝ փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզյան «Ազատության» հետ ճեպազրույցում անդրադարձավ պնդումներին, թե Ռուսաստանը համարժեք չի արձագանքում հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը։

«Ովքեր այդպես են կարծում, սխալ են։ Նախ Ռուսաստանը չի ցանկանում, որ միջադեպեր տեղի ունենան սահմանին, և ուզում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի բոլորի համար ընդունելի պայմաններում, հնարավորինս արագ, և Ռուսաստանը դրա համար շարունակ զգալի ջանքեր է գործադրում։ Այլ հարց է, որ այդ ջանքերի մասին մենք հաճախ բարձրաձայն չենք խոսում, որովհետև թեման զգայուն է»,- ասաց Նեբենզյան։

Ռուսաստանյան քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, ով հայտնի է որպես Պուտինի վարչակազմին մոտ կանգնած գործիչ, նույն հարցին ի պատասխան կրկին խոսեց փակ դռների ետևում տարվող դիվանագիտական աշխատանքի մասին՝ ավելացնելով, որ անգամ եթե Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, իրեն հայտնի չէ, որ երկու երկրների միջև սպառազինության բալանսը փոխվել է ի նպաստ Ադրբեջանի։

«Ռուսաստանը վաճառելով զինամթերքը կամ սարքավորումներն ու տեխնիկան, բոլորովին չի մոռանում, որ ինքը երաշխավորն է Հայաստանի անվտանգության, և Հայաստանն էլ իր հերթին ստանում է այն ռազմական համակարգերը, որոնք կարող են ապահովել Հայաստանի անվտանգությունը»,- ասաց Միհրանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG