Մատչելիության հղումներ

Իշխանությունները շուրջ երկու ամիս թույլ չեն տվել Հայաստանից մեկնել Իսրայելի քաղաքացիություն ունեցող երիտասարդին


Հայաստանում ծնված, սակայն 2001 թվականից Իսրայելում բնակվող, այդ երկրի զինծառայող Արա Մարտոյանի ընտանիքը հերքում է օտարերկրյա լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, թե արձակուրդի ժամանակ Հայաստան եկած Արային Իսրայել են վերադարձրել այդ երկրի հատուկ ծառայությունները:

Միևնույն ժամանակ, հարազատները պնդում են, թե Հայաստանի իշխանությունները շուրջ երկու ամիս ապօրինաբար արգելել են իրենց զավակին վերադառնալ Իսրայել:

Արայի պապը՝ Զավեն Գևորգյանը, երիտասարդին երեկ է «Զվարթնոց» օդանավակայանից ճանապարհել Իսրայել:

«Ափսոսում եմ, որ երեխան իսկապես հիասթափվեց իր ծննդավայրից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արայի մայրը՝ Անյուտա Գևորգյանը:

Նրա փոխանցմամբ, որդին Իսրայել մեկնելուց ի վեր առաջին անգամ այս տարի որոշել է այցելել Հայաստան: Խնդիրները սկսվել են հենց «Զվարթնոց» օդանավակայանում, ուր մուտքի վիզա են տրամադրել ընդամենը մեկ օրով՝ պահանջելով, որ երիտասարդը ստանա Հայաստանի անձնագիր, քանի որ ծնողները նախկինում եղել են ՀՀ քաղաքացիներ․ քաղաքացիության մասին օրենքի համաձայն՝ «երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»:

Նույն օրը՝ օգոստոսի 25-ին, Արան ու իր պապը Երևանում այցելում են Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ վիզայի ժամկետը երկարաձգելու համար, սակայն, նրանց մերժում են՝ պնդելով, թե երիտասարդը Հայաստանի քաղաքացի է, պետք է այստեղ զինվորական ծառայության անցնի, որպեսզի կարողանա Հայաստանի անձնագիր ստանալ և հատել սահմանը:

«Երբ 2001 թվին մենք դուրս ենք եկել Հայաստանից, Հայաստանում երկքաղաքացիություն գոյություն չուներ: Մենք դուրս ենք եկել քաղաքացիությունից, տղայիս հետ դուրս ենք եկել զինվորական հաշվառումից, ամեն ինչից դուրս ենք եկել․․․ Որովհետև այդ ժամանակ երկքաղաքացիություն չկար, մեզ աերոպորտում՝ հենց Իսրայելում, քաղաքացիություն տվեցին», - պատմեց Անյուտա Գևորգյանը:

Պատմությունն է՛լ ավելի է խճճվել, երբ, հարազատների խոսքով, Հայաստանի պաշտպանության նախարարությունից իրենց հայտնել են, որ Արայի անունը հանվել է զինապարտների ցանկից, որովհետև, երբ լրացել է երիտասարդի 18 տարին, Վարդենիսի զինկոմիսարիատը պարզել է, որ նա ընտանիքով ավելի քան տասը տարի առաջ մեկնել է Իսրայել ու այդ երկրի քաղաքացի է:

Արայի պապին Պաշտպանության նախարարությունում ասել են, որ իրենց հետ «խնդիրներ չունեն», և հարցերը պետք է լուծեն Անձնագրային և վիզաների վարչության հետ, սակայն այստեղ, Զավեն Գևորգյանի պնդմամբ, իրենց ասել են․ - «Վիզա չենք տրամադրում: Պիտի մնա Հայաստանում, ծառայի»:

Ու այդպես մոտ երկու ամիս Անձնագրային և վիզաների վարչության պետ Միշա Սարդարյանը հրաժարվում էր երկարացնել վիզայի ժամկետը:

Արա Մարտոյանի պապը հավելեց, որ չի օգնել անգամ Իսրայելի դեսպանի դիմումը Հայաստանի իշխանություններին:

Դրանից հետո իրենք դիմել են Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:

«Ազատության» հետ զրույցում Փաշինյանը փոխանցեց, որ նախ զանգահարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ով պատասխանել է՝ եթե անգամ Արա Մարտոյանը երկքաղաքացի է, ապա Հայաստանում նա զինապարտ չէ, որովհետև «Զինապարտության մասին» օրենքի 31 հոդվածի համաձայն, օտարերկրյա քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչև Հայաստանի քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում:

Նշենք, որ Արա Մարտոյանը մինչև Հայաստան գալը 2 տարուց ավելի ծառայել է Իսրայելի բանակում:

Այնուհետև, արդեն անցած երկուշաբթի պատգամավորը դիմել է փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին: «Հաջորդ օրը վաղ առավոտյան ինձ զանգահարեց Ոստիկանության պետի տեղակալը և ասաց, որ դատախազության հետ խորհրդակցել են․․․ Ինքը ինձ ասաց, որ՝ կարող եք Մարտոյանների հարազատներին պաշտոնապես հայտնել, որ խնդիրը լուծված է, և այս պահից սկսած ցանկացած պահի Մարտոյանը կարող է լքել Հայաստանի Հանրապետությունը: Ուղղակի խնդրեց, որ մոտենան Անձնագրային և վիզաների վարչության պետին, որպեսզի վիզայի ժամկետը երկարացնի», - փոխանցեց Փաշինյանը:

Թե ինչու է փոխվել Ոստիկանության դիրքորոշումը՝ պարզ չէ: Գերատեսչության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Ազատությանը» փոխանցեցին հետևյալը․ - «Արա Մարտոյանին Հայաստանից դուրս բերելու որևէ հատուկ գործողություն տեղի չի ունեցել: Իսրայելի կառավարությունը դիմել է Հայաստանի իշխանություններին խնդրանքով՝ թույլատրել Մարտոյանին լքել Հայաստանի սահմանները՝ Իսրայելում կիսատ մնացած զինվորական ծառայությունը շարունակելու նպատակով։ Հայաստանի իշխանությունները ընդառաջել են Իսրայելի խնդրանքին և, բարի կամք դրսևորելով, արտոնել են Մարտոյանին լքել Հայաստանի տարածքը»։

Բայց այստեղ հարցեր են առաջանում․ եթե Արա Մարտոյանը Հայաստանի քաղաքացի է ու պետք է ծառայի ՀՀ զինված ուժերում, ինչո՞ւ նրան թույլատրեցին թողնել երկիրը: Իսկ եթե նա Հայաստանի քաղաքացի չէ, ինչո՞ւ էր Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը հրաժարվում երկարաձգել նրա վիզան:

Այս հարցերին Ոստիկանությունից արձագանքեցին, թե ամբողջ գործընթացը կատարվել է օրենքի սահմաններում:

XS
SM
MD
LG