Մատչելիության հղումներ

Սուրիկ Խաչատրյանի կողմը Զաքարյաններին է մեղադրում մարզպետի մերձավորներին ծեծելու մեջ


Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան, արխիվ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան, արխիվ

Դատարանը այսօր հրաժարվեց «Սդղի գյոլ»-ի գործով կրկին կալանավորել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդուն, ով 4 ամիս բանտում մնալուց հետո հոկտեմբերի սկզբին 1 միլիոն դրամ գրավի դիմաց հայտնվեց ազատության մեջ։

25-ամյա Դերենիկ Հակոբյանը մեղադրվում է «Սդղի գյոլ»-ի ծեծկռտուքի ժամանակ աչքի տեսողությունից զրկված Հարություն Զաքարյանի եղբորը՝ Մուշեղ Զաքարյանին հարվածելու մեջ։ Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր նրա խափանման միջոցը փոխելու առաջին ատյանի դատարանի որոշումը՝ մտահոգություն հայտնելով, որ Հակոբյանը կարող է ազատության մեջ լինելով խանգարել նախաքննությանը, անօրինական ազդեցություն ունենալ վկաների վրա։ Բայց Վերաքննիչ դատարան չընդունեց այս փաստարկները։

Ավելին՝ Դերենիկ Հակոբյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը հայտարարում է, որ նրան 4 ամիս ապօրինի են պահել կալանքի տակ, երիտասարդը ոչինչ չի արել, Զաքարյան եղբայրներն են նրան ծեծել։

«Դերենիկ Հակոբյանը ուղղակի իջել է, որ Շահումին Զաքարյանները ծեծի էին ենթարկել, պաշտպանի, բաժանի, իրեն են հարվածել, ինքը ևս ունի թեթև մարմնական վնասվածք։ Բախտը բերել է, որ հարվածը ունքին է կպել, ոչ թե աչքին։ Ունքը վնասված է մոտավորապես մի 5սմ, և եզրերը հարթ են՝ բնորոշ ավելի շատ գործիքի, առարկայի հարվածի, քան թե ձեռքի, ոտքի»,- ասաց փաստաբանը։

«Ազատության» ճշտող հարցին՝ այսինքն Զաքարյաննե՞րն են Դերենիկ Հակոբյանին խփել, Մելքոնյանը արձագանքեց.- «Դե հո ինքը իրեն չի խփել, ո՞նց եք պատկերացնում, կարո՞ղ է Դերենիկ Հակոբյանը ինքն իրեն վնաս պատճառեր։ Մյուս մասնակիցները էնքան էին իրենց կորցրել, որ իրենց համախոհի՞ն էին վնասվածք պատճառում»։

Փաստաբանն ասաց՝ Հակոբյանը հակված չէ, որ «Զաքարյանները պատասխան տան իրեն վնասվածք պատճառելու համար»։

«Սդղի գյոլ»-ի գործով այժմ մեղադրվում են մարզպետի 6 մերձավորները, երկուսը բանտում են։ Որդին՝ Հարություն Զաքարյանի աչքը կուրացնելու մեջ մեղադրվող 20-ամյա Տիգրան Խաչատրյանը, շաբաթներ առաջ ամբողջովին ազատվեց քրեական պատասխանատվությունից՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Տուժած Զաքարյան եղբայրների հոր՝ Գագիկ Զաքարյանի սպասելիքներն այդպես էլ չարդարացան, որևէ այլ հոդվածով մեղադրանք Տիգրանին մինչ օրս չի առաջադրվել։ Ավելին, մարզպետի մերձավորների պաշտպան Արմեն Մելքոնյանն այսօր «Սդղի գյոլ»-ի ողջ ծեծկռտուքի մեջ մեղադրում է հենց Զաքարյան եղբայրներին՝ Հարությունին և Մուշեղին։

«Զաքարյաններին կոնկրետ հարվածել է Յուրի Մանուչարյանը, ում որ ծեծել են ի սկզբանե։ Գիտե՞ք՝ վիճաբանությունը ինչից է առաջացել. որ Յուրի Մանուչարյանը իրենց մոտ հանդգնել է մեքենայի միջից ձայնային ազդանշան տալ։ Դրա համար երկու եղբայրները ծեծի են ենթարկել Յուրի Մանուչարյանին»։

Փաստաբանը հաստատեց, որ մարզպետ Խաչատրյանը միջադեպի օրը հանդիպել է եղբայրներին, ավելին՝ գործով հարցաքննվել է որպես վկա.- «Այո, ուղղակի խոսել է, թե ինչո՞ւ եք ավելորդ լարում ստեղծում, էս ի՞նչ է նշանակում։ Հարցաքննվել է, էն, ինչ եղել է, ասել է, նույնը ասել են նաև Զաքարյանները։ Սուրիկ Խաչատրյանը ի՞նչ է արել որ՝ մարդկանց ուղղակի կոչ է արել՝ իրար մի կերեք, իրար հետ կռիվ մի արեք։ Դա հանցագործությո՞ւն է»։

Զաքարյանների ընտանիքը չի պատասխանում զանգերին։ Իրավապաշտպանները պատահական չեն համարում տուժած եղբայրների հասցեին փաստաբանի մեղադրանքները։

«Նրան հուշել են, թե ինչ պիտի ասի և ինչպես պիտի ասի։ Ես չեմ զարմանա, որ քրեական գործ հարուցվի Զաքարյանների դեմ։ Սա Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Աղվան Հովսեփյանի գործելաոճի տրամաբանության մեջ է տեղավորվում ամբողջությամբ։ Արդեն իրավապահ համակարգի մոտ Սյունիքի մարզպետին պաշտպանելու գործընթացը մոլուցքի է վերածվել, այսինքն՝ ծայրահեղ քայլերի են դիմում, որ եթե պետք լինի՝ Զաքարյանների դեմ քրեական գործ կհարուցեն, որպեսզի նրանք լռեն ընդմիշտ։ Վախեցնեն, որ ձեզ ծեծելու են, սպանելու են, բայց դուք պետք է լռեք, քանի որ դա Սյունիքի մարզպետի կողմն է անում։ Սա պատժի քաղաքականությունն է. ով բողոքում է՝ պետք է պատժվի»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։

«Սդղի գյոլ»-ի գործով նախաքննությունը մոտենում է ավարտին, և գործը շուտով կուղարկվի դատարան։

XS
SM
MD
LG