Մատչելիության հղումներ

Դեսպան Միլս․ Անհրաժեշտ է ընդլայնել սահմանադրական փոփոխությունների շուրջ բանավեճը


Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը «Ազատության» ստուդիայում: 16-ը սեպտեմբերի, 2015թ․
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը «Ազատության» ստուդիայում: 16-ը սեպտեմբերի, 2015թ․

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանն ընդգծեց, որ դա թույլ կտա, որպեսզի «սա լինի լեգիտիմ Սահմանադրություն` անկախ հանրաքվեի արդյունքներից»։

Պաշտոնական Վաշինգտոնը, ինչպես այսօր հայտարարեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը, կոչ է անում Հայաստանի իշխանություններին սահմանադրական փոփոխությունների շուրջ բանավեճն անցկացնել բաց ու թափանցիկ` կողմերին տալով հավասար հնարավորություններ:

Միացյալ Նահանգների դիրքորոշումը, ըստ Միլսի, հետևյալն է՝ Հայաստանի ժողովուրդը պետք է կայացնի որոշումը` արդյո՞ք անհրաժեշտ է փոխել, կամ ինչպե՞ս պետք է փոխել Սահմանադրությունը․ - «ԱՄՆ-ը, որպես Հայաստանի բարեկամ, հավատացած է, որ որոշումը պետք է լինի բաց բանավեճի արդյունքում: Հանրությունը պետք է հնարավորություն ունենա հարցեր տալ, հնչեցնել իր մտահոգությունները, որպեսզի մարդիկ կարողանան կշռադատված որոշում կայացնել»։

Դեսպան Միլսը, այսօր մասնակցելով Եվրոպայում անվտանգության և համագործակցության գրասենյակի (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպած միջոցառմանը, ընդգծեց, որ փորձագիտական շրջանակներում կա բանավեճ, սակայն «անհրաժեշտ է, որ այն ընդլայնվի»․ - «Քննարկումները ժողովրդի հետ պարտադիր են և անհրաժեշտ, որպեսզի հետագա քայլերն ընթանան։ Նրանք, ովքեր դեմ են այս նախագծին, պետք է նույնքան հնարավորություն ունենան հայտնելու իրենց կարծիքները հատկապես հեռարձակվող լրատվամիջոցներում, որոնք լայն տարածում և մեծ ազդեցություն ունեն Հայաստանում: Շատ կարևոր է, որ սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասողների ձայները լսելի լինեն նույնքան, որքան «այո» ասողներինը»:

Ռիչարդ Միլսը նախագծի վերաբերյալ գնահատական չհնչեցրեց:

Իսկ ահա խորհրդաժողովին մասնակցող մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ընդգծեց, որ նախագծում անընդունելի մի շարք դրույթներ կան նաև իր համար:

Օմբուդսմենն ասաց, որ Սերժ Սարգսյանի հավանությանն արժանացած ու հանրաքվեի դրված փաստաթղթում ակնհայտ դրական զարգացումներ կան․ - «Հասարակության հետ լինենք անկեղծ, և այն բոլոր կետերը, որոնք իսկապես անդառնալի կամ վտանգավոր չեն փոխում իրավիճակը, դրանց մասին չփորձենք ավելորդ կոպիաներ տարածել հասարակության մեջ»:

Կարեն Անդրեասյանը հրաժարվում է միանալ սահմանադրական փոփոխությունները պաշտպանող կամ քննադատող խմբերին: «Ոչ»-ի ճամբարին, սակայն, խորհուրդ տվեց քարորզարշավի ընթացքում չքննադատել մարդու իրավունքներին առնչվող գլուխները:

«Սարսափով եմ պատկերացնում, թե ինչպիսի արձագանք կարող է լինել իմ ամենաքաղաքական այս ելույթին», - եզրափակեց Անդրեասյանը:

Համաժողովին ներկա փաստաբաններն ու իրավապաշտպանները օմբուդսմենին հակադարձեցին՝ պնդելով, թե ժողովրդավարությանը հակասող լուրջ հետընթաց առկա է նախագծի հատկապես մարդու իրավունքներին առնչվող գլուխներում:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը օմբուդսմենին հիշեցրեց, որ մարդու իրավունքների պաշտպանության գլխավոր երաշխավորը արդարադատությունն է, իսկ հանրաքվեի դրված նախագիծը Արդարադատության խորհրդի և Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրությունը հանձնել է ԱԺ-ում կայուն մեծամասնություն ունեցող քաղաքական ուժին․ - «Այսօրվա իշխող ուժը՝ Հանրապետական կուսակցությունը, միանգամից կհակադրեն, կասեն՝ մենք շատ ուրախ ենք, որ դուք ասում եք՝ մենք ենք ընտրվելու: Այո՛, դո՛ւք եք ընտրվելու, որովհետև դուք տիրապետում եք վարչական ու ֆինանսական բոլոր ռեսուրսներին: Փաստորեն ամենակարևոր ատյանը ընտրվելու է կուսակցության կողմից՝ կայուն կամ որակյալ մեծամասնության կողմից, որ տվյալ դեպքում համընկնելու է իրար»:

Ներկաները հիշատակեցին երեկ Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած գիտխորհուրդի նիստը, որտեղ ելույթ էին ունեցել միայն նախագծի մշակմանը մասնակցած մասնագետները` ներկայացնելով դրա դրական կողմերը:

ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Գևորգ Դանիելյանը, սակայն, այսօր էլ չընդունեց, թե համալսարանում «այո»-ի քարոզչություն է իրականացվել:

XS
SM
MD
LG