Մատչելիության հղումներ

Սահակյանը Վենետիկի հանձնաժողովում խոսեց Սահմանադրության փոփոխությունների մասին


Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը և Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը Վենետիկի հանձնաժողովի նիստի ժամանակ, 23-ը հոկտեմբերի, 2015թ․

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը և Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը Վենետիկի հանձնաժողովի նիստի ժամանակ, 23-ը հոկտեմբերի, 2015թ․

ԱԺ նախագահը վստահեցնում է, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են դեկտեմբերի 6-ի հանրաքվեն պատշաճ մակարդակով անցկացնելու համար:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը այսօր Վենետիկում մասնակցել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նիստին, որի ժամանակ ելույթ է ունեցել՝ ներկայացնելով Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների ընթացքը:

«Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումների ներկայիս գործընթացը, որի սկիզբը դրվեց 2013 թվականին, ձեր իսկ աջակցությամբ ու մասնակցությամբ, հասնում է տրամաբանական ավարտին. այս տարվա դեկտեմբերի 6-ին մեր երկրում անցկացվելու է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե», - ասել է Սահակյանը՝ շարունակելով․ - «Սահմանադրության առաջարկող փոփոխությունները հերթական քայլն են Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների և ազատությունների, ժողովրդավարության հաստատման և իրավական պետության կառուցման շարունակվող գործընթացում: Վստահեցնում եմ, որ դրանց իրագործումը գրեթե անհնար կլիներ առանց Վենետիկի հանձնաժողովի ակտիվ մասնակցության»:

Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ 1995 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը «իշխանակենտրոն» էր՝ «անձնակենտրոն» իշխանական համակարգով․ - «Այդ Սահմանադրության առանցքը ոչ թե մարդն էր՝ իր հիմնական իրավունքներով, այլ Հանրապետության նախագահը՝ իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ իր գերակա դիրքով»:

«2005 թվականին կատարված սահմանադրական բարեփոխումները, կարևոր քայլ լինելով հիմնական իրավունքների երաշխավորման և պառլամենտարիզմի զարգացման ճանապարհին, այդուհանդերձ, չկարողացան ամբողջովին լուծել «մարդակենտրոն» Սահմանադրություն և հավասարակշռված կառավարման համակարգ ստեղծելու խնդիրները: Ուստի ներկայումս առաջարկվող սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակներն են երկրում կայուն ժողովրդավարական համակարգի հաստատումը և իրավական պետության անկյունաքարը հանդիսացող իրավունքի գերակայության երաշխավորումը», - Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Սահակյանը:

Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, նշել է նա, առաջարկում է անփոփոխելի հոդվածների շարքում ավելացնել նաև 3-րդ հոդվածը, որը որպես սահմանադրական կարգավորումների առանցք է դիտարկում մարդուն և նրա արժանապատվությունը: Նախագիծը շեշտում է ընտանիքի՝ որպես հասարակության բնական և հիմնական բջջի հատուկ պաշտպանությունը՝ առաջին անգամ այն ներառելով

Առաջարկվող նախագծում, ասել է Գալուստ Սահակյանը, արմատական վերանայման է ենթարկվել հիմնական իրավունքների սահմանափակումների խնդիրը: «Դա վերաբերում է ինչպես հիմնական իրավունքների սահմանափակման հիմնական ձևի՝ օրենքի վերապահման ամրագրմանը, այնպես էլ սահմանափակումների հիմքերին: Հատուկ կարևորություն ունի նաև սահմանափակումներին ներկայացվող պահանջների հստակեցումը», - ասել է նա:

Ազգային ժողովի նախագահը հատուկ անդրադարձել է կառավարման ձևի փոփոխություններին՝ հայտարարելով․ - «Այս փոփոխությունները, հաշվի առնելով դրանց քաղաքական բնույթը, քաղաքական շրջանակներում ամենաքննարկվածն են: Գործող՝ կիսանախագահական համակարգի բացերին ու թերություններին բազմաթիվ գիտական ատենախոսություններ ու աշխատություններ են նվիրված: Ազգային ժողովում Հանրապետության նախագահի քաղաքական թիմի բացարձակ մեծամասնության առկայության և ներխորհրդարանական հակակշիռների բացակայության պայմաններում մեծանում է քաղաքական մենիշխանության վտանգը: Դա հանգեցնում է նրան, որ բացարձակ է դառնում նախագահական իշխանությունը՝ չունենալով գործուն հակակշիռներ ո՛չ օրենսդիր և ո՛չ էլ գործադիր իշխանության կողմից: Հանրապետության նախագահի գործառույթների ու լիազորությունների միջև ապահովված չէ անհրաժեշտ համամասնականություն, առկա է անհստակություն գործադիր իշխանության գործառութային դերի, իրավասության և պատասխանատվության միջև: Նախագծի 4-6-րդ գլուխները նախատեսում են ժամանակակից խորհրդարանական համակարգ, որը հստակորեն իրականացնում է Ազգային ժողովի և կառավարության միջև իշխանությունների գործառութային բաժանումը, իսկ Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը»:

Նա նշել է, որ առաջարկվող փոփոխություններով առաջին անգամ սահմանվում է նաև Ազգային ժողովի ընտրության 100-տոկոսանոց համամասնական համակարգ:

«Քանի որ խորհրդարանական համակարգում հիմնական քաղաքական բաժանարար գիծը ոչ թե կառավարության և խորհրդարանի, այլ քաղաքական մեծամասնության և խորհրդարանական փոքրամասնության միջև է, նախագիծը խորհրդարանական փոքրամասնությանը վերապահել է իր դերին համարժեք իրավունքներ՝ մասնակցություն ունենալ պետական իշխանության տարբեր մարմինների ձևավորմանը, ստեղծել քննիչ հանձնաժողովներ, զբաղեցնել ղեկավար պաշտոններ Ազգային ժողովում և այլն», - ասել է Սահակյանը՝ շարունակելով․ - «Նախագծում դատական իշխանությանը վերաբերող կարգավորումները նպատակ ունեն ներդնել դատական իշխանության և դատավորի լիարժեք անկախությունը երաշխավորող կառուցակարգեր, բարձրացնել դատական իշխանության ինքնուրույնությունը և ինքնակառավարման արդյունավետությունը, ինչպես նաև հստակեցնել Սահմանադրական դատարանի կարգավիճակի և գործառույթների հետ կապված խնդիրները»:

«Մենք ուրախության ու հպարտության զգացում ենք ապրում, քանի որ առաջարկվող փոփոխությունները Վենետիկի հանձնաժողովի նախնական կարծիքներում արժանացել են դրվատանքի ու գովասանքի խոսքերի, համապատասխանող համարվել ժամանակակից եվրոպական չափորոշիչներին», - նշել է Ազգային ժողովի նախագահը և հավաստիացրել, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն պատշաճ մակարդակով անցկացնելու համար:

«Համոզված եմ, որ Վենետիկի հանձնաժողովի աջակցությունը կունենանք նաև Սահմանադրության փոփոխություններից հետո նախատեսվող օրենսդրական փոփոխությունների հարցում», - ասել է Գալուստ Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG