Մատչելիության հղումներ

Օձունում փոքր բիզնեսով զբաղվողները «օրենքի կողմից անպաշտպան են»


Օձունի խանութներից մեկի սեփականատերը ցույց է տալիս մինչև 5000 դոլարի հասնող պարտքերի ցուցակը:

Օձունի խանութներից մեկի սեփականատերը ցույց է տալիս մինչև 5000 դոլարի հասնող պարտքերի ցուցակը:

Լոռու մարզի մեծությամբ երկրորդ գյուղից՝ Օձունից ևս արտագաղթում են: Դրա հիմնական պատճառը, ըստ գյուղացիների, «կառավարության վերաբերմունքն է» և «ամենաթողության վիճակը»:

Գյուղական փոքրիկ խանութի սեփականատեր Անահիտ Վարոսյանը համոզված է՝ մանր բիզնեսը Հայաստանում անպաշտպան է թե՛ օրենքի և թե՛ այն կիրառողների կողմից։ Լոռու մարզի մեծությամբ երկրորդ գյուղում՝ Օձունում ավելի քան 10 տարի գործող այս մթերային խանութն այսօր կանգնած է սնանկացման եզրին։

«Ես ցավ եմ ապրում, որ մանր բիզնեսը կործանվում է։ Դեռ պայքարում ենք, բայց... օրենքը չի պաշտպանում մանր բիզնեսի առաջընթացը»,- ասում է տիկին Վարոսյանը։

Փոքրիկ խանութի սեփականատերը վերջին երկու տարիներին տուգանվել է հարկայինի կողմից։ Սնանկացող գործարարը մինչև հիմա չի հասկանում՝ ինչի՞ համար: Երկու տարի անընդմեջ նա ստիպված է եղել վճարել 165 հազարական դրամի տուգանքը։

«Ես էլ գլխի չընկա՝ բանն ինչումն էր, որ տուգանեցին։ Եթե հանրապետությունով մեկ ման գաս ու, ասենք, որևէ մեկը օրենքով էր աշխատում ու ես հանկարծ օրենքից դուրս ինչ-որ բան էի անում, այ դա ուրիշ: Բայց տուգանվեցի, չգիտեմ։ Ասավ՝ հերթական ստուգում ենք անցկացնում, հետո բանից պարզվեց, որ տուգանք եկավ ինձ վրա։ Անզոր ենք որևէ բան անելու»,- «Ազատության» հետ զրույցում պատմում է խանութի սեփականատերը։

Էլեկտրաէներգիայի թանկացումն էլ իր հերթին է խորացրել մանր բիզնեով զբաղվող կնոջ ֆինանսական դժվարությունները։ Յուրաքանչյուր սառնարանի համար ամսական ծախսն ավելացել է 4000 դրամով։ Ասում է՝ մեծ գումար է մինչև 5 հազար դոլարի պարտքի ցուցակ ունեցող խանութ ունեցողի համար։

Գյուղի կենտրոնում գործող, այլ՝ քիչ ավելի մեծ խանութի տերերն էլ էին դժգոհում, թե ապառիկի ցուցակները չեն նոսրանում։ «Վառել ենք, պեչկն ենք գցել, վառել ենք, այսինքն, փողն էլ ենք հեչ արել, մենակ թե չտենանք էդքան գրածը»։

Առևտրով զբաղվող գյուղացիները, գնորդների սոցիալական վիճակից ելնելով, ասում են՝ բիզնեսն ընդլայնելու հույսը չի մեծանում։ «Բոլոր տարիներին շարժ զգացվելա, բայց հիմա՝ չէ...»:

65-ամյա Ռոբերտ Դավթյանը Օձունում շինարարի աշխատանքով է վաստակում։ Ասում է՝ շինարարի գործն էլ գյուղում փող չի բերում։ Պատվիրատուները քիչ են։ Մեր զրույցի պահին համագյուղացու փոքրիկ ծաղկի կրպակն էր վերանորոգում։ Ամբողջ օրը գործ կանի՝ միայն հացի փող տուն կտանի։ «Միայն վերանորոգում են, նորից կառուցող չկա։ Մեկը սվաղ ա անում, մեկը պատուհան ա փոխում... ամսվա մեջ մի 10 օր...»,- ասում է Դավթյանը:

Ժամանակին զարգացած արդյունաբերություն ունեցած գյուղում այսօր խճճվել են. «Քաղաք չի՝ արդյունաբերություն չունի, գյուղ չի՝ գյուղատնտեսություն չունի»։

Գյուղապետ Արսեն Տիտանյանը գիտի, թե ինչու։ «Հողերը 3 կմ հեռու են գյուղից։ Հիմա հին արդյունաբերությունից ոչինչ չի մնացել...»,- ասում է գյուղապետը, այդուհանդերձ, մատնանշելով՝ գյուղի համար վերջին տարիներին շատ բան է արվել. պետական բյուջեի հաշվին գյուղի կենտրոնով անցնող միջգյուղական ճանապարհը վերակառուցվում է։ Վստահեցնում է նաև, թե իր ընտրվելուց հետո, անցած 4 տարիներին, մեկ միլիարդ 300 միլիոն դրամի աշխատանք է կատարվել գյուղում։

Բայց պաշտոնական այս թվերը գյուղացիներից քչերին են հետ պահում արտագաղթելու ցանկությունից։ «... Շատերը գնում են լռվում, հետ չեն գալիս, ընտանիքներ են քայքայվում»։

Եզեկ Աղվանյանը թեև գյուղում ալրաղաց ունի, բայց ավտոմեխանիկի իր արհեստով ամռանը Ռուսաստանում էր աշխատանք գտել։ Մեկուկես ամիս այնտեղ աշխատելուց հետո, սակայն, ստիպված վերադարձել է. արժեզրկված ռուբլին այլևս տուն պահելու միջոց չէ։

«Առաջին անգամ էր, որ գնացել էի, մի անգամ էլ էի գնացել, բայց ընդով հիմնական նպատակ չէի սարքել, որ գնամ՝ մնամ: Բայց էս անգամ նպատակով էի գնացել, որ մնամ, Հայաստան չգամ էլ, գոնե մինչև կենսաթոշակի տարիք։ Եվ իմ արտագաղթելու հիմնական պատճառը մեր կառավարության վերաբերմունքն է։ Այսինքն՝ էն ամենաթողության վիճակը, որ տենում ես, որ մարդը մարդ ա սպանում ու արխային ման գալի։ Մեր միլիցիան ինչի՞ համար ա, ընդամենը՝ մեզ կեղեքելու, քո վրա գործ սարքելու։ Մեր գային մեր վրա ակտ գրելու համար ա։ Նրա նպատակը երթևեկությունը կարգավորելը չի, նրա նպատակը մեզ թալանելն ա»,- դժգոհում է Եզեկ Աղվանյանը։

Մինչ վերջինս գյուղից հեռանալու փորձեր է անում, տեր Վրթանես քահանա Բաղալյանն իր ընտանիքով 9 տարի առաջ է Օձուն տեղափոխվել՝ որպես հոգևոր հովիվ։ Նա նշում է այստեղ ապրելու առավելությունները, բայց և շեշտում մի բան, որ աչքից չի վրիպել թե՛ քաղաքում, թե՛ գյուղում։

«Սոցիալական խնդիրներ միշտ են եղել, բայց Հայաստանում հաճախ սոցիալական արդարության խնդիր կա։ Երբ մի պաշտոնյա կարծում է՝ իրեն ամեն ինչ կարելի է...»,- ասում է հոգևորականը:

XS
SM
MD
LG