Մատչելիության հղումներ

Նախագահը գովաբանեց Սահմանադրության նախագիծը МГИМО-ի ֆորումի բացմանը


Նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների մասին այսօր էլ խոսեց Երևանում անցկացվող Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի՝ МГИМО-ի ֆորումի բացմանը՝ պնդելով, որ նոր Սահմանադրությամբ կբարելավվի մարդու իրավունքների և ազատության պաշտպանությունը, կհավասարակշռվեն իշխանության ինստիտուտների լիազորությունները, կուժեղանա ընդդիմության ինստիտուցիոնալ դերը։

Հիմնականում Ռուսաստանից ժամանած տասնյակ հյուրեր առջև Հայաստանի նախագահը ելույթ ունեցավ ռուսաց լեզվով.- «Արդեն դեկտեմբերի 6-ին տեղի կունենա հանրաքվեն։ Գործող Սահմանադրության փոփոխությունները ենթադրում են կիսանախագահականից անցում խորհրդարանական կառավարման մոդելի՝ խորհրդարանական ընտրություններն ամբողջովին տեղափոխելով համամասնական ընտրակարգի»։

Սահմանադրական փոփոխություններից բացի Սերժ Սարգսյանը անդրադարձավ նաև Հայաստանի արտաքին քաղաքական հարցերին։ Խոսեց հայ-ռուսական սերտ համագործակցության ու բարեկամության մասին՝ նշելով, որ համագործակցությունն ամրապնդվում է նաև Եվրասիական տնտեսական միության ներսում։

Կրեմլի նախաձեռնած դաշինքին, սակայն, Սարգսյանն այլևս չանդրադաձավ։ Փոխարենը ավելի մանրամասն խոսեց Հայաստանի ու Եվրամիության համագործակցության մասին՝ նշելով, որ օրերս Հայաստանի հետ նոր իրավական հիմքի շուրջ բանակցելու մանդատ է տրվել։

«Մենք շարունակում ենք ակտիվ համագործակցությունը մեր արևմտյան գործընկերների հետ, որոնց ակտիվ աջակցությամբ արդեն երկար տարիներ անցկացնում ենք լայնամասշտաբ բարեփոխումներ՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների կատարելագործմանը, օրենքի գերակայության ապահովմանը, երկրի կառավարման գործում քաղաքացիական հասարակության դերի բարձրացմանը»,- ասաց Հայաստանի նախագահը։

Հիմնականում Ռուսաստանից ժամանած լսարանի առջև իր ելույթում Եվրասիական տնտեսական միությանը մեկ նախադասությամբ անդրադարձավ նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Շատ փորձագետներ ասում են՝ պարզելու համար, թե որքանով է շահում որևէ երկիր այս կամ այլ տնտեսական միության միանալիս, նաև հարկավոր պարզել՝ ի՞նչ կկորցներ այդ երկիրը, եթե չանդամակցեր տվյալ միությանը լրացուցիչ տնտեսական հնարավորությունների տեսանկյունից»,- ասաց Նալբանդյանը։

XS
SM
MD
LG