Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոն․ «Մենք չենք կարող հրաժարվել պատասխանատվությունից»


ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ելույթ է ունենում Բենգազիի դեպքերը հետաքննող կոնգրեսական հանձնաժողովում, Վաշինգտոն, 22-ը հոկտեմբերի, 2015թ․
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ելույթ է ունենում Բենգազիի դեպքերը հետաքննող կոնգրեսական հանձնաժողովում, Վաշինգտոն, 22-ը հոկտեմբերի, 2015թ․

Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Կոնգրեսում ցուցմունք է տվել 2012 թվականին Լիբիայի Բենգազի քաղաքում ամերիկյան հյուպատոսության դեմ հարձակման գործով:

Բավական լարված մթնոլորտում Քլինթոնը ելույթ է ունեցել Կոնգրեսի հանձնաժողովում, որն իրականացնում է գործի հետաքննությունը:

Հիշեցնենք՝ 2012-ի սեպտեմբերի 11-ին հարձակման հետևանքով զոհվել են չորս ամերիկացիներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգների դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսը: Վաշինգտոնում անկախ հետաքննող հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ դիվանագիտական կառույցը պատշաճ կերպով չէր հսկվում:

Երեկվա լսումների մեկնարկին արդեն հայտնի էր, որ մթնոլորտը թեժ է լինելու: Կոնգրեսականների սուր հարցերը ստիպել են նախկին պետքարտուղար, իսկ ներկայումս՝ 2016 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու դառնալ ցանկացող Հիլարի Քլինթոնին առավել մանրակրկիտ անդրադառնալ երեք տարվա վաղեմության ողբերգությանը:

2012-ին, երբ լիբիական Բենգազիում ամբոխը հարձակվել էր հյուպատոսության վրա, հենց Քլինթոնն էր զբաղեցնում Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը: Ինչո՞ւ չտարհանվեց դիվանագիտական ներկայացուցչությունը, ինչո՞ւ այն պատշաճ կերպով չէր հսկվում, հնարավո՞ր էր արդյոք ինչ-որ բան անել մարդկանց փրկելու համար․ այս հարցերի պատասխաններն էին փորձում ստանալ հանձնաժողովի ներկայացուցիչները:

«Ես այստեղ եմ՝ վառ պահելու այն չորս տղամարդկանց հիշատակը, ովքեր քաջաբար իրենց կյանքն են վտանգել գործընկերների փրկության համար», - հայտարարել է նախկին պետքարտուղարը՝ շարունակելով․ - «Միացյալ Նահանգները չի կարող կանխել իր քաղաքացիների դեմ ուղղված բոլոր հարձակումները»:

«Նահանջել և թաքնվել արտաքին աշխարհից՝ մեզ համար տարբերակ չէ: Մենք չենք կարող հրաժարվել պատասխանատվությունից», - ընդգծել է Հիլարի Քլինթոնը:

«Ես էի այն անձը, ով խնդրել էր Քրիսին՝ մեկնել Լիբիա և ղեկավարել մեր դիվանագիտական առաքելությունը: Քրիս Սթիվենսը հասկանում էր, որ մենք երբեք չենք կարող կանխել ահաբեկչական բոլոր գործողությունները և որ երբեք չենք հասնի իդեալական անվտանգության: Նա նաև հասկանում էր, որ մենք պետք է համարձակ գտնվենք՝ մեր երկիրը պաշտպանելու և մեր նպատակներին հասնելու համար», - հայտարարել է նախկին պետքարտուղարը:

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ հանձնաժողովի այս լսումները քաղաքական դրդապատճառներ ունեն, և դրանց նպատակը նախագահական ընտրություններից առաջ Քլինթոնին հեղինակազրկելն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG