Մատչելիության հղումներ

Պուտինը քննադատում է ԱՄՆ քաղաքականությունը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում «Վալդայ» ակումբում, Կրասնայա Պոլյանա, Սոչի, 22-ը հոկտեմբերի, 2015թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում «Վալդայ» ակումբում, Կրասնայա Պոլյանա, Սոչի, 22-ը հոկտեմբերի, 2015թ․

Ռուսաստանի նախագահը հերթական անգամ կրկնել է իր այն կարծիքը, որ ԽՍՀՄ փլուզումը ողբերգություն էր:

Սոչիում՝ «Վալդայ» ակումբի ավանդական հավաքի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատել է Միացյալ Նահանգների քաղաքականությունը և հերթական անգամ ափսոսանք հայտնել Խորհրդային Միության փլուզման համար:

Պաշտոնական Վաշինգտոնին Պուտինը քննադատել է, մասնավորապես, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար: Նրա կարծիքով՝ գործընկերների նկատմամբ ընդհանրապես չի կարելի պատժամիջոցներ կիրառել՝ «այդպես վարվում են միայն վասալների, ենթակաների հետ»:

Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ ժամանակին, երբ Միացյալ Նահանգները կառուցում էր իր հակահրթիռային համակարգը Եվրոպայում, փաստարկը Իրանի միջուկային սպառնալիքն էր: Այսօր այդ սպառնալիքը չկա, սակայն, նշել է Պուտինը, Միացյալ Նահանգները շարունակում է իր համակարգերը տեղակայել Եվրոպայում: «Փաստորեն, մեզ խաբել են», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը և հավելել, որ իրականում պատճառը Իրանի սպառնալիքը չէր, և որ Մոսկվան առաջարկել է Վաշինգտոնին՝ միասին այդ համակարգերը կառուցել:

«Վերջերս Միացյալ Նահանգները Եվրոպայում հակահրթիռային համակարգի առաջին փորձարկումն է անցկացրել: Ի՞նչ է սա նշանակում․ պարզ ասած՝ մեզ խաբել են», - Սոչիում հայտարարել է Պուտինը:

Պուտինը Միացյալ Նահանգներին քննադատել է «ահաբեկիչների հետ համագործակցելու» համար: «Ոչ արմատական ահաբեկիչներին» ԱՄՆ-ը, ըստ նրա, օգտագործում է սեփական շահերի համար: Ռուսաստանի նախագահը հորդորել է հրթիռային համակարգեր չտրամադրել Սիրիայի ընդդիմությանը, քանի որ հակառակ դեպքում այդ սպառազինությունը կարող է հայտնվել ահաբեկիչների ձեռքերում:

Սոչիում Պուտինը մանրամասն անդրադարձել է Սիրիայի ճգնաժամին, վստահեցրել՝ Ռուսաստանը ցանկանում է, որ ահաբեկիչների դեմ պայքարից հետո Սիրիայում սկսվի քաղաքական երկխոսություն նախագահ Բաշար ալ-Ասադի և ընդդիմության միջև: «Ասադի հետ մեր հանդիպումից հետո ես եկել եմ այն եզրակացությանը, որ Ասադը նման բանակցություններին պատրաստ է», - ասել է Ռուսաստանի նախագահը՝ հավելելով, որ Սիրիայի մասնատումը վատագույն սցենարն է:

Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ ռուսական օդուժի մասնակցությունը սիրիական ճգնաժամին ունի միայն մեկ նպատակ՝ պայքար ահաբեկչության դեմ:

Ընդ որում, որոշ աղբյուրներ նշում են, որ Մոսկվան առաջ է տանում մի սցենար, որի իրագործման դեպքում Սիրիայում պետք է անցկացվեն ընտրություններ, և Ասադը պետք է դրանցում հաղթի:

Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե Ռուսաստանն առաջիկայում կարող է ռազմական ուժեր ուղարկել նաև Իրաք, Պուտինն ասել է, որ Իրաքի կառավարությունից Մոսկվան նման խնդրանք չի ստացել: Հետևաբար՝ Պուտինի խոսքով, Ռուսաստանն Իրաքի տարածում որևէ գործողություն չի ծրագրում:

Ռուսաստանի նախագահը հերթական անգամ կրկնել է իր այն կարծիքը, որ Խորհրդային Միության փլուզումը ողբերգություն էր, քանի որ շուրջ 25 միլիոն էթնիկ ռուսներ մնացել են Ռուսաստանից դուրս:

Սովետական կայսրության փլուզման պատճառների մասին խոսելով՝ Պուտինն ընդգծել է, որ երկիրը փլուզվել է անարդյունավետ քաղաքական և տնտեսական համակարգերի պատճառով: «Սակայն չեմ կարծում, որ մեր աշխարհաքաղաքական հակառակորդները պարզապես դիտորդի դերում էին այս հարցում», - հավելել է նա:

Պուտինը նաև հայտարարել է, որ ռուսական տարադրամը կայունացել է, և որ արևմտյան պատժամիջոցները չեն ռուսաստանյան տնտեսության անկման հիմնական պատճառը, այլ՝ նավթի գնի անկումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG