Մատչելիության հղումներ

«Չեք անցկացնին» հանրաքվեի ապօրինի քարոզարշավ սկսելու մեջ է մեղադրում ԵՊՀ ղեկավարությանը


Սահմանադրական բարեփոխումների նախագիծը մշակած մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գևորգ Դանիելյանը և Գագիկ Ղազինյանն այսօր անձամբ ԵՊՀ-ում բուհի ղեկավարությանն ու ընտրյալ ուսանողներին ներկայացրեցին նախագահ Սերժ Սարգսյանի հավանությամբ հանրաքվեի դրված փաստաթուղթը՝ չխուսափելով գովաբանել իրենց իսկ աշխատանքը։

«Այն թերությունները կամ սխալները, կամ իրավակարգավորումների բացերը և այլն՝ հաստատ ավելի առաջ են, քան գործող Սահմանադրությանը», - նշեց Իրավաբանության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը՝ գլուխ առ գլուխ ներկայացնելով նախագիծը և ընդգծելով դրա առավելությունները գործող սահմանադրության համեմատ:

Գևորգ Դանիելյանն էլ խոսեց նախագծի ամենավիճահարույց դրույթների՝ կառավարման համակարգի փոփոխության և ԱԺ-ում կայուն մեծամասնություն ձևավորելու մասին։

«Մենք կանգ առանք շատ խնդրահարույց, միգուցե, քաղաքական նկատառումով, բայց իրավական տեսանկյունից շատ ընդունելի մի տարբերակի վրա, որ խորհրդարանը պետք է ունենա քաղաքական մեծամասնություն: Որևէ միջազգային փորձագետ, միջազգային կառույց կամ ատյան, որը կիրառում է միջազգային իրավունքի նորմերը, երբեք քաղաքական մեծամասնությունը վիճահարույց չի համարել», - նշեց Դանիելյանը:

Մոտ երկու ժամ տևած ելույթներում երկուսն էլ ընդգծեցին՝ միջոցառումն ընդամենը իրազեկում է՝ օրենքի շրջանակներում:

Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության պնդմամբ Մայր բուհում, այն էլ՝ դասաժամերի ընթացքում, հանձնաժողովի անդամները ոչ թե իրազեկել, այլ բացահայտ քարոզչություն են իրականացրել։ Հիշեցնում են՝ «Հանրաքվեի մասին» օրենքն արգելում է ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմին՝ իրենց լիազորություններն իրականացնելիս քարոզչություն իրականացնել։

«Նաև այն հանգամանքը, որ նրանք հանձնաժողովի անդամներ են եղել, որոնք մշակել են նախագիծը, դա պարզ է, որ որևէ մարդ չի կարող խոսել օբյեկտիվ, եթե նա ինչ-որ հանձնաժողովի մեջ է եղել և ստեղծել է ինչ-որ իրավագիտական պրոդուկտ, և գա ասի՝ ես օբյեկտիվ հիմա քննելու եմ բոլոր կողմերից և նույնիսկ վատ կողմերն եմ ասելու», - նշում է նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը:

Սա Մայր բուհում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ առաջին քննարկումը չէր, օրեր առաջ համալսարանի ղեկավարությունը նմանատիպ միջոցառում էր կազմակերպել նաև ուսանողության համար։

«Մենք կդիմենք համալսարաններին, որպեսզի հնարավորություն ստանանք որպես «ոչ»-ի տեսակետ ունեցող քաղաքացիներ խոսենք ուսանողների հետ: Թող մերժեն՝ այդ դեպքում իրենք հայտնվում են մի շատ անելանելի վիճակի մեջ այն իմաստով, որ եթե «ոչ»-ը արգելում եք, ապա «այո»-ն ինչո՞ւ եք իրականացնում», - ասում է Մուսախանյանը:

Օրեր առաջ «Ազատության» հետ զրույցում համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն արդեն հայտարարել էր՝ համալսարանում կան «ոչ» ասող դասախոսներ, դրսից մարդ չի թողնելու։

Ռեկտորի այս հայտարարության հաջորդ օրը մամուլում շրջանառվեցին լուրեր, թե ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գիտխորհուրդը նիստում միաձայն որոշել է «ոչ» ասել սահմանադրության փոփոխությանը։ Այսօր Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց լուրը, բայց և հավելեց․ - «Ասել, որ դեմ են արտահայտվել՝ դա սխալ է: Բոլորն էլ գիտակից մարդիկ են, կգնան ու ճիշտ կքվեարկեն: Ես չեմ կարող ասել՝ սա ինչպես կքվեարկի, նա ինչպես կքվեարկի, բայց այդ կարծիքը շատ-շատերն են կիսում, որ գուցե ժամանակավրեպ է»:

«Ազատության» ճշտող հարցին, թե իր կարծիքով, փաստորեն, ճիշտը «այո՞»-ն է, դեկանը պատասխանեց՝ «իհարկե»:

Ավագյանը վստահեցնում է՝ ֆակուլտետի վրա ճնշումներ չեն եղել, սակայն իրենց տեսակետներն ուսանողներին չեն ներկայացնելու։ Փոխարենը՝ այսօրվանից ուսանողների հետ իրազեկումների է պատրաստվում նիստին ներկա մոտ 18 հազար ուսանող ունեցող Մայր բուհի ուսխորհրդի ղեկավար Ռաֆֆի Քարամյանը չի էլ թաքցնում՝ հանձնաժողովի անդամների ելույթները լսելուց հետո իր մոտ արդեն հստակ դիրքորոշում կա։

«Իմ կարծիքով փոփոխությունը պետք է: Իմ անձնական կարծիքն եմ ասում՝ ես «այո» եմ քվեարկելու», - նշեց նա:

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG