Մատչելիության հղումներ

Զուրաբյանի հայտարարության կապակցությամբ քրեական գործի հարուցումը մերժվել է


Լևոն Զուրաբյան, արխիվ

Լևոն Զուրաբյան, արխիվ

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Զուրաբյանի հայտարարության կապակցությամբ քրեական գործի հարուցումը մերժվել է, քանի որ որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել` Վենետիկի հանձնաժողովին կաշառք տալու և այդ հանձնաժողովի որևէ անդամի կողմից կաշառք ստանալու մասին։

Հիշեցնենք, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի ստեղծված սահմանադրական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Հարությունյանի միակ գործը եղել է «Վենետիկի հանձնաժողովին կաշառելը»։

«Զուրաբյանը չի ներկայացել Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն, իր վերոհիշյալ հայտարարության շուրջ բացատրություն չի տվել և այն հիմնավորող որևէ փաստական տվյալ չի ներկայացրել, որը հիմք է տվել եզրակացնելու` Զուրաբյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, այսինքն՝ բացակայում են Վենետիկի հանձնաժողովին կաշառք տալու և, հետևաբար, նաև այդ հանձնաժողովի որևէ անդամի կողմից կաշառք ստանալու դեպքերը», - ասված է հաղորդագրությունում:

Դատախազությունը նշում է, որ նախապատրաստված նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ Զուրաբյանի հայտարարությունը չի պարունակում սուտ մատնության հանցակազմ:

«Զուրաբյանի վերոհիշյալ ճեպազրույցի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ վերջինս հետապնդել է Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների գործընթացը, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահին և Վենետիկի հանձնաժողովի անդամներին վարկաբեկելու նպատակ, և նրա արարքում բացակայում է կաշառք տալու կամ կաշառք ստանալու մասին սուտ մատնության սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ հանդիսացող ուղղակի դիտավորությունը», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG