Մատչելիության հղումներ

Վարկերի տաք կքած գյուղացուն նույնիսկ ամիսներով չվարձատրվող աշխատանքն է գոհացնում


Մեծ Պարնի, Լոռու մարզ

Մեծ Պարնի, Լոռու մարզ

Գյուղացիները երբեմն անգամ 24 և դրանից էլ բարձր տոկոսների տակ են ընկնում` անելանելի իրավիճակից դուրս գալու համար։

Մեծպարնեցի Աշոտը գյուղի կենտրոնում համագյուղացիների դեմ մեն-մենակ էր դուրս եկել՝ համոզելու, թե աշխատող մարդը գյուղում էլ կարող է եկամուտ ստանալ ու վատ չապրել։

Պարզվեց՝ Աշոտի տղաները գյուղապետարանի ֆինանսավորմամբ իրականացվող ժամանակավոր շինարարությունում են ընդգրկված։ Արդեն մի քանի ամիս աշխատում, բայց դեռ աշխատավարձ չեն ստացել։ Մեկ է՝ մեծպարնեցի Աշոտը գոհ է. գոնե 88-ի երկրաշարժից ու այս տարվա երաշտից տուժած գյուղում զբաղմունք ունեն։

Հրաչյա Ասատրյանը համաձայն չէր Աշոտի հետ։ Մեկ տարի առաջ Երևանը թողել, իր ծննդավայրում է տուն վարձել՝ գյուղատնտեսությամբ է զբաղվում։ Ցորեն է ցանում, մեղու պահում, բայց ասում է՝ կատարած ծախսերը դեռ չի կարողանում հետ բերել։

«Ես մի տարի է գյուղացի եմ, ստեղ հող եմ մշակում, 1000 դոլար դրել եմ, 400 վաստակել, լա՞վ ա»,- հեգնում է նա։

Պետության սուբսիդավորած` համեմատաբար ցածր տոկոսանոց վարկերից ոչ միշտ են կարողանում օգտվել, կարիքի դեպքում ստիպված են լինում գումար վերցնել առանց պայմաններին նայելու: Երբեմն անգամ 24 և դրանից էլ բարձր տոկոսների տակ են ընկնում` անելանելի իրավիճակից դուրս գալու համար։

«Ստեղ կանգնածներից ոչ մեկը առանց վարկի չէ, սաղ էլ որ բանկում ասես տալիք են»։ «Տոկոսները՝ 24 էլ կա, 16 էլ կա, 29 էլ կա, նայած տվող»։

Գյուղացիական վարկեր տրամադրող ԱԳԲԱ բանկից «Ազատության» հարցմանն ի պատասխան նշել են, որ այս պահի դրությամբ Հայաստանում վարկառու է ավելի քան 62 հազար գյուղացի, ավելի քան 200-ը չեն կարողացել փակել պարտքերն ու գործը հասել է դատարան։ Ստիպված են հիմա ունեցվածքը բռնագանձել, թեև հավաստիացնում են, թե փորձում են գյուղացիների հետ պարտքի մարման գրաֆիկ կազմել, որ բանը չհասնի դրան։

Հարևան Հարթագյուղում այլ ճանապարհ են ընտրել։ Դեռ սրանից 7 տարի առաջ ստեղծված ֆերմերային խումբը փորձել է ոչ թե վարկ, այլ դրամաշնորհ ստանալ գյուղում գործ դնելու համար: Ավանդաբար կտավատի մշակությամբ զբաղվող գյուղում մինչև հիմա ձեռքով էին ձեթ ստանում, հիմա` մեքենայացված տարբերակով։ Երկու տարի դրամաշնորհի հաշվին աշխատելուց հետո ինքնաֆինանսավորման են անցել։ Բայց կտավատի սերմից ձեթ հանող հաստոցը հաճախ լռում է. դեռ շուկա չեն գտել, ասում է ֆերմերային խմբի անդամ Սամվել Հունանյանը։

«Հաստոցը աշխատում է դեռ իր մինիմալ հնարավորություններով՝ զուտ մարկետինգի, շուկայի հետ կապված։ Կամաց-կամաց հաղթահարում ենք»,- ասաց Հունանյանը։

Այժմ բանակցությունների մեջ են, փորձում են միջազգային շուկա դուրս գալ.- «Դեռևս բանակցային գործընթաց է ընթանում, նախապատրաստվում ենք համապատասխան սերտիֆիկացման ենթարկվել և արտահանել»։

Սամվել Հունանյանը հույս ունի, որ առաջիկայում կկարողանան լիարժեք արտադրություն ծավալել ու գյուղում գոնե մի քանի ընտանիքի համար աշխատատեղ ապահովել։

XS
SM
MD
LG