Մատչելիության հղումներ

Գյուղացիները հերքում են գյուղնախարարության հրապարակած տվյալները


Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում կարտոֆիլի առատ բերք է ստացվել, բայց ոչ՝ գյուղնախարարության հրապարակած տվյալների չափով

Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում կարտոֆիլի առատ բերք է ստացվել, բայց ոչ՝ գյուղնախարարության հրապարակած տվյալների չափով

Գանձակի գյուղապետն ասում է, որ 1 հեկտարից իբր 60 տոննա կարտոֆիլ ստանալու մասին՝ նախարարության հրապարակած ցուցանիշն ընդամենը «աչքաչափով» արված գնահատականի արդյունք է:

Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում հերքում են գյուղատնտեսության նախարարության հրապարակած ցուցանիշները, թե կարտոֆիլի աննախադեպ առատ բերք են ստացել։ Օրեր առաջ նախարարությունը հայտարարել էր, թե այդ գյուղում մեկ հեկտարից 60 տոննա կարտոֆիլ են հավաքել։ Գյուղապետ Վանիկ Հարությունյանն ասում է, թե մասնագետներն «աչքաչափով են» գնահատել:

«Նախարարությունը ճիշտ է ասում, որ հրաշք բերք ունենք, բայց ռեալ 60 տոննա ոչ մեկ չի ասել ու չի էլ կարող ասել։ Մոտավորապես այդ եզրակացությանն են եկել, իհարկե, աչքաչափով։ Ամպագոռգոռ թվերի հետևից սենսացիա չսարքենք»,- ասում է գյուղապետը և հավելում՝ քանի դեռ ստացված կարտոֆիլը չեն կշռել, հստակ թիվ նշել չեն կարող, բայց կանխատեսում են, որ այս անգամ բերքը նախորդ տարվանից ավելի շատ կլինի՝ շնորհիվ Գերմանիայից ներկրված սերմի:

Գանձակում, սակայն, այդ սերմացուն ոչ բոլորն են օգտագործել, Գյուղապետի հողամասում կարտոֆիլ հավաքող գյուղացիները, օրինակ, բողոքում էին, թե իրենց բերքը ակնակալածից քիչ է եղել: «Գյուղանախարարը չի մտածում մթերելու մասին, քիչ բերք ենք ստացել»,«նորմալ բերք չեմ ստացել»,- դժգոհում են գյուղացիները։

«Գյուղացին հողի հետ մենակ է»,- ասում է Կոմունիստական կուսակցության անդամ գյուղապետն ու փոխանցում համագյուղացիների առաջարկը՝ ցուցանիշները բարձր կլինեն, եթե կառավարությունը լուծի բերքի իրացման հարցը։ «Մենք ուզում ենք որոշ մասը կառավարությունը իրացնի, երկար տարիներ մատակարարել ենք, ինչու՞ չենք տալիս՝ մեծ տենդեռներ են, պետք է մեծ քանակ ունեցողը շահի»,- շարունակում է Վանիկ Հարությունյանը։

Գանձակից ոչ հեռու գտնվող մյուս գյուղերում վիճակն ավելի մտահոգիչ է։ Սևանի եզերքով ձգվող այս բնակավայրերում ոռոգման ջուր չկա։ Առանց դրա հարուստ բերքի ակնկալիք ունենալ չեն կարող։ Նախարարության հրապարակած՝ երկնիշ աճի մասին վկայող ցուցանիշներին էլ թերահավատորեն են վերաբերվում:

Հարևան Չկալովկա գյուղի բնակիչ Գայանե Սարգսյանն ասում է, որ կարտոֆիլի բերքն այս տարի հազիվ կբավականացնի ընտանիքի կարիքներին։ «Ամուսինս արտերկիր է գնում, մենք էլ ենք գնալու, նեղություն, նեղություն, եթե խոպանից փող չուղարկեն, հաց կհավաքենք»,- ասում է Գայանեն:

Մեկ այլ գյուղացի հավելում է՝ ծովի կողքին ենք ու ոռոգման ջուր չունենք: Մարդիկ այս գյուղում պատմում են, որ տարիներ շարունակ որևէ պաշտոնյայի իրենց բնակավայրում չեն տեսել, եղած խնդիրներն էլ նվազելու փոխարեն ավելացել են։ Ցույց են տալիս հարևանների դատարկված տները, ասելով՝ շատերի համար միակ ելքը եղել ու մնում է արտագնա աշխատանքը:

XS
SM
MD
LG