Մատչելիության հղումներ

Օսկանյան. Խորհրդարանական համակարգի տառն ու ոգին բացակայում է նախագծում


Վարդան Օսկանյան, արխիվ

Վարդան Օսկանյան, արխիվ

Մի պահ վերանալով սահմանադրական փոփոխությունների հետին նպատակների, օրինականության և նպատակահարմարության հարցերից և մնալով զուտ բովանդակային հարթության մեջ՝ կարելի է հաստատել, որ դեկտեմբերի 6-ին հայ ժողովրդի առջև դրվում է մեկ հիմնական հարց՝ մնալ այսօրվա գործող կիսանախագահական համակարգո՞ւմ, թե՞ անցնել ամբողջական խորհրդարանական համակարգի: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Առաջարկված սահմանադրությունում խորհրդարանական համակարգը բնորոշող հիմնարար դրույթը՝ հոդված 89-ը, այնպիսի անորոշ և հեղհեղուկ ձևակերպում է ստացել, որ խորհրդարանական համակարգի անցնելու կամ չանցնելու մասին հնարավոր կլինի իմանալ հանրաքվեից հետո, սպասվող ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո: Այլ կերպ ասած, խորհրդարանական համակարգի անցնելու կարևորագույն այս հարցը, փաստորեն, որոշում է ոչ թե ժողովուրդը, այլ այսօրվա խորհրդարանական մեծամասնությունը», - գրել է նախկին արտգործնախարարը։

Օսկանյանը նշել է, որ իրական խորհրդարանական համակարգ կլինի այն դեպքում, երբ հենց Սահմանադրությունում ամրագրվի, որ եթե առաջին տեղը գրաված ուժը չի կարողանում նախատեսված ժամկետում կոալիցիա ձևավորել, այդ իրավունքը տրվում է երկրորդ տեղը գրավածին, ապա՝ երրորդ տեղը գրաված քաղաքական ուժին, իսկ այս բոլորի անհաջողության դեպքում արդեն անցկացվում են խորհրդարանական նոր ընտրություններ, որոնց մասնակցում են բոլորը: «Ահա սա է խորհրդարանական համակարգի տառն ու ոգին, որը բացակայում է առաջարկվող սահմանադրության տեքստում», - գրել է նախկին արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG