Մատչելիության հղումներ

Սպորտի նախարար․ «Տեղյակ չեմ, թե Ֆուտբոլի ֆեդերացիայում ինչ է կատարվում»


Սպորտի նախարար Գաբրիել Ղազարյան

Սպորտի նախարար Գաբրիել Ղազարյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան քննարկում է՝ որքանո՞վ է ստույգ Հայաստան-Ալբանիա աղմկահարույց խաղի կապակցությամբ օտարերկրյա լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, թե Հայաստանի հավաքականի 4 ֆուտբոլիստներ կաշառք են ստացել ալբանացիների հաղթանակը ապահովելու համար։

Այսօր կառավարության նիստից հետո այս մասին լրագրողներին ասաց սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

Սակայն կառավարությունում ոլորտի համար պատասխանատու նախարարը շտապեց ավելացնել՝ ինքը տեղյակ չէ արդյունքներից, և ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում:

«Ուղղակի այդ վաճառքի հետ կապված ես կարող եմ ասել՝ ես անձամբ չեմ հավատում, նման բան չի կարող լինել։ Իմ կարծիքով՝ [տեղեկությունը հետաքննելու առումով] ինչ պետք է, արվում է, քննարկումներ են անցկացվում ֆեդերացիայում, որովհետև ֆեդերացիան ունի նախագահություն, որը զբաղվում է էդ հարցերով, և նաև մարզչական և մրցավարական խորհուրդները ևս զբաղվում են»,- ասաց նախարարը։

«Ազատության» ճշտող հարցին, թե կոնկրետ ի՞նչ քննարկումներ են եղել, Գաբրիել Ղազարյանը արձագանքեց.- «Ես տեղյակ չեմ, թե ֆեդերացիայում ինչ է կատարվում»։

Նախարարի խոսքերը, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի անցուդարձից ինքը տեղյակ չէ, հարուցեցին լրագրողների զարմանքը, և Ղազարյանը, հավանաբար դա նկատելով, փորձեց ինչ-որ պարզաբանում ներկայացնել։

«Ես կարող եմ ասել՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը աշխատում է բոլոր ֆեդերացիաների հետ, որոնք հասարակական կազմակերպություններ են։ Բայց դա կապ չունի, քանի որ դրանք մարզական են, բնականաբար, մենք իրար հետ համագործակցում ենք»,- ասաց պաշտոնյան։

Հոկտեմբերի 11-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականը, հյուրընկալելով Ալբանիայի հավաքականին, խոշոր՝ 0-3 հաշվով պարտություն կրեց: Հաղթանակը հնարավորություն տվեց ալբանացիներին անցնել «Եվրո-2016»-ի եզրափակիչ փուլ, ինչը աննախադեպ հաջողություն է այդ երկրի ֆուտբոլի հավաքականի համար: Խաղից հետո սերբական Kurir պարբերականը գրեց, որ Հայաստանի ընտրանու 4 ֆուտբոլիստներ կաշառվել են՝ ստանալով 500 հազարական եվրո:

Փաստորեն այս տեղեկության հետ կապված, ըստ նախարարի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ինչ-որ քննարկումներ են եղել, բայց ո՛չ այդ քննարկումների ընթացքի, և ո՛չ էլ հատկապես արդյունքների մասին Ռուբեն Հայրապետյանի գլխավորած կառույցը հանրությանը ոչինչ չի հայտնել:

Այսօր փորձեցինք մեկնաբանություն ստանալ ֆեդերացիայից, սակայն ողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին: Օրեր առաջ, երբ «Ազատությունը» դիմել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, չէին մեկնաբանել հրապարակումը, բայց հավելել էին՝ կարձագանքեն, երբ նպատակահարմար գտնեն։

Այն ժամանակ «Ազատությունը» կապվել էր նաև Ռուբեն Հայրապետյանի հետ, սակայն դարձյալ ապարդյուն, մեկնաբնություն չստացանք։

«Դուք ճիշտ չեք անում էն, ինչ որ հիմա արդեն անում եք, արդեն զզվացրել եք ինձ, հասկանո՞ւմ եք։ Ես մեկն եմ, ամբողջ հանրապետությունում հազարավոր լրագրողներ, ով չի ալարում, լրագրող է դառնում։ Ես ֆիզիկապես կարա՞մ պատասխանեմ»,- ասել էր Հայրապետյանը։

Ալբանացիների հետ խաղից առաջ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով ևս մեկ պարտություն էր կրել՝ ֆրանսիացիներից 4-0 հաշվով: «Եվրո-2016»-ի ընտրական փուլը Հայաստանի հավաքականի համար առանձնահատուկ էր նաև այն պատճառով, որ մեր ընտրանին որևէ հաղթանակ չտարավ:

Հավաքականի նման ելույթները դժգոհության ալիք բարձրացրեցին երկրպագուների շրջանում: Ֆուտբոլասերների Առաջին հայկական ճակատի՝ FAF-ի ներկայացուցիչ Սերգեյ Ջանջոյանը օրերս հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ Ռուբեն Հայրապետյանից նախևառաջ պահանջում են հավաքական հրավիրել փորձառու օտարազգի մարզչի:

«Բոլորս տեսնում ենք, որ մեռնում է հայկական ֆուտբոլը․․․ և մեռնում է FAF-ը։ Մենք չենք կարող թույլ տալ, որ երկրպագուն բոյկոտի հայկական ֆուտբոլը»,- ասել էր Ջանջոյանը:

Երկրպագուները նաև նախազգուշացրել էին՝ իրենց պահանջները չկատարելու դեպքում պահանջելու են Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը: Այսօր Ջանջոյանն ասաց՝ դեռ նորություն չունեն, սպասում են:

XS
SM
MD
LG