Մատչելիության հղումներ

Վաղը Վիեննայում Լավրովն ու Քերրին կհանդիպեն


Ջոն Քերրին ու Սերգեյ Լավրովը հանդիպում են Նյու Յորքում, 27-ը սեպտեմբերի, 2015թ.

Ջոն Քերրին ու Սերգեյ Լավրովը հանդիպում են Նյու Յորքում, 27-ը սեպտեմբերի, 2015թ.

ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներին կմիանան նաև Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները։

Վաղը Վիեննայում կկայանա Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ Սերգեյ Լավրովի և Ջոն Քերրիի հանդիպումը։ Նրանց կմիանան նաև Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի արտգործնախարարները՝ Ադել ալ-Ջուբեիրը և Ֆերիդուն Սինիրլիօղլուն։

Բանակցությունների ժամանակ կողմերը կքննարկեն Սիրիայի ճգնաժամը։ Ակնկալվում է, որ Լավրովը գործընկերներին որոշ մանրամասներ կհայտնի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի մոսկովյան այցից։

Թուրքիան և Սաուդիան Արաբիան ամենակոշտ դիրքորոշումն ունեն Ասադի նկատմամբ և համարում են, որ կարգավորումը Սիրիայում հնարավոր է միայն նրա հեռանալուց հետո։

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության, բանակցությունների նախօրեին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Քերրին ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։

Պուտին - Ասադ մոսկովյան բանակցությունների մանրամասները մինչ այս պահը հայտնի չեն։ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մանրամասներ հայտնել։ Սպիտակ տունը, մինչդեռ, արդեն դատապարտել է այն ջերմ ընդունելությունը, որ ցուցաբերել է Մոսկվան։

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Շուլցը երեկ հայտարարել է, որ դատապարտում է այդ ընդունելությունը, և որ Պուտին - Ասադ մոսկովյան բանակցությունները հակասում են Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը։

Հիշեցնենք՝ երեքշաբթի երեկոյան կարճատև այցով Մոսկվայում էր Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ-Ասադը։ Նա հանդիպեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սա Ասադի առաջին այցն էր արտերկիր վերջին չորս տարիների ընթացքում։

Ասադի այցը Մոսկվա քննադատել է նաև Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։ «Լավ կլիներ, որ Ասադը մնար Մոսկվայում և չվերադառնար Սիրիա», - ասել է նա։

XS
SM
MD
LG