Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ Հայաստանը շարունակում է զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները


Իսպանիա - Հայաստանի նախագահը ելույթ է ունենում ԵԺԿ համագումարում, Մադրիդ, 21-ը հոկտեմբերի, 2015թ․

Իսպանիա - Հայաստանի նախագահը ելույթ է ունենում ԵԺԿ համագումարում, Մադրիդ, 21-ը հոկտեմբերի, 2015թ․

Նախագահը ԵԺԿ համագումարում իր ելույթում անդրադարձել է նաև առաջիկա սահմանադրական հանրաքվեին:

Եվրամիության հետ հարաբերություններում Հայաստանը հասել է հերթական պատասխանատու հանգրվանին։ Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ երեքշաբթի օրը Մադրիդում ելույթ ունենալով Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարում:

«Անցած շաբաթ Լյուքսեմբուրգում Եվրոպական Միության խորհուրդը տրամադրեց Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու մանդատը: Լիահույս եմ, որ բանակցությունների արդյունքում մշակված փաստաթուղթը կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ փոխգործակցությունը՝ դառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառության լավագույն երաշխիք»,- ասել է Սարգսյանը։

Նա անդրադարձել է նաև առաջիկա սահմանադրական հանրաքվեին՝ ասելով, թե այդ կերպ Հայաստանը շարունակում է զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, իշխանության ճյուղերի հավասարակշռումը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու դատական համակարգի անկախությունը:

«Եթե մեր ժողովուրդը դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ հավանություն տա սահմանադրական փոփոխություններին, ապա Հայաստանը կիսանախագահական կառավարման մոդելից կանցնի խորհրդարանական մոդելի, ինչն է՛լ ավելի արդյունավետ կդարձնի իշխանության տարբեր թևերի փոխգործակցությունը, հիմքեր կստեղծի տնտեսության ավելի ինտենսիվ զարգացման համար, կբարձրացնի մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը, կուժեղացնի ընդդիմության ինստիտուցիոնալ դերակատարումը», - հայտարարել է Հայաստանի նախագահը՝ հավելելով․ - «Հանրաքվեն դիտարկելու համար մենք հրավիրել ենք ԵՄ, ԵԽԽՎ, ԵԱՀԿ և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչների. վստահ եմ, որ ձեր մասնակցությամբ և ձեր լավագույն փորձով է՛լ ավելի կխթանեք Հայաստանում ժողովրդավարական գործընթացների առաջընթացը»։

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանն ասել է նաև, որ հայ ժողովուրդը մեծապես գնահատում է Եվրոպական խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման գործում ԵԺԿ-ի ներդրումը, ինչպես նաև ԵԺԿ-ի քաղաքական համաժողովի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևը: «Սրանք գալիս են փաստելու, որ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը՝ որպես Եվրոպական խորհրդարանում ներկայացված ամենամեծ քաղաքական խումբ և եվրոպական ինքնության ու գաղափարի առաջ մղող ուժ, անկախ ամենատարբեր քաղաքական նկատառումներից, հանձնառու է մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը», - ընդգծել է Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG