Մատչելիության հղումներ

«Ռուսթավի 2»-ի գործով դատական վճիռը «կանխորոշված է»


Վրաստան - «Ռուսթավի 2»-ի աջակիցների ակցիան Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքի դիմաց, 19-ը հոկտեմբերի, 2015թ․

Վրաստան - «Ռուսթավի 2»-ի աջակիցների ակցիան Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքի դիմաց, 19-ը հոկտեմբերի, 2015թ․

Թբիլիսիի դատարանը այսօր որոշում կկայացնի ընդդիմադիր հեռուստաընկերության նախկին սեփականատիրոջ հայցով:

Կդառնա՞ արդյոք հոկտեմբերի 22-ը վրացական ամենաազդեցիկ և հարուստ պատմություն ունեցող ընդդիմադիր հեռուստաընկերության` «Ռուսթավի 2»-ի գործունեության վերջին օրը: Մի քանի ժամից այս հարցի պատասխանը կհնչեցնի Թբիլիսիի քաղաքային դատարանը, որի վճռով, ի դեպ, հեռուստաընկերության ֆինանսական միջոցներն արդեն իսկ արգելափակվել են:

«Ռուսթավի 2»-ի տնօրեն Նիկա Գվարամիայի համոզմամբ՝ դատական վճիռը կանխորոշված է:

«Այսօր ես զրուցել եմ մի մարդու հետ, ում միջոցով է կառավարությունը որպես կանոն ինձ փոխանցում տարատեսակ ուղերձները: Այդ մարդն ինձ ասաց, որ վաղը դատարանը որոշում կկայացնի մեր դեմ, առաջիկա երկու օրերին էլ դատական վճիռը ուժի մեջ կմտնի», - նախօրեին հայտարարում էր Գվարամիան` նշելով նաև, որ այդ մարդն իրեն սպառնացել է դատարանի վճռին չենթարկվելու դեպքում «վարկաբեկիչ տեսաերիզներ հրապարակել»:

«Նրանք կարող են ցանկացած տեսաերիզ հրապարակել: Միևնույն է, դա պակաս ամոթալի կլինի ինձ համար, քան փախուստն այս հեռուստաընկերությունից», - ասում էր Գվարամիան:

Հիշեցնենք՝ «Ռուսթավի 2»-ի շուրջ դատական այս քաշքշուկի պատճառը ընկերության նախկին սեփականատեր Կիբար Խալվաշիի հայցն է, որով նա պահանջում է իրեն վերադարձնել 2006 թվականին գնված բաժնետոմսերը: Խալվաշին պնդում է, որ իրականում «Ռուսթավի 2»-ի բաժնետոմսերը իրենից ոչ թե ձեռք են բերել շուկայական գնով, այլ պարզապես առգրավել են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրահանգով:

Վրացական ընդդիմությունն ու հեռուստաընկերության աշխատակիցները, սակայն, համոզված են` ընտրություններից մեկ տարի առաջ Խալվաշին այս ողջ պատմությունը հիշել է իշխանությունների հստակ հրահանգով: «Դատական ճանապարհով իշխանությունները ցանկանում են փոխել «Ռուսթավի 2»-ի սեփականատիրոջը և որպես հետևանք նաև իշխանության հանդեպ որդեգրած սկզբունքային կեցվածքը», - պնդում է ընդդիմությունը:

«Վրաստանում դատական իշխանությունը կառավարության կողմից չի վերահսկվում: Դրա հետ մեկտեղ, ես կարող եմ միայն կոչ անել, որպեսզի դատարանը թափանցիկ կերպով աշխատի և որքան հնարավոր է արագ ավարտին հասցնի գործի քննությունը», - երեկ հայտարարում էր Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:

Պաշտոնական այցով Իսրայելում գտնվող երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին էլ երեկ Երուսաղեմում լրագրողների հետ զրույցում նշում էր, որ ուշի ուշով հետևում է «Ռուսթավի 2»-ի շուրջ ծագած կացությանը:

«Վրաստանը ժողովրդավարական պետություն է, և լրատվամիջոցների բազմազանությունն է՛լ ավելի կուժեղացնի մեր երկիրը: Դա հատկապես կարևոր է նախընտրական շրջանում և վերաբերում է բոլոր լրատվամիջոցներին` ներառյալ «Ռուսթավի 2»-ին: Պետք չէ մոռանալ, որ մենք ցանկանում ենք այնպիսի քաղաքական համակարգ կառուցել, որը կհամապատասխանի եվրոպական արժեքներին: Վրաստան վերադառնալուն պես ես ակտիվորեն կներգրավվեմ «Ռուսթավի 2»-ի ճակատագրի շուրջ քննարկումներում», - հայտարարում էր Մարգվելաշվիլին:

Վրաստանի ընդդիմադիր մամուլը, սակայն, թերահավատ է, թե երկրի նախագահը որևէ կերպ կկարողանա ազդել «Ռուսթավի 2»-ի շուրջ զարգացումների վրա: «Եթե հեռուստաընկերության փակման մասին որոշումը արդեն իսկ կայացվել է, ապա դրա հեղինակը Մարգվելաշվիլիից անհամեմատ ավելի ազդեցիկ մեկն է` Վրաստանի ամենահարուստ գործարար Բիձինա Իվանիշվիլին», - պնդում են Թբիլիսիում:

XS
SM
MD
LG