Մատչելիության հղումներ

Թեղուտում ստեղծված իրավիճակը հղի է «լուրջ բնապահպանական վտանգներով»


Թեղուտի պղնձի բաց հանքավայրը, արխիվ:

Թեղուտի պղնձի բաց հանքավայրը, արխիվ:

Գրող Լևոն Ջավախյանն ու Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ևս մեկ անգամ բարձրաձայնեցին իրենց մտահոգությունը Հայաստանի բնապահպանական իրավիճակի շուրջ:

Լևոն Ջավախյանը հիշեցրեց․ - «Ինձնից առաջ ավելի վատ, ավելի հուզումնալից տանգապել է մեր մեծ գրողը, մեր հանճարը՝ Հովհաննես Թումանյանը: Ընդամենը երկաթուղի էր կառուցվում Լոռվա ձորում, և հարայ-հրոցը դնում էր՝ որ հա՜յ, Լոռին ձեռից գնում ա, Լոռին կործանվեց, պախրեքը էլ ձորը չեն մտնում, ծառերը կտրվում են․․․ Բա եթե հիմի զարթուն լիներ մեր մեծ գրողը, հիմա՞ ինչ կասեր»:

Մամուլում հրապարակումներ են եղել, թե «Վալլեքս գրուպ»-ն այդ տարածաշրջանում կարող է առաջիկայում իրականացնել նաև ուրանի արդյունահանում, իսկ սա առավել շատ է մտահոգում Ջավախյանին ու Սանասարյանին, ովքեր ասացին, թե եթե դա իրականություն դառնա, ապա ընդամենը 20 տարի անց պատկերն այդ տարածաշրջանում աղետալի կլինի:

Հակոբ Սանասարյանի համոզմամբ՝ Հայաստանում խոշորագույն սպառնալիքներից մեկը հանքարդյունաբերությունն է․ - «Եթե դուք նայեք Հայաստանի Հանրապետության քարտեզը, բոլոր լեռնային տարածքներում և գետերի ակունքներում և հուներում, հովիտներում, ըստ Վարդան Այվազյանի, մոտ երկու հարյուր մետաղական հանքավայրերի լիցենզիաներ են տրված: Եթե նույնիսկ անգամ հինգ տոկոսը դրանց կյանքի կոչվի, մենք պետք է չխոսենք մոտակա 20, 30, 50 տարիներին Հայաստանում խմելու և ոռոգող ջրերի մասին․ դրանք աղտոտվելու են այնպիսի տարրերով, որոնք միլիոնավոր և միլիարդավոր տարիներ դուք չեք կարող նորից հետ բերել և մաքրել»:

Բանախոսները նաև շեշտում էին, որ արդեն իսկ անցյալ տարի «Վալլեքս գրուպ»-ը Թեղուտի շրջական գյուղերի ավելի քան 14 հազար քառակուսի մետր տարածքում հետազոտություններ անցկացնելու արտոնագիր է ստացել, և չի բացառվում, որ այդ տարածքում էլ հենց կսկսեն ուրանի արդյունահանումը:

Հակոբ Սանասարյանի խոսքով, դեռ խորհրդային տարիներին մի քանի հարյուր միլիոն ռուբլի է ծախսվել այդ նպատակով տարածքի հետազոտության համար, ուրան հայտնաբերվել է, բայց հանքը չի շահագործվել:

«Որ այդտեղ հանքեր կային, որ այդտեղ պաշարներ կային, հայտնի էր ցարիզմին: Ժողովուրդը դիմեց, ցարը էդ բանին չգնաց, անսաց ժողովրդի ձայնին՝ էդ կանաչով ենք ապրում, էդ անտառներով ենք ապրում: Արյունարբու կոմունիստներն անգամ չգնացին էդ բանին», - ասաց Լևոն Ջավախյանը: - «Իսկ մեր ազատ, անկախ երկրի մեծերը ձեռները անամոթաբար կոխեցին բնության գրպանը: Հիմա ես ասում էի՝ գոնե դրանով բավարարվեն: Բայց գործն առաջ ա գնում․ փողի առաջ խաղ չկա, այնտեղ, որտեղ փողն ա, աչքերը կուրանում են, այնտեղ, որտեղ փողն ա, ականջները խլանում են, այնտեղ, որտեղ փողն ա, մարդ է սպանվում»:

«Այն վիճակում, որ մեր երկիրն է գտնվում, նման աղքատության շեմին հասած, տնտեսապես քայքայված վիճակում, շատ հեշտ է այստեղ այդ հանքերը պրպտելը, գտնելը, խլելը, շահագործելը: Դրա համար մեր դիրքերը շատ թույլ են այդ առումով: Պետք է միշտ աչալուրջ լինել․․․ Եթե խոսքը ուրանի մասին է, լուրջ գիտնականներ պիտի հանդես գան, ուսումնասիրություններ անեն: Բայց ես չգիտեմ՝ Հայաստանում մնացե՞լ են այդ մարդիկ», - ասաց հանդիպմանը մասնակցող արձակագիր Արամ Պաչյանը:

XS
SM
MD
LG