Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը գոհ է ԿԽՄԿ-ի հետ համագործակցության մակարդակից


Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվականի

Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվականի

Հայաստանի պաշտպանության նախարար, Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին և Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Պատրիկ Վիալին:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հանդիպման նպատակն էր քննարկել նախարարության և ԿԽՄԿ պատվիրակության միջև համագործակցության ընթացիկ խնդիրներն ու օրակարգային հարցերը, նախանշել առաջիկա համատեղ ծրագրերը:

ԿԽՄԿ պատվիրակներն արժևորել են Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովում Հայաստանի պետական կառավարման մարմինների և հատկապես պաշտպանության նախարարության ներդրումը` շնորհակալություն հայտնելով համագործակցության և ներկայացուցչության բարձր մակարդակի համար:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ «Արցախյան ազատամարտի ժամանակ անհայտ կորածների մտացածին թվաքանակի և զանգվածային հուղարկավորության վայրերի վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների տարածած ապատեղեկատվությունը և հայկական կողմին հասցեագրված անպատասխանատու մեղադրանքները նպատակամիտված են ոչ միայն միջազգային հանրությանը ապակողմնորոշելուն, այլև ադրբեջանական հասարակությունում հակահայկական տրամադրությունները հանցավոր կերպով խորացնելուն»:

Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին և դրա հայաստանյան ներկայացուցչությանը համագործակցության բարձր մակարդակի համար՝ վստահեցնելով, որ Հայաստանի պետական կառավարման պատկան մարմինները պատրաստակամ են սատարել կազմակերպության` մարդասիրական ուղղվածության բոլոր նախաձեռնություններին:

Նույն օրը ԿԽՄԿ պատվիրակներին ընդունել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Բաքվի կողմից զուտ հումանիտար հարցերը և դրանց շուրջ համագործակցությունը քաղաքականացնելու և շահարկելու փորձերը ի ցույց են դնում ադրբեջանական կողմի անհարգալից վերաբերմունքը զոհերի և անհայտ կորածների նկատմամբ», - արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ մասնավորապես ասել է Նալբանդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG