Մատչելիության հղումներ

Ասադը անակնկալ այց կատարեց Մոսկվա


Ռուսաստանի և Սիրիայի նախագահների հանդիպումը Կրեմլում, Մոսկվա, 20-ը հոկտեմբերի, 2015թ․

Ռուսաստանի և Սիրիայի նախագահների հանդիպումը Կրեմլում, Մոսկվա, 20-ը հոկտեմբերի, 2015թ․

Սիրիայի նախագահը վերջին չորս տարում առաջին անգամ այցելեց արտերկիր:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը երեքշաբթի երեկոյան կարճատև այցով Մոսկվայում էր, որտեղ կայացել է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հանդիպման ժամանակ, որի սկիզբն անցել է լրագրողների ներկայությամբ, երկու նախագահները քննարկել են Սիրիայում ռուսական օդուժի մասնակցությամբ ռազմական գործողությունների ընթացքը և պայքարը ահաբեկչության դեմ:

Բաշար ալ-Ասադը օգնության համար շնորհակալություն է հայտնել ռուս ժողովրդին և անձամբ Պուտինին: Նա ընդգծել է, որ այդ օգնությունը համապատասխանում է միջազգային նորմերին:

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայի տարածքում ահաբեկիչների շարքերում պատերազմում են նախկին Խորհրդային Միության հանրապետությունների շուրջ 4 հազար քաղաքացիներ, և Ռուսաստանը թույլ չի տա, որ այդ ահաբեկիչները, ձեռք բերելով փորձ և անցնելով համապատասխան գաղափարական պատրաստություն, հայտնվեն Ռուսաստանի տարածքում:

Պուտինն ընդգծել է, որ պաշտոնական Մոսկվան պատրաստ է իր մասնակցությունը բերել նաև Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման հարցում՝ համագործակցելով մյուս պետությունների հետ: Նա ողջունել է Ասադի պատրաստակամությունը՝ երկրի կառավարման հարցում համագործակցել առողջ ընդդիմության հետ:

«Սիրիայի ժողովուրդը գործնականում միայնակ դիմադրություն է ցույց տալիս, պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ արդեն մի քանի տարի՝ կրելով մեծ կորուստներ», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Սակայն նա հավելել է, որ վերջին շրջանում այդ պայքարում Սիրիան լուրջ հաջողությունների է հասել:

Վերջին չորս տարում, ինչ Սիրիայում ընթանում են ռազմական գործողություններ, սա Ասադի առաջին այցն է արտերկիր: Իսկ Մոսկվա Սիրիայի նախագահը ժամանել է Կրեմլի խնդրանքով:

Ասադի մոսկովյան այցը աննկատ չի անցել։ Արդեն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն, ով հայտարարել է՝ լավ կլիներ, որ Բաշար Ասադը մնար Մոսկվայում։

«Ի՞նչ կարող եմ ասել. կցանկանայի, որ նա Մոսկվայում ավելի երկար մնար, որպեսզի Սիրիայի ժողովուրդը իրեն թեթևացած զգար։ Իրականում լավ կլիներ, որ նա չվերադառնար, և Սիրիայում մեկնարկեր անցումային շրջանը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Դավութօղլուի խոսքով՝ 2011 թվականից ի վեր Ասադը բռնաճնշումներ և հետապնդումներ է իրականացրել Սիրիայի ժողովրդի նկատմամբ, իսկ պաշտոնական Անկարան շարունակում է ջանքեր գործադրել Սիրիայում ժողովրդավարության հաստատման գործընթացին հասնելու համար։ Այդ անցումային փուլը, ըստ Դավութօղլուի, կարող է հաջողված համարվել, եթե Սիրիան լքած 5 միլիոն փախստականները իրենց երկիրը բավականաչափ խաղաղ տեսնեն և վերադառնան։ Իսկ դա, ըստ Թուրքիայի ղեկավարի, հնարավոր է միայն Ասադի հեռանալուց հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG