Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 1-ից «Նոր Հայաստան»-ը «սկսում է ռեժիմի հեռացման գործընթացը»


Ժիրայր Սեֆիլյան, 21-ը հոկտեմբերի, 2015թ.

Ժիրայր Սեֆիլյան, 21-ը հոկտեմբերի, 2015թ.

«Ուժեղ ճնշելու ենք, զորեղ ճնշելու ենք այս ռեժիմին՝ նահանջելու», - հայտարարեց Սեֆիլյանը։

Րաֆֆի Հովհաննիսյանի և Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնած «Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատը հայտարարում է պայքարի վճռական փուլի մասին՝ դեկտեմբերի 1-ը հռչակելով քաղացիական անհնազանդության մեկնարկի օր:

Նորաստեղծ դաշինքում համոզված են՝ սահմանադրական փոփոխությունները պետք է կանխել իշխանափոխությամբ, ուստի պայքարը սկսում են մինչև հանրաքվեն:

Ընդդիմադիր շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, թե այլևս անհնար է ընտրությունների միջոցով Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անել.- «Միայն ու միայն ժողովրդի ընդվզման միջոցով: Մենք հրավիրում ենք մեր ժողովրդին, ոչ այնպես, որ հերթական անգամ հավաքվելու ենք Ազատության հրապարակում և նորից վերադառնալու ենք տուն, ո՛չ, այդպես չի՛ լինելու, ուժեղ ճնշելու ենք, զորեղ ճնշելու ենք այս ռեժիմին՝ նահանջելու», - հայտարարեց Սեֆիլյանը։

Ընդամենն ամիսներ առաջ՝ ապրիլի 24-ին նույն կոչերով հանրահավաք նախաձեռնած Ժիրայր Սեֆիլյանը կալանավորվեց բողոքի ակցիան չսկսած։ Այսօր Երևանում հրավիրած հավաքին ընդդիմադիր առաջնորդը պնդեց, թե պատրաստ է իշխանությունների կողմից հնարավոր բռնություններին։

«Եթե նրանք այս անգամ համարձակվեն խաղաղ բնույթի պայքարի դուրս եկած ժողովրդի վրա բռնություն կիրառել, նրանք պետք է ստանան համարժեք պատասխան բոլորիս կողմից, առաջինը՝ իմ կողմից։ Այլընտրանք չկա, նրանք պետք է նահանջեն, նրանք թող որոշեն՝ խաղաղությամբ են նահանջում, թե բռնությամբ են նահանջում։ Երբ ժողովուրդը զայրանում է, ժողովուրդը սկսում է քվեարկել ոտքերով, թող զգուշանան այսօրվանից», - ասաց Սեֆիլյանը։

«Ազատության» հետ զրույցում, սակայն, նոր շարժման ղեկավարը չմանրամասնեց՝ արդյոք դեկտեմբերի 1-ից շուրջօրյա հանրահավաքներ են լինելու։ «Քանի որ մենք գտնվում ենք բռնապետական ռեժիմում, ուստի ամեն ինչ չէ, որ մենք ի սկզբանե կարող ենք հրապարակայնացնել», - ասաց նա։

Ժիրայր Սեֆիլյանի ու ընկերների դեմ հարուցված քրեական գործը կարճված չէ, նրանք դեռ մեղադրյալի կարգավիճակում են.- «Կտեսնենք՝ ում շունչն է երկար»,- ասաց Սեֆիլյանը։

«Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը հորդորում էր չվախենալ.- «Ո՞վ է Սերժ Սարգսյանը. նա մի սովորական մարդ է՝ իր վախերով, իր թուլություններով, այս տարիների ընթացքում նաև փոքրությամբ։ Այս ամենը մեր աչքերի առջև է, ինչի՞ց ենք մենք վախենում։ Եկել է մեծ մարդկանց ժամանակը»։

Այդուհանդերձ, ոչ բոլոր ուժերն են համաձայն անհնազանդություններով պայքարելու այս ծրագրին։ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսն, օրինակ, չի միացել: Լևոն Զուրաբյանը շտապեց տեղեկացնել՝ դեկտեմբերի 1-ի հանրահավաքին Կոնգրեսը չի մասնակցելու, իրենց ծրագիրը կներկայացնեն «Ոչ»-ի ճակատի հանրահավաքում՝ հոկտեմբերի 30-ին։

«Հայ ազգային կոնգրեսը միշտ մասնակցել է, մասնակցում է և մասնակցելու է բոլոր այն զանգվածային միջոցառումներին, որը ինքն է կազմակերպել»,- ասաց Զուրաբյանը։

Ընդդիմադիր գործընկերների առջև իր ելույթում Զուրաբյանը հիշեցրեց՝ Հայ ազգային կոնգրեսը քաղաքացիական անհնազանդության գիտակ է, շուրջօրյա երկու նստացույց են անցկացրել, և միակ տարաձայնությունն այն է, որ արմատական ընդդիմության իրենց թևը կարծում է, որ մոբիլիզացիայի լավագույն առիթը հանրաքվեն է։

«Այն պլանը, որ դուք առաջարկում եք, կհաջողվի միայն եթե ժողովրդին ոտքի հանենք։ Եթե մենք ուզում ենք այդ խնդիրը կատարել, ուրեմն հանրաքվեն այսօր, կներեք, այսօր իշխանությունների կողմից մեզ նվիրված լավագույն գործիքն է։ Այդ հանրաքվեով իշխանությունը մի հարց է դնում՝ Սերժ Սարգսյանը մնալո՞ւ է, թե՞ չէ»,- հայտարարեց Զուրաբյանը։

Միաժամանակ ՀԱԿ-ը պնդում է՝ կարևորը՝ ռեժիմը հեռացնելու հարցում միակամ են: Նույնն են ասում նաև «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունում։ Ավելին՝ Արշակ Մուսախանյանն ասում է՝ բարիկադը մեկն է, սա տարաձայնություն չէ, այլ՝ փոխլրացում, աշխատանքի բաժանում։

«Մենք փորձելու ենք քաղաքացիներին մոբիլիզացնել, որպեսզի գնան հանրաքվեի և քվեարկեն «ոչ»։ Նաև փորձելու ենք վերահսկողություն սահմանել ընտրական գործընթացի նկատմամբ։ «Նոր Հայաստանը» գնալու է ավելի ռադիկալ քայլերի, հիմա իշխանությունները շատ լուրջ պետք է մտածեն՝ ում հետևից գնան և ում բաց թողնեն»,- ասաց «Չե՛ք անցկացնի»-ի ներկայացուցիչը։

XS
SM
MD
LG