Մատչելիության հղումներ

Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցությունները կարող են սկսվել մինչև տարեվերջ, այսօր կարծիք հայտնեց էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Եվրահանձնաժողովին համապատասխան մանդատը տրվել է հոկտեմբերի 12-ին:

Քաղաքական բաղադրիչից բացի պայմանագիրը կունենա նաև տնտեսական բաղադրիչ, որը, սակայն, իր ընդգրկմամբ համեմատելի չէ 2013-ին տապալված Ասոցիացման համաձայնագրի մաս կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի հետ:

«Հիմնական մոտեցումը եղել է նրանում, որ Հայաստանի՝ Եվրասիական միությանը անդամակցությամբ պայմանավորված՝ այն հարցերը, որ հնարավոր չի լինելու ներառել նոր ստորագրվելիք փաթեթում, դրանք հանվեին և նոր իրավիճակի հիման վրա ուրվագծվեր այն պատկերը, թե ինչ կարող է ներառվել», - այսօր լրագրողների հետ զրույցում մանրամասնեց Գարեգին Մելքոնյանը:

Պատգամավոր Թևան Պողոսյանի բնորոշմամբ, նոր պայմանագիրը կարելի է անվանել «Ասոցիացում մինուս»․ - «Այլևս խորը, համապարփակ, բաց, ազատ առևտուր չէ, այլ կիսատ, կիսաազատ, կիսա ոչ խորը․․․ այս տեսակի համաձայնագիրն ենք ստորագրում»:

Փոխնախարարը միանգամից է հստակեցնում՝ բացառվում է Եվրամիության հետ առանց մաքսատուրքերի առևտուրը, մի բան, որ նախատեսված էր ազատ առևտրի համաձայնագրով, բայց թվարկում է տասնյակ այլ ոլորտներ, որտեղ կարելի է համագործակցել եվրոպացիների հետ՝ տուրիզմից մինչև գյուղատնտեսություն։

Թե կոնկրետ ինչ տեսակի տնտեսական համագործակցություն կարող է լինել Եվրամիության ու Կրեմլի նախաձեռնած եվրասիական դաշինքում ինտեգրված Հայաստանի միջև, փոխնախարարը դժվարանում է հստակեցնել:

Փոխարենը Թևան Պողոսյանն է մանրամասնում՝ Եվրամիությունը կֆինանսավորի բարեփոխումների, մասնագետների վերապատրաստման ծրագրեր, կարող է ստեղծել որակի ստուգման լաբորատորիաներ, օգնել այլընտրանքային էլեկտրաէներգիայի ոլորտը զարգացնելու հարցում և այլն․ - «Կարճաժամկետ որևէ բան չի լինելու, փաստաթուղթ է լինելու: Երկարաժամկետ՝ եթե երկու կողմը աշխատեն ու շարունակեն՝ կանեն»:

Դեպի Հայաստան Եվրամիությունից ներմուծման դեպքում 0 տարիֆները բացառվում են, բայց հայ գործարարները Եվրամիություն արտոնյալ պայմաններով արտահանում կարող են իրականացնել GSP+ համակարգի շնորհիվ, որը գործում է դեռ 2009 թվականից։ Էկոնոմիկայի փոխնախարարը պնդում է՝ քիչ չեն գործարարները, որ օգտվում համակարգից:

Գործատուների միությունը հակադարձում է՝ իրականում շատ քչերն են կարողանում ապահովել ապրանքի որակն ու սննդի անվտանգությունը հաստատող փաստաթղթեր, որ մտնեն եվրոպական շուկա։ Նրանցից մեկը գինեգործ Ավագ Հարությունյանն է, ով պնդում է՝ եվրոպական շուկան չափազանց գրավիչ է. - «Եվրոպական շուկան հասկանում է գինին, եվրոպական շուկան ըմբռնում է գինին, գնահատում է: Ռուսական շուկան՝ ոչ: Ռուսական շուկան ստերեոտիպներով է առաջնորդվում: Ռուսական շուկայում կան սեգմենտներ, որտեղ երկար տարիներ այդ սեգմենտներում նույն խաղացողներն են, որոնց պետք է հրես, որպեսզի իրենց տեղը զբաղեցնես»:

Գինեգործը նաև պնդում է, որ թեև մաքսատուրքեր ինքն էլ չի վճարում, բայց միևնույն է՝ Ասոցիացման պայմանագիրը ստորագրած Մոլդովան ու Վրաստանը շատ ավելի արտոնյալ պայմաններում են. - «Տալիս են դրամաշնորհներ, տալիս են արտոնյալ ճանապարհներ, վարկեր: Իրենք շատ մեծ գրանտային ծրագրեր առաջարկեցին, փաթեթներ առաջարկեցին, և մենք հիմա անհավասար մրցակցության դաշտում ենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG