Մատչելիության հղումներ

logo-print

Աշխատանքից հեռացված դատավորը հաղթել է ՄԻԵԴ-ում


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում:

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով աշխատանքից հեռացված դատավոր Անահիտ Սաղաթելյանը հաղթել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) և մտադիր է պայքարել պաշտոնում վերականգնվելու համար։

Եվրադատարանը դատարանը որոշել է, որ խախտվել են Անահիտ Սաղաթելյանի իրավունքները, ինչի համար Հայաստանի Հանրապետությունը պետք է 4900 եվրոյին համարժեք տուգանք վճարի նրան։

ՄԻԵԴ-ը, մասնավորապես, արձանագրել է, որ նախկին դատավորը զրկվել է նախագահի հրամանագիրը, որով ինքը հեռացվել էր աշխատանքից, Հայաստանի դատական որևէ ատյանում վիճարկելու հնարավորությունից:

Անահիտ Սաղաթելյանն աշխատանքից հեռացվել է 2004-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 8 տարի պաշտոնավարելուց հետո։ «Ազատության» հետ զրույցում նա նշեց, որ իր լիազորությունները դադարեցվել էին ապօրինի, այն ժամանակ, երբ ինքը հիվանդանոցում վիրահատական սեղանին է եղել։

Իսկ բողոքները վարույթ չեն ընդունվել. - «Հայցապահանջը Նախագահի հրամանագիրը չեղյալ համարելու մասին մեր պետական ատյաններում չի լսվել՝ ընդհանուր իրավասության դատարաններում ընդդատյա չլինելու պատճառաբանությամբ: Դատարանները հղում էին կատարում, որ այդ հարցերը լսվում են Սահմանադրական դատարանում, իսկ այն ժամանակվա օրենսդրությամբ անհատ քաղաքացիները՝ ֆիզիկական անձինք, Սահմանադրական դատարան դիմելու իրավունք չունեին: Իմ հայցը մնաց առանց քննության»:

Հարցին, թե ինչ հիմնավորմամբ էր ազատվել պաշտոնից, Սաղաթելյանը պատասխանեց․ - «Ձևակերպումը այսպիսին էր՝ արդարադատություն իրականացնելիս խախտումներ թույլ տալու հիմքով․․․ Մինչև հիմա ինձ ևս պարզ չէ, թե ինչ հիմքով, թե ի՞նչն եմ խախտել․․․ ես էլ չգիտեմ»:

Նա ասաց, որ իրեն աշխատանքից ազատելու միջնորդությունը ներկայացրել է այն ժամանակ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը․ վերջինիս գլխավորած Արդարադատության խորհուրդը հանդես է եկել համապատասխան եզրակացությամբ, ինչին էլ հաջորդել է Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը։

Նախկին դատավորը համոզված է, որ պատժվել է կամակատար չդառնալու և անկախ գործելու համար. - «Ուղղակի պետություն, իշխանավոր, իշխանությունը հավասարեցվել է ընկեր, թայֆա կամ խմբային ինչ-որ մի բանի հետ: Պարզապես ես չեմ ենթարկվել մարզային դատախազությանը: Իսկ մարզային դատախազությանը դա բոլորովին դուր չէր գալիս․ ինչպես կարող եմ ես ինքնուրույն որոշել իրենց ներկայացրած կալանքների հարցը»:

Որպես իր նկատմամբ հետապնդման օրինակ Սաղաթելյանը վկայակոչում է դատավոր եղած ժամանակ կաշառքի ու խարդախության հատկանիշներով իր դեմ քրեական գործի հարուցումը։ Հետո գործը կասեցվել է: 2008-ին Եվրադատարանի հետ հարցուպատասխանի փուլում՝ կրկին վերաբացվել. նախկին դատավորին մեղադրանքներ են առաջադրվել, բայց տարիներ անց նա դատական կարգով արդարացվել է. - «Ամբողջ իմ շրջապատում բոլորը ինձ չակերտավոր մեղադրում են, այն բանի մեջ, որ ես այդպես էլ չմերվեցի գործող համակարգին: Բայց ես արել եմ ուղղակի իմ գործը: Որևէ քաղաքական․․․ մեծամասնության, կամ ընդդիմության, կամ փոքրամասնության մեջ չեմ եղել, չեմ հարել: Ես ուղղակի հասկացել եմ իմ գործը էնպես, ինչպես որ օրենքն է թելադրել»:

Եվրադատարանում նախկին դատավորի շահերը պաշտպանող փաստաբան Արա Ղազարյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի այն հոդվածը, որը վկայակոչելով դատարանները հրաժարվել են վարույթ ընդունել Անահիտ Սաղաթելյանի բողոքը, հետագայում՝ 2006-ին, ճանաչվեց հակասահմանադրական:

Հարցին՝ արդյո՞ք Եվրադատարանի վճռի հիման վրա Սաղաթելյանը կարող է վերականգնվել դատավորի պաշտոնում, Ղազարյանը պատասխանեց․ - «Բերելու ենք վերաբացման դիմում: Եթե վարույթը վերաբացեցինք, արդյո՞ք նշանակում է, որ Անահիտ Սաղաթելյանը ինքնաբերաբար պետք է վերականգնվի իր պաշտոնում, թե՞ նշանակում է, որ պետք է վարույթը վերաբացել այնտեղից, որտեղից սկսվեցին խախտումները: Սա հարց է, որի շուրջ պետք է մենք դեռ մտածենք: Ես չեմ ուզում դեպքերից առաջ ընկնել»:

Եվրադատարանում է նաև Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով աշխատանքից հեռացված մեկ այլ դատավորի՝ 2007-ին «Ռոյալ Արմենիա»-ի գործով մեղադրյալներին արդարացրած Պարգև Օհանյանի բողոքը։ «Ազատության» հետ զրույցում Օհանյանը հույս հայտնեց, որ Անահիտ Սաղաթելյանի գործով Եվրադատարանի դիրքորոշումը կարող է նախադեպ դառնալ իր գործով ևս դրական վճիռ կայացնելու համար։

XS
SM
MD
LG