Մատչելիության հղումներ

Պուտինը պահանջել է բացահայտել ռուսաստանցի գրոհայինների կապերը միջազգային ահաբեկիչների հետ


Ռուսաստան - Միջոցառում Կրեմլում՝ ղեկավար նոր պաշտոններում բարձրաստիճան զինվորականների նշանակման կապակցությամբ, Մոսկվա, 20-ը հոկտեմբերի, 2015թ.

Ռուսաստան - Միջոցառում Կրեմլում՝ ղեկավար նոր պաշտոններում բարձրաստիճան զինվորականների նշանակման կապակցությամբ, Մոսկվա, 20-ը հոկտեմբերի, 2015թ.

Հրամանից ժամեր անց ոստիկանությունը հաղորդել է իսլամիստական կազմակերպության 22 անդամների ձերբակալության մասին։

Այս տարվա ընթացքում Ռուսաստանում արդեն կանխվել է 20 ահաբեկչական գործողությունների փորձ, Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է 560 զինյալների, ևս 112 գրոհայիններ սպանվել են Հյուսիսային Կովկասում անցկացված գործողությունների արդյունքում։ Այս տվյալները նախօրեին հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպման ժամանակ։

45 բարձրաստիճան զինվորականներ և իրավապահներ ղեկավար նոր պաշտոններում են նշանակվել, և Պուտինը հանդիպել է նրանց հետ, ինչպես նաև ելույթ ունեցել։

Անվտանգության դաշնային ծառայությունից Պուտինը պահանջել է ակտիվորեն բացահայտել ռուսաստանցի գրոհայինների կապերը միջազգային ահաբեկիչների հետ։ «Սկզբունքորեն կարևոր է բացահայտել ռուսաստանցի գրոհայինների կապերը միջազգային ահաբեկչական խմբավորումների և նրանց հովանավորողների հետ», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Նրա ելույթից ժամեր անց ոստիկանությունը հաղորդեց, որ Մոսկվայի մարզում 22 մարդու են ձերբակալել, որոնք Ռուսաստանում արգելված իսլամիստական կազմակերպության անդամներ են։

Ներքին գործերի նախարարության հայտարարությունում նշված է, որ իրավապահների գործողությունների արդյունքում ոչնչացվել է «Հիզբ ութ-Թահրիր ալ-Իսլամի» («Ազատագրման իսլամական կուսակցություն») կազմակերպության բջիջը։ Սա ծայրահեղ իսլամի քարոզչական կազմակերպություն է, որի գործունեությունն արգելված է Ռուսաստանում և Կենտրոնական Ասիայի մի քանի երկրներում։ Ոստիկանությունը հաղորդել է, որ լայնամասշտաբ գործողության արդյունքում 97 մարդու բերման են ենթարկել՝ հարցաքննության, որոնցից 22-ին արդեն ձերբակալել են։

Ըստ ոստիկանության պաշտոնյաների, «Հիզբ ութ-Թահրիր» գաղտնի կառույցը դրամահավաքներ էր կազմակերպում իսլամիստ զինյալների համար, ինչպես նաև հավաքագրում նոր անդամների։

Վլադիմիր Պուտինն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցող ռուսաստանցի զինծառայողներին՝ ցուցաբերած արհեստավարժության և արիության համար։ Նրա խոսքով՝ գործողությունների արդյունավետությունն ապացուցում է, որ Ռուսաստանը պատրաստ է համարժեք և էֆեկտիվ պատասխան տալ ահաբեկչական կամ այլ սպառնալիքներին։

Մեկնաբանները նշում են, որ Սիրիայում ներգրավվելով ռազմական գործողություններում՝ Ռուսաստանը դրանից հետո երկրի ներսում է՛լ ավելի է ուժեղացրել անվտանգությանն ուղղված քայլերը՝ կանխելու համար հնարավոր վրեժխնդրական գործողությունների փորձերը։

XS
SM
MD
LG