Մատչելիության հղումներ

«Նոր Հայաստան»-ն այսօր կներկայացնի «ռեժիմի հեռացմանը» հասնելու ճանապարհը


Ընդդիմադիր գործիչները հայտարարում են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ ձևավորելու մասին, Երևան, 12-ը հոկտեմբերի, 2015թ․

Ընդդիմադիր գործիչները հայտարարում են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ ձևավորելու մասին, Երևան, 12-ը հոկտեմբերի, 2015թ․

Ըստ Գարեգին Չուգասզյանի, այսօր կհնչեն վերջին շրջանում կուտակված բազմաթիվ «ինչու»-ների պատասխաններ։

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն այսօր կներկայացնի իր ծրագիրը։ «Հիմնադիր խորհրդարան»-ի (ՀԽ) նախագահ Գարեգին Չուգասզյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ կհնչեն վերջին շրջանում կուտակված բազմաթիվ «ինչու»-ների պատասխաններ, օրինակ՝ թե ովքեր են լինելու պայքարի մասնակիցները և թե ինչու են որոշել հենց այսօր այդ մասին խոսել։

«Ինչո՞ւ ճակատ և ինչո՞ւ այս կազմով, ինչո՞ւ քաղաքացիական անհնազանդություն, ովքե՞ր են պայքարի մասնակիցները, ինչպե՞ս կառավարել երկիրը մինչև արտահերթ ընտրություններ, ինչպե՞ս հասնել ռեժիմի հեռացմանը՝ սրանք այն հիմնական հարցերն են, որ սովորաբար տրվում են մեզ․ մենք կփորձենք դա ներկայացնել։ Հրավիրված են լինելու թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական այն միավորումները, որոնք «Ոչ»-ի դիրքերից են հանդես գալիս», - նշեց Չուգասզյանը։

Օրեր առաջ էլ փրկության ճակատի ստեղծած ընդդիմության միասնական շտաբի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ճակատի մաս կազմող ուժերի առաջին ընդհանուր ժողովը։

Քաղաքական խորհրդի անդամները ներկայացրել են պայքարի ռազմավարության և մարտավարության վերաբերյալ քաղաքական խորհրդի մոտեցումները։ Չուգասզյանի խոսքով՝ հենց այս թեմաների տրամաբանական շարունակությունն է լինելու նաև այսօր կեսօրին կայանալիք միջոցառումը։

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամները՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը, «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն ու «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը հանգամանալից կներկայացնեն, թե ինչպես են պատրաստվում հասնել «ռեժիմի հեռացմանը»։

Արմեն Մարտիրոսյանն առայժմ հրաժարվում է բացել փակագծերը։ «Մենք կներկայացնենք՝ ինչ քայլեր են անհրաժեշտ, հիմնավորումները դրանց, որոշակի մարտավարական հարցեր կբարձրաձայնենք։ Բազմաթիվ հարցեր կան, որոնք առաջացել են այս ժամանակահատվածում։ Ինչ է նախատեսված ժողովրդի վստահության կառավարության հետ կապված նաև, քաղաքացիական մոբիլիզացիան ինչ է, քաղաքացիական անհնազանդությունը ինչ է, դրանց օրինականության հետ կապը, և այլն՝ այս բոլոր խնդիրների վերաբերյալ մենք պարզաբանումներ ենք տալու», - ասաց Մարտիրոսյանը։

Հանրային փրկության ճակատը թեև դեմ է սահմանադրական բարեփոխումներին, բայց առաջնային է համարում նախ իշխանափոխությունը։

Հարցին, թե խոսվելո՞ւ է սահմանադրական բարեփոխումների մասին, Մարտիրոսյանը պատասխանեց. - «Դրա մասին ևս կլինի»։

Հիշեցնենք, որ նորաստեղծ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին են միացել «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը, «Հիմնադիր խորհրդարան»-ը, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, «Ժառանգություն»-ը, ինչպես նաև «Ազգային ինքնորոշում միավորում»-ը (ԱԻՄ)՝ դիտորդի կարգավիճակով։

XS
SM
MD
LG