Մատչելիության հղումներ

Սոցցանցերի ապագա՞ն․ ամերիկացի դեռահասները գերադասում են Instagram-ը, Twitter-ը, Snapchat-ը


Ամերիկացի դեռահասների շրջանում Piper Jaffray ներդրումային ընկերության անցկացրած հարցման համաձայն՝ ԱՄՆ-ում աճող սերունդը լուսանկարների խմբագրման և տարածման համար ստեղծված Instagram հավելվածը համարում է իր «ամենակարևոր սոցիալական ցանցը»: Այսպիսի պատասխան է տվել հարցվածների 33 տոկոսը:

Սոցիալական ցանցերի շարքում կարևորությամբ երկրորդ տեղում է հայտնվել Twitter միկրոբլոգային հարթակը՝ հարցման մասնակիցների մոտ 20 տոկոսն է այն այդպիսին համարել: Երրորդ տեղում՝ 19 տոկոսով, «վաղանցիկ» Snapchat-ն է, իսկ աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը՝ Facebook-ը, ամերիկացի դեռահասների համար ընդամենը չորրորդն է՝ 15 տոկոսով:

Թեև Facebook-ը, որը դեռահասների կողմից առավել կարևոր համարված սոցցանցն էր 2012 թվականին, զիջել է դիրքերը, հետազոտության արդյունքները չի կարելի վատ լուր համարել Facebook ընկերության համար, քանի որ դեռահասների շրջանում նոր առաջատարը՝ Instagram-ը, ևս պատկանում է այս ընկերությանը:

Որոշ վերլուծությունների համաձայն՝ դեռահասները գերադասում են Instagram-ը, քանի որ այսպիսով նրանք փորձում են անհասանելի դառնալ Facebook-ում ավելի ու ավելի ակտիվացող չափահասների համար: Twitter-ի դեպքում կարևորվում է կարճ գրելու գործոնը, ինչպես նաև մեծ թվով փոփ և սպորտային աստղերի առկայությունը այս հարթակում:

Սոցիալական ցանցերին վերաբերող բաժինը տարբեր բրենդների նկատմամբ վերաբերմունքի մասին Piper Jaffray-ի կողմից տարեկան երկու անգամ անցկացվող մեծ հարցման մեկ բաղադրիչն է միայն: Հարցմանը մասնակցել է 13-ից 19 տարեկան 9,400 դեռահաս:

Մոտավորապես նույն տարիքային խմբի՝ 13-ից 17 տարեկանների շրջանում Pew կենտրոնի անցկացրած հետազոտությունը այլ պատկեր է ցույց տալիս՝ դեռահասների 41 տոկոսը նշել է, որ Facebook-ը իրենց կողմից առավել հաճախ օգտագործված կայքն է, երկրորդ տեղում՝ 20 տոկոս ցուցանիշով՝ Instagram-ն է, իսկ Snapchat-ը երրորդն է՝ 11 տոկոսով:

Դեռահասների շրջանում այսօրինակ հետազոտությունները կարևորվում են տեխնոլոգիական ընկերությունների կողմից, քանի որ դրանք համարվում են կարևոր ցուցիչ՝ ապագայի զարգացման միտումների տեսակետից:

Հայաստանում սոցցանցերի օգտագործման մասին հրապարակված հետազոտություն չկա: Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի բլոգում հրապարակված թվերի համաձայն՝ 2014-ի դեկտեմբերի դրությամբ առավել թվով օգտագործողներ ունի Odnoklassniki ցանցը՝ շաբաթական 926 հազար մարդ, երկրորդ տեղում VKontakte-ն է՝ 794 հազար օգտագործողներով, երրորդում՝ Facebook-ը՝ 740 հազար ակտիվ օգտագործողներով: Կոնկրետ դեռահասների մասին առանձին տվյալներ չկան: Ավելին՝ հրապարակված թվերին պետք է մոտենալ որոշակի վերապահմամբ, քանի որ դրանք Facebook-ի և Odnoklassniki-ի դեպքում գովազդային նշանակություն ունեն, իսկ VKontakte-ն հաճախ օգտագործվում է որպես այլ կայքերի կողմից ներդրված տեսանյութերի դիտման հարթակ և ոչ միշտ է կատարում սոցիալական շփման հարթակի դեր:

Վերջին շրջանում Հայաստանում աճել է Instagram օգտագործողների քանակը, մասնավորապես՝ բավականին ակտիվ են փոփ աստղերի, հեռուստահաղորդավարների էջերը, որոնք տասնյակ հազարավոր հետևորդներ ունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG