Մատչելիության հղումներ

Թբիլիսին կշարունակի «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները


Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձե, արխիվ

Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձե, արխիվ

Չնայած ընդդիմության կոշտ քննադատությանը` Վրաստանի իշխանությունները ռուսական «Գազպրոմ» ընկերությունից գազ գնելու հարցում կարծես հաստատակամ են: Դա պարզ դարձավ փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի երեկ Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ:

«Ռուսական գազի ներկրման մասին խոսակցությունները ընդիմության շրջանում անառողջ ոգևորության պատճառ են դարձել: Իրականությունը, սակայն, հետևյալն է` մինչև «Շահ Դենիզ-2» նախագծի մեկնարկը, այսինքն՝ մինչև 2019 թվականը, Ադրբեջանն ի վիճակի չի լինելու բավարարել Վրաստանի գազի պահանջարկը, որն, ի դեպ, աճում է: Փոխարենը, Հայաստանը ցանկանում է ավելացնել Ռուսաստանից ներկրվող գազի ծավալները, այնտեղ ցանկանում են նոր ջերմաէլեկտրակայան կառուցել: Ուստի երբ մեր տարածքով անցնող «Հյուսիս-Հարավ» խողովակաշարով առաքվող գազի ծավալները աճեն, մենք ևս կարող ենք օգտվել», - հայտարարում էր Կալաձեն` հատուկ ընդգծելով․ - «Ինչու Ադրբեջանն ի վիճակի չէ մեզ հավելյալ ծավալի գազ մատակարարել` այդ հարցը տեղին կլինի ուղղել հենց ադրբեջանական կողմին: Մենք մեր հերթին «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները շարունակելու ենք, և եթե առաջարկվող գինը մեզ բավարարի, ապա ռուսական ընկերությունից գազ ձեռք կբերենք առևտրային ընկերությունների համար»:

Ուշագրավ է, որ քանի դեռ Վրաստանի վարչապետի էներգետիկ գծով տեղակալը հայտարարում էր Ադրբեջանի` բավարար ծավալի գազ մատակարարելու անկարողության մասին, Վրաստանի կառավարության կազմում գործող մյուս փոխվարչապետը՝ համատեղության կարգով նաև արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Գիորգի Կվիրիկաշվիլին Բաքվում էր: Այստեղ նա հանդիպեց Ադրբեջանի բոլոր բարձրաստիճան ղեկավարների հետ` հայտարարելով, որ բանակցությունների առանցքային թեմաներից մեկը երկկողմ էներգետիկ համագործակցության զարգացումն էր:

«Այս բանակցությունների ընթացքում մենք անդրադարձանք նախևառաջ «Հարավային գազային միջանցք» նախագծի իրագործման հեռանկարներին, որի շնորհիվ Վրաստանն ու Ադրբեջանը առանձնահատուկ դերակատարություն կստանձնեն Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Բացի այդ, մենք չենք շրջանցել մեկ այլ կարևորագույն ծրագրի` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության հարցը», - նշում էր Վրաստանի արտաքին գործերի նախարարը:

XS
SM
MD
LG