Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը տարեկան 1,5 միլիոն դոլար է տրամադրում ՀՀ արդարադատության համակարգի առողջացման նպատակով


Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը և Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, Երևան, 20-ը հոկտեմբերի, 2015թ.

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը և Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, Երևան, 20-ը հոկտեմբերի, 2015թ.

ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն ակնկալում է, որ քրեական գործերի նախաքննության գործընթացում կոռուպցիոն ռիսկերը շուտով լրջորեն կրճատվելու են։

Հովսեփյանը հույժ կարևոր է համարում կոմիտեի տեխնիկական վերազինումը։ Մասնավորապես, կառույցի բոլոր ստորաբաժանումներում ներդրվելու է քրեական գործերի թվայնացման ծրագիրը: Նախատեսվում է նաև ստեղծել ներքին ցանց, որը, ըստ Քննչական կոմիտեի ղեկավարի, հասանելի է դարձնելու գործերի նյութերը և դյուրացնելու է նախաքննության նկատմամբ վերահսկողությունը։ Այսինքն՝ երաշխավորելու է նախաքննության թափանցիկությունը։

Այդ նպատակով Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը 132 հազար դոլար արժողությամբ սարքավորումներ նվիրաբերեց Քննչական կոմիտեին։ Դեսպան Ռիչարդ Միլսը, ով վերջերս հայտարարել էր, որ կոռուպցիան խոչընդոտում է Հայաստանի հետ իրենց ընդհանուր նպատակների իրականացմանն ու հարաբերություններին, այսօր հիշեցրեց իր դիտարկումները. - «Մի քանի շաբաթ առաջ ես խոսել եմ կոռուպցիայի հիմնախնդրի և այն վերացնելու անհրաժեշտության մասին: Կարծում եմ, սա այսօր օրինակ է, թե ինչպես է Միացյալ Նահանգների դեսպանատունը նաև օգնում իր գործընկերներին այդ հարցում»։

Քրեական գործերի թվայնացումը որպես փորձարարական ծրագիր Քննչական կոմիտեի երկու ստորաբաժանումներում ներդրված է․ ըստ Աղվան Հովսեփյանի, թվայնացված են 458 քրեական գործեր: Նրա խոսքով՝ նոր համակարգը նաև հնարավորություն կտա ֆինանսական միջոցները տնտեսել․ - «Տարեկան մոտ 60-70 միլիոն դրամի տնտեսում: Թվայնացված քրեական գործը համակարգչային ցանցի, ներքին ցանցի միջոցով, ասենք, եթե Բագրատաշենից, Մեղրիից, Ղափանից, Թալինից կգա համապատասխան մեր՝ վերահսկողություն իրականացնող ստորաբաժանումները, բնականաբար, դրանով կկրճատվեն նաև կոռուպցիոն ռիսկերը: Որովհետև դրանից հետո գրեթե անհնար կլինի քննիչի կողմից ինչ-որ փաստաթուղթ փոխելը, կեղծելը»:

Տեխնիկական այս վերազինումը Հայաստանի քրեական արդարադատության համակարգին աջակցության ամերիկյան ծրագրի մի մասն է։ Միացյալ Նահանգների կառավարությունը այդ աջակցության շրջանակներում, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանին տարեկան տրամադրում է 1.5 միլիոն դոլար։

«Ազատության» զրուցակից փաստաբանները, կարևորելով հանդերձ նոր դարաշրջանում նոր տեխնիկայի դերը, համոզված են, որ համակարգի պատասխանատուները պետք է նաև կամք ունենան համակարգը կոռուպցիայից ազատելու համար։ Չնայած խոշոր ներդրումներին, միջազգային տարբեր զեկույցները փաստում են, որ մեզանում դատաիրավական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը շարունակում է մնալ ցածր։

«Լավացումը, բարելավումը կամ ռեֆորմը մենք պետք է նկատենք արդար դատական ակտերի քանակով, բայց այդտեղ չեմ կարծում, որ փոփոխություն կա», - ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Փաստաբան Գևորգ Գյոզալյանն էլ համակարգի առողջացման երաշխիքը համարում է նոր տեխնիկայի ներդրմանը զուգահեռ կոռումպացված պաշտոնյաներից ազատվելը. - «Եվ Վրաստանը դրա լավագույն օրինակն է մեզ համար: Մարդկանցից պետք է սկսես: Նախ առաջինը պետք է հանես կաշառակերին, կամ կոռուպցիոնիստին․․․ մտածելակերպով այդպիսի մարդկանցից պետք է համակարգը մաքրես: Բերես նոր կադրեր, ջահելներ, բարձր գումար նրանց վարձատրես․ այստեղից պետք է սկսես, որ նոր նրանց վստահես նման տեխնիկա: Իսկ եթե հին մտածելակերպով մարդը, որը սովոր է կոռուպցիոն երևույթներին, այդ մարդկանց տալիս ես այդ տեխնիկան, վստահաբար կարող եմ ասել, որ չի աշխատի: Եվ դրա վառ ապացույցը մեր դատարաններն են, նոր շենքերն են, բայց արդարադատության որակը ինչպես կա, այնպես էլ մնում է»:

Քրեական գործերի թվայնացման ծրագիրը Քննչական կոմիտեում նախատեսվում է ներդնել 2016 թվականից։

XS
SM
MD
LG