Մատչելիության հղումներ

ԵՊՀ ռեկտոր․ «Դրսից որևէ քարոզիչ չի մտնելու համալսարան»


ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը (ձ) և բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, արխիվ։
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը (ձ) և բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, արխիվ։

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը քննադատում է Երևանի պետական համալսարանում սահմանադրական փոփոխությունների հարցով կազմակերպվող միջոցառումները՝ պնդելով, թե բուհի ղեկավարությունը «այո»-ի քարոզչություն է իրականացնում:

Մայր բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը պնդում է, որ օրերս կազմակերպված միջոցառումը շարունակություն է ունենալու, և վստահություն է հայտնում, որ իրավագիտություն ուսումնասիրող ուսանողները պետք է հստակ իմանան, թե որոնք են առաջարկվող փոփոխությունների դրական ու բացասական կողմերը․ - «Եթե կա «ոչ»-ի քարոզ, բնականաբար, պիտի երևի լինի «այո»-ի քարոզ: Համալսարանի մասնագետների պարտքն է՝ իրազեկել կոլեկտիվի անդամներին և ուսանողությանը, թե խոսքը ինչի մասին է, ինչու են ասում «ոչ» կամ ինչու են ասում «այո»: Բա ո՞ւր մնաց բազմակարծությունը, բա ո՞ւր մնաց առանց ճնշում գործադրելու մարդկանց կարծիք հարցնելը»:

«Այո»-ի կողմնակից Արամ Սիմոնյանը կարծում է, որ սահմանադրական բարեփոխումների թեման պետք չէ քաղաքականացնել: Իսկ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Հրայր Մանուկյանը, հակադարձելով ռեկտորին, պնդում է՝ սա հենց քաղաքական նախագիծ է, որի նպատակը գործող իշխանության վերարտադրությունն է, և ուսանողների հետ կազմակերպվող միջոցառումների նպատակը նրանց նույնպես «այո»-ի կողմնակից դարձնելն է․ - «Այդ միջոցառումը, որ կազմակերպվել էր ԵՊՀ-ում, ակնհայտորեն «այո» քարոզելու նպատակ էր հետապնդում, որովհետև հրավիրված կողմը Գևորգ Դանիելյանն էր, որը Սահմանադրության տեքստի հեղինակներից մեկն է: Հավասար ժամանակաչափով և հավասար հարթության վրա չի եղել «ոչ»-ը ներկայացնող տեսակետ ԵՊՀ-ում»:

Համալսարանում «Ազատությանը» հանդիպած ապագա իրավաբանները պերճախոս չէին, իսկ ոմանք առհասարակ տեղյակ չէին, որ իրենց բուհում սահմանադրական փոփոխությունների թեմայով իրազեկման միջոցառումներ են կազմակերպվել:

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը պատրաստվում է դիմել ռեկտորներին, որպեսզի իրենց տրվի բուհերում «ոչ»-ի հիմնավորումները ներկայացնելու հնարավորություն:

Նաև ԵՊՀ-ում են ցանկանում կազմակերպել այդօրինակ քննարկում, սակայն Արամ Սիմոնյանը կտրուկ պատասխան տվեց՝ չի թողնելու, որպեսզի դրսից որևէ մեկը գա ու ԵՊՀ-ի ուսանողների շրջանում «ոչ» քարոզի․ - «Դրսից որևէ մի քարոզիչ չի մտնելու համալսարան, մենք դեմ ենք դրան: Մենք ինքներս մեր ուժերով․․․ կա՞ն մեզ մոտ «ոչ» ասողներ՝ խնդրեմ, նրանց ձայնը լսելի կլինի, կա՞ն «այո» ասողներ՝ նրանց ձայնը»:

Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող շարժումը, սակայն, մտավախություն ունի, որ սահմանադրական փոփոխություններին ընդդիմացողները կզրկվեն իրենց դիրքորոշումը ներկայացնելու հնարավորությունից ԵՊՀ-ում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը սահմանադրական բարեփոխումները նախաձեռնած Սերժ Սարգսյանն է:

XS
SM
MD
LG