Մատչելիության հղումներ

ՍԴ-ն պաշտպանեց տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու ԶԼՄ-ների իրավունքը


ՍԴ նիստ, արխիվ

ՍԴ նիստ, արխիվ

Մոտ երկու ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումը, ըստ որի լրագրողը իր տեղեկատվության աղբյուրը կարող է բացահայտել միայն ծանր հանցագործությունների և անձի պաշտպանության դեպքում։

«Իրավունքի գերակայությամբ առաջնորդվող ժողովրդավարական պետությունում իրավական որոշակիության և իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքներից ելնելով՝ տեղեկատվության աղբյուրի բացահայտման օրինական շահը գերակա կարող է ճանաչվել այն չբացահայտելու շահից այն դեպքերում, երբ աղբյուրի բացահայտումն անհրաժեշտ է անձի կյանքի պաշտպանության, ծանր, առանձնապես ծանր հանցագործությունը կանխելու կամ առանձնապես ծանր հանցանքի մեջ մեղադրվող անձի դատական պաշտպանությունն ապահովելու համար»,- որոշեց ՍԴ-ն։

Բարձր դատարանը նաև որոշեց՝ վիճարկվող օրենսդրական դրույթները չեն հակասում Սահմանադրությանը, սակայն ավելի վաղ սխալ են կիրառվել։ Մինչ այդ տեղեկատվության աղբյուրները բացահայտելու վերաբերյալ «Հրապարակ»-ի և «Իլուր»-ի նկատմամբ կայացված վճիռները ենթակա են վերանայման։ Նիստից հետո դիմող, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ասաց, թե իրենց ամբողջությամբ բավարարել է վճիռը։

«Այլևս «ԶԼՄ-ների մասին» օրենքի 5-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան ՍԴ-ն իր որոշման եզրափակիչ մասում ձևակերպել է։ Այսինքն՝ տեղեկատվության աղբյուրը կարելի է բացահայտել բացառապես երեք դեպքում, որոնցից երկուսը վերաբերում են հանցագործությունների կանխմանը, մեկը վերաբերում է ծանր հանցագործության մեջ մեղադրվող մարդուն արդարացնելուն։ Իսկ մեր վստահորդների՝ լրատվամիջոցների պարագայում դրանցից ոչ մեկն առկա չի եղել»,- ասաց Զեյնալյանը։

Փաստաբաններ Արա Ղազարյանն ու Արտակ Զեյնալյանը Սահմանադրական դատարան էին դիմել, երբ ամիսներ առաջ առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները «Իլուր» կայքին և «Հրապարակ» օրաթերթին պարտադրել էին բացահայտել տեղեկատվության աղբյուրը և նշել` որտեղից է նրանց հայտնի, թե Շիրակի այժմ արդեն նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանը բռնություն է գործադրել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ու նրա եղբոր նկատմամբ։

«Բավական է թեկուզ մեկ անգամ որևէ մեկը բացահայտի իր աղբյուրը՝ և մնացած աղբյուրները կցամաքեն, հասարակությունը փաստորեն չի ստանա էդ արժեքավոր ինֆորմացիան»,- ասաց Ղազարյանը։

«Այն ընթացակարգը, որը վերաբերում էր նամակագրության գաղտնիության բացահայտմանը, օգտագործվեց տեղեկատվության աղբյուրի բացահայտման համար, ինչը ի սկզբանե նախատեսված չի եղել Քրեական դատավարության օրենսգրքով։ Իրավական բաց կա, այս բացը ինքնին հակասահմանադրական վիճակ է, և անհրաժեշտ է այն հաղթահարել»,- հավելեց Զեյնալյանը։

Իրավապաշտպանները եռամսյա ժամկետում դիմելու են Վճռաբեկ դատարան՝ պահանջելով գործի վերաբացում։ Նրանց կարծիքով, Ազգային ժողովը ևս պետք է քայլեր ձեռնարկի օրենքում առկա սողանցքները վերացնելու և տարընթերցումները կանխելու համար։

«Ազգային ժողովը, կարծում եմ, պետք է կարճ ժամանակում փորձի լրացնել այն իրավական բացը, որն առկա է։ Այս վարույթների կարգավորումներն, ըստ էության, չկան»,- շեշտեց Զեյնալյանը։

XS
SM
MD
LG