Մատչելիության հղումներ

1.9 մլն եվրո՝ Երևանի քաղաքային լուսավորության արդիականացմանը


Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գիշերը, արխիվ

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գիշերը, արխիվ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Հայաստանի ֆինանսների նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը կնքել են համաձայնագիր, ըստ որի 1․9 միլիոն եվրո համաֆինանսավորման դրամաշնորհ է տրամադրվում՝ աջակցելու Երևանի քաղաքային լուսավորության արդիականացմանը:

Դրամաշնորհը տրամադրվում է ՎԶԵԲ-ի կողմից կառավարվող E5P՝ Արևելյան Եվրոպայի էներգետիկ արդյունավետության և Շրջակա միջավայրի պահպանման գործընկերության հիմնադրամի կողմից, որը Եվրամիությունից և մի շարք դոնոր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, գումարներ է հայթայթում:

Այս տարվա մայիսին ՎԶԵԲ-ը տրամադրել էր 3․7 միլիոն եվրո վարկ՝ արդիականացնելու Երևանի քաղաքային լուսավորության համակարգը՝ ներմուծելով նոր էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ: Դրամաշնորհն այժմ կօգնի ավելի արդյունավետ և էկոլոգիապես անվնաս դարձնել լուսավորության համակարգը, ասված է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի հաղորդագրությունում:

Երևանի ներկայիս քաղաքային լուսավորության ցանցը բաղկացած է հին, անարդյունավետ և շրջակա միջավայրը աղտոտող սնդիկային լամպերից: Ներկայիս լուսավորության համակարգում ծանր մետաղների պարունակությունը նպաստում է էներգիայի կորստին և զգալի բնապահպանական վտանգ է իրենից ներկայացնում: Ներկայիս համակարգի հնացած վիճակի և չաշխատող լամպերի բարձր տոկոսի պատճառով քաղաքի մեծ հատվածներ բավականաչափ լուսավորված չեն:

Ծրագիրը կօգնի ներմուծել նոր էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լուսավորություն, հսկողության և մոնիտորինգի համակարգ, կատարել սյուների փոխարինում և վերանորոգում, սնուցող մալուխների փոխարինում: Դա կհանգեցնի սպասարկման ավելի բարձր որակի և բարելավված բնապահպանական ստանդարտների՝ էներգիայի կրճատված սպառման, ինչպես նաև շահագործման ու պահպանման ծախսերը նվազագույնի հասցնելու շնորհիվ: Ակնկալվում է, որ նոր լուսադիոդային լուսավորությունը 64 տոկոսով կկրճատի էներգիայի սպառման ծախսերը:

ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը նշել է, որ սա Հայաստանում E5P-ի առաջին ծրագիրն է, և շարունակել․ - «Հույս ունենք, որ կրկին կիրականացնենք այն՝ կոշտ թափոնների կառավարման կամ էներգետիկ արդյունավետության հետագա ծրագրերում E5P-ի դրամաշնորհների օգնությամբ»:

Այս տարվա մարտին ՎԶԵԲ-ի ու Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության միջև ստորագրվել է E5P-ին Հայաստանի մասնակցության վերաբերյալ համաձայնագիր, ըստ որի Հայաստանի կառավարությունը տրամադրել է E5P-ին 1 միլիոն եվրո, ինչը հնարավորություն կտա երկրին օգտվել 20 միլիոն եվրո դրամաշնորհային միջոցներից՝ կատարելու առաջնահերթ ներդրումներ մունիցիպալ հատվածի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի պահպանման ոլորտներում, նշված է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG