Մատչելիության հղումներ

Վրաստանի բանտերում բռնությունների կադրերը՝ ուկրաինական կայքում


Վրաստան - Դատապարտյալների բողոքի ակցիան Քսանիի բանտում, նոյեմբեր, 2012թ.

Վրաստան - Դատապարտյալների բողոքի ակցիան Քսանիի բանտում, նոյեմբեր, 2012թ.

Վրաստանի իշխանությունները կասկածներ ունեն, որ նախկին իշխանություններն են այդ կադրերը վաճառել Ուկրաինայի քաղաքացիներին։

Վրաստանի բանտերում կալանավորների նկատմամբ դաժան վերաբերմունքի և սեռական բնույթի զարհուրելի բռնարարքների մասին տեսագրությունները` կրկին սկանդալի կենտրոնում։ Աղմկահարույց տեսանյութը անսպասելիորեն հայտնվել է ուկրաինական Tube.ua կայքում։

Կալանավորների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին վկայող այդ կադրերը, հիշեցնենք, առաջին անգամ համացանցում հայտնվեցին 2012 թվականին և Վրաստանում առաջացրեցին աննախադեպ հանրային ընդվզում, որը հանգեցրեց խորհրդարանական ընտրություններում նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առաջնորդած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պարտությանը։

Տեսանյութերի գործով մինչ օրս շարունակվող հետաքննությունը ենթադրում էր, որ այդ ձայնագրությունները պահվում են հատուկ վայրում՝ փակի տակ, ինչպես վստահեցրել էին Վրաստանի իրավապահները։ Այժմ Վրաստանում փորձում են հասկանալ, թե ինչպես է իրավապահների տրամադրության տակ գտնվող այդ տեսանյութը կրկին հայտնվել հանրության ուշադրության կենտրոնում և ինչ նպատակով։

«Գոյություն ունի մի քանի վարկած. դրանց թվում է նաև այն, որ նախկին իշխանությունները կարող էին իրենք այդ կադրերը վաճառել Ուկրաինայի քաղաքացիներին։ Ես չեմ ուզում մանրամասներ հայտնել։ Հետաքննությունն ամեն բան կպարզի», - հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Թեև «Վրացական երազանք»-ի ղեկավարությունը հավաստիացնում է, թե որևէ առնչություն չունի տեղի ունեցածին, փորձագետները, սակայն, խորը կասկածներ ունեն։ Հատկապես որ կոմպրոմատը երևան հանվեց անմիջապես, երբ ամերիկյան NDI-ը՝ Ազգային ժողովրդավարական ինստիտուտը հրապարակեց վրացական քաղաքական ուժերի վարկանիշային ցուցակը:

NDI-ի կողմից անցկացված հարցումները վկայում են, որ Վրաստանում ներկայումս նախկին իշխանությունների վարկանիշն ավելի բարձր է, քան իշխող դաշինքինը: Հարցումները ցույց են տվել, որ եթե խորհրդարանական ընտրությունները հիմա անցկացվեին, ապա Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունը կհաղթեր՝ վերադառնալով իշխանության, իսկ իշխող «Վրացական երազանք» դաշինքը կգրավեր երկրորդ տեղը՝ դառնալով ընդդիմություն։

Սկանդալային տեսանյութերի կապակցությամբ նախօրեին Վրաստանի դատախազությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ տեսանյութի ապօրինի հրապարակման և բռնությունների կադրեր տարածելու փաստով հարուցվել է քրեական գործ։

XS
SM
MD
LG