Մատչելիության հղումներ

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում իշխող Հանրապետական կուսակցության շտաբը կղեկավարի վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Երեկ երեկոյան հանրապետականները գործադիր մարմնի արտահերթ նիստ անցկացրեցին, որից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց՝ նախագահ Սարգսյանն է վարչապետին հանձնարարել շտաբեր ձևավորել և ղեկավարել դրանք։

«Հանրապետության վարչապետը արդեն մոտ օրերս կձևավորի իր գործընկերների՝ մեզ հետ միասին, այդ շտաբերը», - նշեց Շարմազանովը, - «Հանրապետական կուսակցությունը հանրաքվեի շտաբի պետի պաշտոնում տեսնում է վարչապետ Հովիկ Աբրահամյանին»:

Հանրապետականի կենտրոնական շտաբը կտեղակայվի կուսակցության կենտրոնական գրասենյակում՝ Մելիք-Ադամյան փողոցում։ Վարչապետ Աբրահամյանը շտաբի պետի պաշտոնը վարչապետի պաշտոնի հետ համատեղելու է, ըստ Շարմազանովի՝ մեկը մյուսին չի խանգարի. - «Չի խանգարում վարչապետ լինելու հանգամանքին, որովհետև կա «Հանրաքվեի մասին» օրենքը և այն հնարավորություն է տալիս օրենքով սահմանված կարգով և՛ իրականացնել գործադիր մարմնի ղեկավարի գործառույթները, և՛ նաև իրականացնել հանրաքվեի շտաբի պետի գործառույթները: Կարճ ասած՝ հանրապետության վարչապետը արձակուրդ չի մեկնելու»:

Հանրապետականները համագործակցելու առաջարկով կխորհրդակցեն նաև «այո» ասող մյուս ուժերի հետ։ Կողմ արտահայտվող ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի ներկայացուցիչները, մինչդեռ, արդեն հայտարարում են, որ քարոզարշավը ցանկանում են առանձին անել։

«Այո»-ի քարոզարշավի ընթացքում իշխող ուժի ներկայացուցիչները մարզային հանդիպումներ և հանրահավաքներ կանցկացնեն։ «Ազատության» հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը մասնակցելու է քարոզարշավին, կուսակցության խոսնակը պատասխանեց. - «Նախագահը կիրականացնի հանրապետության նախագահի իր լիազորությունները»։

Շարմազանովի խոսքով, Հանրապետականի համար կարևոր է, որ հանրաքվեի ժամանակ մարդկանց մեծամասնությունը «այո» ասի, բայց կարևորում են նաև հանրաքվեի՝ միջազգային չափանիշներին համապատասխան և լեգիտիմ անցկացումը։

XS
SM
MD
LG