Մատչելիության հղումներ

ՍԴ-ն չի մեկնաբանում Լևոն Զուրաբյանի «երևակայությունները»


ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյան

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյան

Սահմանադրական դատարանը հայտարարում է, թե Գագիկ Հարությունյանի հրաժարականի թեման արհեստականորեն է բորբոքվում ոչ միայն քարոզչական, այլև «որոշակի իրավական գործընթացների շրջանակում»: Ըստ ամենայնի, Գագիկ Հարությունյանի գլխավորած կառույցն ակնարկում է դատախազության որոշումը՝ ստուգել Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մասին Լևոն Զուրաբյանի հայտարարության ճշմարտացիությունը:

Ընդդիմադիր պատգամավորի պնդումը որակելով «մարազմատիկ անհեթեթություն»՝ Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունն «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան միաժամանակ ընդգծում է՝ չի մեկնաբանում Լևոն Զուրաբյանի «երևակայությունները»:

Ինչ վերաբերում է արդեն «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անունից Զուրաբյանի հայտարարությանը, թե սահմանադրական փոփոխությունների համահեղինակ Գագիկ Հարությունյանը չի կարող անաչառ քննել հանրաքվեի արդյունքները վիճարկող դիմումը՝ հայտնվելով շահերի բախման իրավիճակում, ապա դատարանի մամուլի ծառայությունից հիշեցնում են, թե Հարությունյանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ է եղել ոչ միայն այս անգամ, այլև` 1999-2001 թվականներին:

Լևոն Զուրաբյանը տարակուսած էր այսպիսի արձագանքից.- «Ավելի անհեթեթ արձագանք դժվար էր պատկերացնել։ Փաստորեն մարդը ասում է՝ քանի որ ժամանակին ես մի մեղք գործել եմ, էս անգամ որ էդ մեղքը գործում եմ, դա արդեն մեղք համարել չի կարելի»։

Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Կոնգրեսի հարցադրումները որակելով «անհիմն ու արհեստածին»՝ Գագիկ Հարությունյանի գլխավորած կառույցը հակադարձում է նաև, թե տարրական իրավական գիտելիքներ ունեցողը պետք է տարբերակեր Սահմանադրական դատարանի գործառույթները: «Ազատությանն» ուղարկած գրությունում Սահմանադրական դատարանը նաև խոստանում է պատշաճ պատասխան տալ Գագիկ Հարությունյանի հասցեին հնչեցվող բոլոր հարցերին՝ սպառնալով բացել որոշ փակագծեր, որպեսզի «առանձին անձինք իրենց ավելի լավ ճանաչեն»։

«Բառապաշարը անգամ նշանակում է, որ մենք ունենք ևս մեկ ապացույց, որ Սահմանադրական դատարանը զբաղված է քաղաքական գործունեությամբ, քարոզչությամբ, ինչ-որ քաղաքական պրոցեսների մասնակիցների հետ հաշիվներ մաքրելու խնդրով, այլ ոչ թե կատարում է իր բարձունքին պատշաճ առաքելությունը, այսինքն` լինել լրիվ չեզոք»,- նշեց Զուրաբյանը։

Մինչ այդ, իրավապահները շարունակում են Զուրաբյանի աղմկահարույց հայտարարության շուրջ «ստուգողական» աշխատանքները: Ոստիկանության երկրորդ հրավերը՝ ներկայացնել փաստեր Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մասին, Զուրաբյանն անպատասխան էր թողել: Հետագա գործողություններն այժմ կախված են դատախազությունից, որտեղից էլ փոխանցեցին, թե քննարկումները շարունակվում են, և առայժմ որոշում չկա:

Պատասխանելով ոստիկանության առաջին նամակին՝ ընդդիմադիր պատգամավորը գրել էր, թե ցանկություն չունի մասնակցելու ներկայացմանը՝ կցելով տարբեր տարիներին Հայ ազգային կոնգրեսի կողմից իրավապահներին ներկայացված ու անհետևանք մնացած հաղորդումների ցանկը մեկ տասնյակ հանցագործությունների մասին, այդ թվում՝ 2008-ի մարտի 1-ի փաստահավաք խմբի զեկույցը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի աճն ու եկամուտների անհամապատասխանությունը և այլն:

«Դատախազությունը չգիտես ինչու այդ հարցերում պահպանեց օլիմպիական հանգստություն։ Հարց է ծագում՝ դուք ինձանից իրավունք ունե՞ք բացատրություն պահանջելու։ Երբ մեր բոլոր բարձրացրած հարցերին կոնկրետ փաստերով կտաք պատասխան, կանդրադառնաք, այդ ժամանակ կխոսենք»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

XS
SM
MD
LG