Մատչելիության հղումներ

Ակտիվիստը ընթացք չի տա ՀՅԴ-ականների կողմից բռնության ենթարկվելու մասին պնդումներին


Վարդան Հարությունյան

Վարդան Հարությունյան

Սահմանադրական փոփոխություններին դեմ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության ակտիվիստ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վարդան Հարությունյանը չի պատրաստվում ընթացք տալ իր պնդումներին, թե ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանին տված անհարմար հարցից հետո բռնության է ենթարկվել նույն կուսակցության անդամների կողմից։

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցել էին՝ Արաբկիրի բաժնում Հարությունյանի հայտարարությունների հիման վրա հետաքննություն է իրականացվում, ակտիվիստին հրավիրել են, չի ներկայացել։ Դատախազությունից Ոստիկանությանն էին փոխանցվել լրատվամիջոցների հրապարակած Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումները, թե սպառնալիք է ստացել ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության նախկին ատենապետ Գերասիմից, ապա՝ հարձակման ենթարկվել դաշնակցականների 5 հոգանոց խմբի կողմից։

Ակտիվիստը տեղեկացրել էր՝ թեթև քաշքշոց է եղել, նրանք իրեն են հարվածել, ստացել համարժեք պատասխան: Այդ գրառման վերջում հրավիրել էր Ոստիկանության ուշադրությունը՝ նշելով.- «Այլապես ամբողջ պատասխանատվությունը ընկնում է ձեր վրա»։

Այսօր Հարությունյանն ասում էր՝ սահմանադրական փոփոխությունների ակտիվ քարոզչության փուլում ժամանակի կորուստ է համարում միջադեպին ընթացք տալը։

«Բողոք չեմ ներկայացնելու ու չեմ պատրաստվում գործին ընթացք տալ։ Իմ որոշման պատճառը այն է, որ նպատակահարմար չեմ համարում բողոք ներկայացել, որովհետև չկա այս պահին կոնֆլիկտ։ Կարծում, որ մեր այդ օրվա կոնֆլիկիտի ավարտից հետո ամեն հարց ստացել է իր պատասխանը։ Չեմ կարծում, որ կոնֆլիկտը կարող է կրկնվել։ Չեն անհանգստացրել դրանից հետո բացարձակ ու ոչ մի այլ բան չեմ նկատել»,- ասաց ակտիվիստը։

Դաշնակցական Գերասիմ Վարդանյանն «Ազատության» հետ զրույցում չմեկնաբանեց Վարդան Հարությունյանի մեղադրանքները՝ հղում անելով պատգամավոր Արծվիկ Մինասյանի ավելի վաղ արած հայտարարությանը, թե «ՀԱԿ ակտիվիստի խոսքերին անլուրջ է վերաբերվում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG