Մատչելիության հղումներ

Բարեկամավանցի փոքրիկները «կռիվ-կռիվ» խաղը չեն սիրում


Բարեկամավանցի 9-ամյա Մարտինի պապը, խոտհունձի գնալիս, դաշտում՝ հակառակորդի կրակոցից է մահացել։ Ասում է՝ բակի տղերքով երբեք կռիվ-կռիվ չեն խաղում։ Այդ խաղը չեն սիրում։ Համարյա ամեն օր իրական զենքերից են կրակոցներ լսում։

«Մենակ էն բաներից եմ վախում, էն սուր մի բան կա՝ եկել էր մեր տան կիսումը տվել», - պատմում է Մարտինը։

Բարեկամավանը հայ-ադրբեջանական սահմանին ամենամոտ գտնվող ու ամենահաճախ գնդակոծվող գյուղերից է։ Փշալարերից այն կողմ հարսանիք թե կնունք` ձայնն այստեղ է հասնում։ Ժամանակին բարեկամավանցիները ոտքով էին գնում ադրբեջանցի բարեկամների տուն։ Գնալ-գալ, տալ-առնել ունեին։ Մոտակա Ղայմախլու, Քամառլու, Ստամբեգլու գյուղերում շինարար Մելիքին բոլորը գիտեին։

«Մնեինք ընդի, իրանց տանը մնեինք։ Աշխատեինք, իրանց գործը վերջացնեինք, հետո, երբ գործը վերջացնեինք՝ գեինք։ Իրար ծոցում քնեինք, բա։ Հարսանիքներին լրիվ կանչեին», - պատմում է տարեց շինարարը։

Մելիքը 30 տարի աշխատել է ադրբեջանցիների հետ, բաժակ բաժակի տվել, կենացներ ասել, ցավակցել, քարը քարին դրել, որ նրանց կիսակառույցը տուն դառնա։

Սահմանին հայտնված փշալարերից այն կողմ վաղուց արդեն զրուցակից չունի, բայց չի մոռացել նրանց լեզուն։ Հիշում է. տարիներ առաջ Վրաստանում պատահական հանդիպել է նախկին ծանոթ ադրբեջանցիների։ Ողջագուրվել են ու արտասվել։

Բարեկամավանցի շինարար Մելիքը վերհիշում է անցյալը
Բարեկամավանցի շինարար Մելիքը վերհիշում է անցյալը

«Մոստում պատահեցինք։ Մի հատ մեծ մարդ էր՝ հմիկվա իմ տարիքին։ Եկավ՝ ճիտ արավ, պաչեց, ասավ՝ էս ո՞վ սհենց արավ։ Բա մենք ո՞նց տենք անիլ։ Էլ իրար տենուլ չտինք։ Ասին՝ գեղը ոնց թող ես արել, նենց էլ կենումա՝ շինարարություն չկա, ըշխատում չեն՝ ասին։ Քու թող արած գեղնա», - վերհիշում է նա։

Այսօր, սակայն, Մելիքի սրտի խորքում վիրավորանք կա։ Իր կառուցած գյուղերից մահաբեր գնդակներ են գալիս, անգամ իր տունն են կրակի տակ առել։ Գյուղը պատերազմական դիրքերի վերածված լեռների ստորոտին է։

«Վախով ապրում ենք։ Էնա վենձերն են մնացել։ Էս գյուղում ոնց որ կյանքը կանգնած ըլի», - ասում են բարեկամավանցիները։

Բարեկամավանի դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը հրադադարից հետո՝ 96 թվականին, վերադարձել է հայրենի գյուղ՝ հույսով, թե Բարեկամավանը նորից կանգնելու է։ Բայց հայրենակիցներին գյուղում պահելու ջանքերն առայժմ ապարդյուն են։ Աչքի առաջ դպրոցն օր-օրի դատարկվում է։

«Ոնց որ իմ գալը, վերադառնալը իզուր եղավ։ Եթե պետքա գայի՝ սա տեսնեի, լավ էր չգայի, չտեսնեի։ Միգուցե հոգու խորքում ինձ կմեղադրեի, բայց գոնե չէի տեսնի էս ամենը», - պատմում է նա։

Ցույց է տալիս գյուղի երբեմնի 8-ամյա դպրոցի շենքը, ուր այսօր փոստն է գործում, ու վերհիշում է իր մանկության տարիները։ Նստարաններին երկուսի փոխարեն երեքով են նստել։ Այսօր արդեն երկհարկանի դպրոց ունեն` աշակերտ չկա: Կոմպլեկտավորված 5 դասարաններում ընդամենը 23 երեխա է սովորում. աշակերտների թիվը 15 անգամ նվազել է։ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում գյուղից 10 աշակերտ է հեռացել` ընտանիքի հետ։

Բարեկամավանի դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյան
Բարեկամավանի դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյան

«Անասնագողությունն էլ մի ժամանակ շատ եղավ։ Մի մասն էլ դրանից շատ հիասթափվեց։ Քանի ընտանիքի ապրուստը տարան ադրբեջանցիները։ Հետո գիշերով գալիս էին, մտնում գյուղ, էդ կնոջն էլ, որ մորթեցին, ստիպեցին, որ շատերը ընտանիքներով տեղափոխվեն։ Հիմա մենք Ռուսաստանում էնքա՜ն շատ ապրողներ ունենք, շատ-շատ։ Սկի չեմ էլ կարող հաշվել», - պատմում է տնօրենը։

Յուրա Չիտչյանը դպրոցի միակ պատմության ուսուցիչն է։ Դասերը վերջացրել՝ ոչխարներին էր արածեցնում։ Ափսոսում է. իր պատմությունները լսող շատ քիչ մարդ է մնացել գյուղում։ Մնացածներին վստահ ասում է. - «Հայ ժողովուրդը ազգային-ազատագրական պայքարը մինչև վերջ պետք ա շարունակի»։

Պատերազմի սարսափի տակ ծերացող գյուղում մեկը մյուսի հետևից ավելանում են սոցիալական խնդիրները։ Գյուղը խմելու ու ոռոգման ջուր չունի։ Գազաֆիկացման խողովակներն անցկացված են, սակայն, գազի փականները չեն բացում. հակառակորդի նշանառության տակ են։

Բարեկամավանին ամենամոտ հայկական գյուղը Կոթին է։ Մոտակա քաղաքը՝ Նոյեմբերյանը։ 35 կմ ճանապարհն անցնելու համար մարզային տրանսպորտ չունեն։

Գյուղում երկու խանութ կա. նախկին ու գործող գյուղապետերն են բացել։ Բայց օրվա մեծ մասը դռները փակ են. ոչ գնորդ ունեն, ոչ էլ, առանձնապես, վաճառելու բան։ Գյուղացիներն առիթից առիթ քաղաք գնացողներից են խնդրում անհրաժեշտ ապրանքը։

Այս բոլոր խնդիրներին դիմացողները քիչ են, փակ դարպասները՝ շատ։ Վերջերս տեղի ունեցած գնդակոծությունից հետո ևս մի քանի ընտանիք է հեռացել։ Տարեց Լաուրա և Սմբատ Եսայանների տունն ամենաշատն էր տուժել։ Մի քանի օր առաջ մեկնել են որդիների մոտ՝ Ռուսաստան։ Էլ հետ չեն գա՝ համոզված ասում են հարևանները։

Այս տարի ընդամենը մեկ երեխա է ծնվել՝ գյուղապետի ընտանիքում։ Սա բացառիկ բան է, ասում է Բարեկամավանի բուժքույր Նազիկը, ով գյուղում մնացած փոքրաթիվ երիտասարդներից է։

Բարեկամավանցի բուժքույր Նազիկը ափսոսանքով արձանագրում է, որ գյուղում այս տարի ընդամենը մեկ երեխա է ծնվել
Բարեկամավանցի բուժքույր Նազիկը ափսոսանքով արձանագրում է, որ գյուղում այս տարի ընդամենը մեկ երեխա է ծնվել

«Չկան, գյուղում ծնվող երեխեք չկան», - ասում է բուժքույրը՝ չկարողանալով մտաբերել, թե վերջին անգամ երբ են գյուղում հարսանիք արել։

Բարեկամավանցիները համոզված են. պատերազմը չլիներ՝ համագյուղացիները չէին հեռանա, աղքատությանն էլ կդիմանային, ճանապարհի բացակայությանն էլ։

«Ստի մի հատ տուն չէր մնա պարապ, եթե էդ տրաքոց-կրակոցը չէր էլել։ Տենում ե՞ս, այ էն տունը պարապ ա։ Տենում ե՞ս՝ էն տունը պարապ ա։ Իսկ եթե կռիվ չէր էլել, ստի մի հատ տուն պարապ չէր մնա», - ասում էին նրանք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG