Մատչելիության հղումներ

Հալեպում զոհվել են հայազգի մայր ու որդի


Հալեպի թաղամասերից մեկը հրթիռակոծությունից հետո, արխիվ

Հալեպի թաղամասերից մեկը հրթիռակոծությունից հետո, արխիվ

Հալեպում շաբաթ օրը տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով հայազգի մայր ու որդի են զոհվել՝ 59-ամյա Վերա Կիրակոսյան-Կենդիմյանը և 30-ամյա Հարութ Կենդիմյանը: Մեկ այլ հայ երիտասարդ վիրավորվել է։

Հալեպաբնակ Մայդա Բակկալյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում փոխանցեց, որ մեկ տարի առաջ հանկարծամահ էր եղել նաև Կենդիմյան ընտանիքի հայրը:

Կենդիմյանների միջնեկ որդին՝ Շանթը ապրում է արտերկրում: Իսկ ընտանիքի կրտսեր զավակը՝ Մարինան, ճակատագրական այդ օրը, հրթիռակոծությունից ընդամենը մեկ ժամ առաջ էր այցելել հայրական տուն:

Մեկ շաբաթվա ընդմիջումից հետո Հալեպում այս օրերին վերականգնվել է ջրամատակարարումն ու էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Մայդա Բակկալյանը, սակայն, պատմում է, որ դրանից օրական միայն մի քանի ժամ են կարողանում օգտվել, քանի որ «ջուրը սկսել են շրջան-շրջան տալ», իսկ «լույսերը՝ օրը մեկ ժամ»:

Սիրիահայ կինը պատմում է, որ հեռուստատեսությամբ հուսադրող նորություններ են հնչում, թե մեկ ամսից պատերազմն ավարտվելու է։ Հայտնում են նաև ռուսական զորքի առաջխաղացման մասին, շատ գյուղերում կրկին վեր են բարձրացվել Սիրիայի դրոշները:

Սիրուն Քուչուկյանը երկու տարի առաջ է Հայաստան տեղափոխվել։ Օրերս լսել է հարևանների մահվան լուրը, մինչդեռ սպասում էր, թե երբ է տիկին Վերան Երևան ժամանելու որդուն ամուսնացնելու համար:

Քուչուկյանը Հայաստանում դժվարությամբ է հարմարվել, ասում է, որ չնայած պատերազմական վիճակին, առաջին իսկ հնարավորության դեպքում ծննդավայր է վերադառնալու։

Իսկ հալեպահայ Նազարեթ Գույումջյանը տունդարձի տոմսն արդեն գնել է․ հենց այսօր ընտանիքը վերադառնում է Հալեպ, այնտեղից էլ հնարավոր է մեկ այլ երկիր տեղափոխվի։ Նազարեթը ոսկերիչ է, ակնկալած օգնությունն այստեղ չի ստացել, ու թեև ռուսական կողմի միջամտության հետ մեծ հույսեր չի կապում, սակայն Հայաստանում ևս մնալ չի ցանկանում։

Թեև Նազարեթը կարծում է, որ ի պատասխան ռուսաստանյան օդուժի գործողությունների, «Իսլամական պետության» զինյալները հրետակոծելու են առաջին հերթին քրիստոնեաբնակ վայրերը, այդուհանդերձ, լիահույս է, որ դրական փոփոխությունների կլինեն, ու իրենք կվերադառնան իրենց տներն ու իրենց աշխատանքին:

XS
SM
MD
LG