Մատչելիության հղումներ

Մերկելը և Դավութօղլուն Ստամբուլում քննարկել են փախստականների հարցը


Թուրքիա - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ստամբուլում ասուլիսի ժամանակ, 18-ը հոկտեմբերի, 2015թ․
Թուրքիա - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ստամբուլում ասուլիսի ժամանակ, 18-ը հոկտեմբերի, 2015թ․

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այսօր Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են փախստականների հետ կապված խնդիրներ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության Թուրքիայի թղթակիցը:

Եվրամիությունը թուրքական իշխանությունների հետ սիրիացի փախստականներին օգնելու արտահերթ պլան է մշակում, որով նախատեսվում է շուրջ 3 միլիարդ եվրոյի հատկացում՝ Թուրքիայի տարածքում ապաստանած փախստականների կարիքները հոգալու համար: Կիրակի օրը այս մասին Ստամբուլում հայտարարել է Մերկելը: Դիմելով Թուրքիայի իշխանություններին՝ նա խնդրել է կանխել երկրի տարածքում գտնվող սիրիացի փախստականների հոսքը դեպի Եվրոպա:

Ի պատասխան՝ Դավութօղլուն հայտարարել է, թե թուրքական իշխանությունները պատրաստ են համագործակցել, սակայն պահանջում են լրացուցիչ բանակցություններ՝ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության և երկրի քաղաքացիների՝ Շենգենյան գոտի մուտքի թույլտվության պայմանների դյուրացման շուրջ:

«Հյուրիեթ» պարբերականի հաղորդմամբ՝ Անգելա Մերկելի այցի նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Եվրամիությանը մեղադրել է «փոքրօգության» և սիրիացի փախստականների խնդիրները լուծել չցանկանալու մեջ:

Պաշտոնական Անկարան հայտարարում է, որ փախստականների կարիքները հոգալու նպատակով պետական պահուստներից ավելի քան 7 միլիարդ դոլար է ծախսել: Երկրի հարավարևելյան նահանգներում ստեղծվել են ավելի քան 23 ճամբարներ, որտեղ ապաստանել է շուրջ 2․5 միլիոն սիրիացի փախստական: Թուրքիա ժամանող սիրիացի փախստականների թիվը գնալով աճում է, փորձագետների կանխատեսումների համաձայն՝ այն կարող է հասնել 4 միլիոնի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG