Մատչելիության հղումներ

NDI-ի հարցումներ․ Սաակաշվիլիի կուսակցությունը վարկանիշով առաջ է անցել «Վրացական դաշինք»-ից


Վերջին մեկ տարում Վրաստանում նկատելիորեն նվազել է նաև եվրոպական ինտեգրման կողմնակիցների թիվը:

Ամերիկյան NDI-ի՝ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի կողմից անցկացված հարցումները վկայում են, որ Վրաստանում հիմա նախկին իշխանությունների վարկանիշը ավելի բարձր է, քան իշխող դաշինքինը:

Հարցումները ցույց են տալիս, որ եթե խորհրդարանական ընտրությունները հիմա անցկացվեին, ապա Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կհաղթեր՝ վերադառնալով իշխանության, իսկ իշխող «Վրացական երազանք» դաշինքը կգրավեր երկրորդ տեղը՝ դառնալով ընդդիմություն:

«Եթե վաղը խորհրդարանական ընտրություններ անցկացվեին, ո՞ր կուսակցությանը ձայն կտայիք» հարցին 13 տոկոսը պատասխանել է՝ Միացյալ ազգային շարժմանը, իսկ 11 տոկոսը՝ «Վրացական երազանք»-ին:

Հիշեցնենք, որ հերթական խորհրդարանական ընտրությունները Վրաստանում անցկացվելու են եկող տարի:

Հարցումների արդյունքների հրապարակմանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իսկույն արձագանքել է՝ Ֆեյսբուքում գրելով, թե 2012-ի ընտրություններից հետո իր կուսակցությունը առաջին անգամ գլխավորում է ընտրական վարկանիշային ցանկը՝ «չնայած ռուսաստանցի օլիգարխ Իվանիշվիլիի կողմից հետապնդումներին, ձերբակալություններին կամ գլխավոր առաջնորդներին երկրից վտարելուն»:

NDI-ի ծրագրերի տարածաշրջանային տնօրեն Լորա Ջևեթը հարցազրույց է տվել «Ամերիկայի Ձայն»-ին՝ արձագանքելով հարցումների արդյունքներից դժգոհ իշխող քաղաքական ուժի որոշ ներկայացուցիչների քննադատություններին: Նա ասել է, թե կազմակերպության հասցեին կտրուկ հայտարարությունների պատճառը Վրաստանի քաղաքական դաշտի բևեռեցված վիճակն է:

«Ես այդ քննադատությունները ընկալում եմ որպես բևեռացված քաղաքական դաշտի արդյունք: Մարդիկ կան, որ հրապարակայնորեն քննադատել են ուսումնասիրությունը, որովհետև արդյունքները իրենց ձեռնտու չեն, իսկ հետո անձամբ խնդրել են ավելի շատ տվյալներ տրամադրել իրենց: Մենք հասկանում ենք, որ ոմանց կարծիքով՝ քննադատությունը քաղաքական գործընթացի մաս է, բայց մենք նաև գիտենք, որ այս ինֆորմացիան շատերի համար արժեքավոր է», - նշել է Ջևեթը:

Նրա խոսքով՝ որոշ մարդիկ իրենց համար տհաճ տեղեկատվություն ստանալու դեպքում գերադասում են հարձակվել տեղեկատվությունը տրամադրողի վրա, և NDI-ի հասցեին կտրուկ քննադատությունը դրա օրինակներից է:

Օգոստոս-սեպտեմբերին Վրաստանի տարբեր մարզերում, քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված հարցումների արդյունքները ներկայացվել են կիրակի օրը՝ հոկտեմբերի 18-ին:

Արտաքին քաղաքական ուղեգծի առումով, հարցվածների 61 տոկոսը կողմ է Եվրամիությանն ինտեգրմանը և դրական է համարում կառավարության հայտարարությունը, որ իրենց նպատակը ԵՄ-ին անդամակցելն է, դեմ է 21 տոկոսը:

Նշենք, սակայն, որ վերջին մեկ տարվա ընթացքում Վրաստանում եվրոպական ինտեգրման կողմնակիցների թիվը նկատելիորեն՝ 17 տոկոսով նվազել է:

Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու կողմնակիցների թիվը երկրում մնացել է նույնը՝ 31 տոկոս, բայց 5 տոկոսով ավելացել են այդ հարցում բացասական դիրքորոշում ունեցողները՝ հիմա 46 տոկոսն է դեմ ԵՏՄ-ին Վրաստանի անդամակցությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG