Մատչելիության հղումներ

Չնայած թունավորման բազմաթիվ փաստերին, երեխաներին շարունակում են արգելված սնունդ վաճառել


Փորձագետի դիտարկմամբ, գլխավոր պատճառներից մեկը պատասխանատվության գրեթե իսպառ բացակայությունն է:

Վերջին շրջանում Հայաստանի դպրոցներում տասնյակ երեխաների սննդային թունավորման դեպքերից շատ ժամանակ չի անցել, սակայն, դպրոցների բուֆետներում գրեթե ոչինչ չի փոխվել: Երևանի թիվ 71 և 114 դպրոցներ մեր այցելության պահին նախկինի պես վաճառվում էին գազավորված ըմպելիքներ, չիպսեր, տարբեր միջուկներով բուլկիներ, ինչպես նաև տոմատի մածուկով, մայոնեզով, նրբերշիկով պատրաստված պիցցաներ:

Թիվ 71 դպրոցի բուֆետում մեր հարցին՝ կարելի՞ է արդյոք նման սնունդ վաճառել, պատասխանեցին՝ վաղուց են վաճառում, թունավորումներ էլ իրենց մոտ չեն գրանցվել:

«Հիմնականում բուլկեղեն է, խաչապուրի, առանձնապես նենց բան չենք ստանում, որ երեխաները թունավորվեն, ու միշտ թարմ ա»:

Բուֆետի աշխատակցուհին նշեց, որ վերահսկողությունն իրականացնում է դպրոցի բուժքույրը, ով սակայն, ստուգում է միայն բուֆետի մաքրությունը: Իսկ սննդի որակի հարցը մնում է արտադրողի խղճին: Նույն պատկերն էր նաև հարևան՝ թիվ 114 դպրոցում: Տնօրեն Ռուզաննա Կոստանյանը հավաստիացրեց, թե ամեն օր անձամբ է ծանոթանում սանիտարահիգիենիկ վիճակին: Սակայն, որակը ստուգելու մեխանիզմ, ըստ էության, չունեն:

«Կրեմային, ձեթային սնունդ բուֆետները չեն ստանում, եթե կա սպառում, ուրեմն նորմալ է»,- ասաց Կոստանյանը:

Մինչդեռ, առողջապահության նախարարի հրամանով, ավելի քան մեկ տարի է, ինչ գազավորված ըմպելիքների, միջուկով կարկանդակների, չիպսերի ու հատկապես՝ պիցցաների վաճառքը դպրոցներում արգելված է: Հրամանը կա, բայց վերահսկողություն չկա, ասում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ կասկածելի համարելով այն չափանիշները, որոնցով ընտրվում են երեխաներին սնունդ մատակարարող ընկերությունները:

«Հիմա ես մասնագիտացած ընկերությանն ասում եմ՝ եթե քեզ մոտ արձանագրվեց խախտում, դու էլ տենդերի չես կարող մասնակցես: Էս մատակարարի մոտ խախտում գտնել կլինի՞, չի լինի: Այսինքն, իրականում մարդիկ երբ որ լինում են սիրողական, լինում են ոչ կոմպետենտ, ոչ պրոֆեսիոնալ, մշակում են նմանատիպ ռազմավարություններ և նմանատիպ քաղաքականություններ, վերջում էլ կանգնում են փաստի առաջ, ասում են՝ դե գիտեք, ռեսուրս չունենք, հնարավորություն չունենք»,- ասում է Բաբկեն Պիպոյանը:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչ Վահե Դանիելյանն ընդունում է, որ ոլորտում կան խնդիրներ: Բայց և ընդգծում է՝ իրենք միայն տարին մեկ անգամ ստուգում իրականացնելու իրավունք ունեն: Դրանից բացի, կարող են միայն իրավիճակը դիտարկել, սակայն, դրա համար էլ ռեսուրսներն են սահմանափակ:

Մեր հարցին՝ ո՞րն է պատճառը, որ թունավորումներից ընդամենը մեկ ամիս անց բուֆետներում կրկին արգելված մթերք է վաճառվում, և ո՞վ պետք է դա կանխի՝ պաշտոնյան արձագանքեց:

«Տվյալ ուսումնական հաստատությունը, որտեղ իրացվում է սննդամթերքը, իրենք էլ պետք է լինեն աչալուրջ և պահանջատեր: Երկրորդը՝ ՏԻՄ մարմինները ունեն վերահսկողական բոլոր լծակները և իրենք են տվյալ ուսումնական հաստատությունում սննդի կազմակերպման համապատասխան թույլտվություն տալիս, մենք նման լիազորություններով օժտված չենք»:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահը օրինակ է բերում՝ Ռուսաստանում երեխաների զանգվածային թունավորման դեպքից հետո 35 պետպաշտոնյա ազատվեց աշխատանքից, Հայաստանում, մինչդեռ, առայժմ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:

«Աշխարհում չկա մի երկիր, որտեղ մեկ տարվա մեջ լինի հինգ զանգվածային թունավորման դեպք՝ պայմանավորված սննդային գործոնով, և որևէ պետական պաշտոնյա դրա համար պատասխանատվություն չկրի»,- ասում է Պիպոյանը:

XS
SM
MD
LG