Մատչելիության հղումներ

ԵՄ պատվիրակության ղեկավար․ «Գործարարների կյանքը դյուրին դարձրեք»


ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար Պյոտր Սվիտալսկին իր հավատարմագրերի պատճենն է հանձնում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, արխիվ

ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար Պյոտր Սվիտալսկին իր հավատարմագրերի պատճենն է հանձնում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, արխիվ

Դեսպան Սվիտալսկին Հայաստանի իշխանություններին հորդորում է օրենքի իշխանություն և արդարացի դատական համակարգ ձևավորել, նշելով, որ այդ դեպքում «Եվրամիությունը պատրաստ է օգնել»:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նախօրեին Եվրոպական գործարար ասոցիացիայի հիմնադրման առթիվ կազմակերպված միջացառմանը Հայաստանի իշխանություններին կոչ արեց բարելավել երկրի գործարար միջավայրը:

Պատասխանելով լրագրողների հարցերին, նա մասանավորապես, նշեց․ «Մենք պետք է միասին աշխատենք՝ Հայաստանում գործարար-միջավայրը բարելավելու համար: Այն, ինչ պետք է արվի, հետևյալն է՝ գործարարների համար կյանքը պարզապես դյուրին դարձրեք: Պարզ բաներ՝ տնտեսության զարգացման համար տեսլական տվեք, ապահովեք թափանցիկություն և կանխատեսելի կանոններ, օրենքի իշխանություն՝վստահելի, արդյունավետ և արդարացի դատական համակարգի հետ մեկտեղ ու պայքարեք կոռուպցիայի դեմ: Հայաստանն ունի բավարար ներուժ նորարության համար, փայլուն մարդիկ՝ գործարարության համար լավ գաղափարներով: Արտաքին ներդրումներ նույնպես կլինեն: Սրանք պարզ բաներ են, որ պետք է արվեն, ու Եվրամիությունը պատրստ է օգնել»:

Սպասվում է, որ առաջիկա շաբաթներին պաշտոնապես կմեկնարկեն նոր շրջանակային համաձայնագրի շուրջ Եվրամիություն-Հայաստան բանակցությունները: Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհուրդն այս շաբաթվա սկզբին լիազորեց Եվրահանձնաժողովին՝ Հայաստանի հետ սկսել այդ բանակցությունները:

Եվրոպական միությունը շարունակում է հանդիսանալ Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա առաջին ութ ամիսներին փոխադարձ առևտուրը կազմել է 786.8 միլիոն դոլար, ինչը կազմում է Հայաստանի ողջ արտաքին առևտրի 25.9 տոկոսը:

Հայաստանում Եվրոպական գործարար ասոցիացիան հիմնադրվել է առևտրաարդյունաբերական և գործարարության չորս՝ հայ-ֆրանսիական, հայ-բրիտանական, հայ-գերմանական և հայ-իտալական պալատների միավորման արդյունքում: Հայ-բրիտանական գործարարության պալատի համահիմնադիր Արմինե Իսրայելյանի խոսքով, անհրաժեշտ էր միավորել ուժերը:

«Կարիք կար ավելի սերտ հարաբերություններ սկսել եվրոպական երկրների և ասոցիացիաների հետ, խթանել ներդրումները, ստեղծել նոր որակ՝ տնտեսական հարաբերություններում»,- ասաց Իսրայելյանը:

Հայ-ֆրասնիական առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Էլոդի Բիոլեյի պարզաբանմամբ, Եվրոպական գործարար ասոցիացիան հիմնադրեցին, որպեսզի Հայաստանի կառավարության հետ խոսելու ժամանակ ավելի մեծ կշիռ ունենան:

«Հայաստանում գործող եվրոպական ընկերությունները դիմում են մեզ՝ իրենց խնդիրների, դժվարությունների կապակցությամբ: Խնդիրներ առաջանում են, օրինակ, հարկերի վճարման կամ ապրանքների մաքսազերծման ժամանակ: Լինում են դեպքեր, երբ այդ ընկերությունները դժվարանում են լուծել այդ խնդիրները, դիմում են մեզ, որպեսզի մենք խոսենք Հայաստանի իշխանությունների հետ, մենք էլ աջակցություն ենք ցուցաբերում»,-ասաց Էլոդի Բիոլեյը:

XS
SM
MD
LG