Մատչելիության հղումներ

logo-print

Ֆրանսիայի դեսպանը «շատ դրական» է գնահատում ԵՄ-ի կողմից բանակցությունների մանդատի հաստատումը


Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, Ժան-Ֆրանսուա Շարպանտիե, արխիվ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, Ժան-Ֆրանսուա Շարպանտիե, արխիվ

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի համոզմամբ, նոր համաձայնագրում շեշտադրում պետք է արվի առևտրատնտեսական հարաբերությունների վրա:

Ֆրանսիան ցանկանում է, որ Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը հավակնոտ լինի ու հնարավորինս շատ ասպարեզներ ընդգրկի:

Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանում ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Դեսպանը «շատ դրական» է գնահատում շաբաթվա սկզբին Եվրամիության կողմից Հայաստանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մանդատի հաստատումը: Ըստ նրա, բանակցային որոշ կետեր հնարավոր կլինի շատ արագ քննարկել, քանի որ մի շարք հարցեր նախորդ՝ այդպես էլ չստորագրված փաստաթղթով արդեն համաձայնեցվել էին:

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն վստահ է, որ նոր համաձայնագրում շեշտադրում պետք է արվի առևտրատնտեսական հարաբերությունների վրա: «Հատկապես այնպիսի դրույթների վրա, որոնց շուրջ բանակցային գործընթացը, հուսով եմ, հնարավորինս արագ կընթանա և հնարավորություն կստեղծվի այլ ասպարեզներ ու ոլորտներ ևս ներգրավելու»,- ասաց դեսպանը:

Նա չի կարծում, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը խնդիր է Եվրոպայի հետ հարաբերությունները զարգացնելու ճանապարհին: «Ոչ մի անհամատեղելիություն չենք տեսնում, քանի որ մենք գիտակցել ենք, ծանոթ ենք եղել Հայաստանի կայացրած որոշմանը, ամենևին չեմ կարծում, որ մեկը մյուսին պետք է խանգարի»,- «Ազատության» հետ զրույցում դիտարկում արեց Հայաստանում ֆրանսիայի դեպսան ժան-ֆրանսուա Շարպանտիեն:

Եվրամիության և Հայաստանի միջև նոր համաձայնագրի բանակցությունների մանդատի մասին օրերս խոսել է նաև Գերմանիայի դեսպան Մատիաս Քիսլերը: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նա մանդատի տրամադրումը կարևոր ազդակ է համարել առ այն, որ Հայաստանը քայլում է դեպի Եվրոպա: Ըստ Գերմանիայի դեսպանի, դրանով նոր էջ է բացվում Երևան - Բրյուսել հարաբերություններում:

XS
SM
MD
LG